Ավետիսյանների սպանության գործով վկա սահմանապահների հարցաքննությամբ նոր էական հանգամանքներ են պարզվում
17:25, February 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԻնչպես արդեն նշել ենք, այսօր ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Ավետիսյանների սպանության գործով հերթական դատական նիստը, եւ հարցաքննվեց գործով վկա, սահմանապահ Ստյոպա Սումբուլյանը, ով եւս մասնակցել է ամբաստանյալ Պերմյակովի ձերբակալությանը: Տուժողի իրավահաջորդ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հարցերին պատասխանելով՝ վկա Սումբուլյանը նշեց, որ Պերմյակովին հայտնաբերել են հուզված ու շփոթված վիճակում, այդ ժամանակ հայտարարել է, որ ինքը ոչ ոքի չի սպանել: Վկայի հարցաքննությամբ պարզվեց, որ դեպքի օրը ժամը 24:00-ից են սկսել հսկողություն իրականացնել ուղեկալի աշտարակում, որից 10 րոպե անց Սումբուլյանն ու ուղեկալի հրամանատարը հայտնաբերել են Պերմյակովին:
Սա, ըստ Արթուր Սաքունցի, բավականին տարօրինակ է: «Շատ տարօրինակ է, որ այդ աշտարակում մինչ իրենց հերթապահությունը որեւէ հերթապահություն չի եղել, այսինքն մինչեւ ժամը 24:00-ն հերթապահություն չի կազմակերպվել, ուստի հասկանալի չէ, թե ինչու այդ օրն ու այդ պահին որոշեցին կազմակերպել, մանավանդ եթե հրահանգ է եղել անցնել արտակարգ ռեժիմի, այսինքն շատ տարօրինակ հանգամանքներ արձանագրվեցին»,- ասաց Արթուր Սաքունցը:
Վերջնական կարծիք կազմելու համար, ըստ Սաքունցի, կարեւոր է լսել նաեւ մյուս սահմանապահներին: Սակայն այս փուլում արդեն իսկ կարելի է արձանագրել, որ գործով էական հանգամանքներ են պարզվում: «Այն հագուստով, որով ձերբակալման պահին Պերմյակովն է եղել, ինչպես նշեց վկան, մեկ ժամ անգամ չէր կարող դիմանալ այդ պոմպակայանի շենքում, այսինքն որտե՞ղ է գտնվել Պերմյակովը, այսինքն մենք նրա գտնվելու տեղը՝ կատարած հանցագործությունից հետո որտեղ է գտնվել այդքան ժամանակ, այսինքն նա այդ հագուստով պետք է ինչ-որ տեղ պատսպարված լիներ, որպեսզի դիմանար: Կարեւոր հանգամանքներ են պարզվում, որոնք կօգնեն վերջնական եզրակացություն կազմելու համար»,- եզրափակեց Ա. Սաքունցը: