Վ. Պերմյակովից փորձանմուշներ չեն վերցրել, որովհետեւ լվացված է եղել. չկան նաեւ հագուստները, որոնցով նա հեռացել է Ավետիսյանների տնից
17:19, March 18, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Ավետիսյանների ընտանիքՊերմյակովը եղե՞լ է Ավետիսյանների բնակարանում, թե՞ ոչ, ճշգրիտ տեղեկություններ կարող են ստացվել միայն այն դեպքում, երբ փորձանմուշներ վերցվեին Վ. Պերմյակովից, սակայն պարզվում է, որ հայկական կողմը չի կարողացել այդ փորձանմուշները վերցնել:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ՝ Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Ավետիսյանի հոր ներկայացուցիչ իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Սաքունցին այդ մասին տեղեկություններ փոխանցել է գործով քննիչը:
Հիշեցնենք, որ փաստաբան Թամարա Յայլոյանը, ով հունվարի 12-ի գիշերը Վ. Պերմյակովին բռնելուց հետո կարճ ժամանակով ստանձնել էր նրա պաշտպանությունը, իր հարցազրույցում վկայում էր, որ իր ներկայությամբ հենց հունվարի 12-ի գիշերը Վ. Պերմյակովից վերցվել են փորձանմուշներ՝ ականջախեցիներից, մատներից՝ պարզելու համար, թե կա՞ն վառոդի հետքեր, նա եղե՞լ է Ավետիսյանների բնակարանում, թե՞ ոչ: Սաքունցը, համադրելով փաստաբանի այս խոսքերը եւ քննիչի ասածները, ասում է՝ կարող է միայն ենթադրել, որ Պերմյակովին իրականում ավելի վաղ են հայտնաբերել:
«Քննիչն ասում է՝ իրենք հնարավորություն չեն ունեցել Պերմյակովից փորձաքննություն իրականացնելու, քանի որ վերջինս գտնվել է ռուսական կողմի ձեռքում, եւ մինչեւ իրենք կվերցնեին այդ փորձանմուշները, նրան ասել են՝ լվացվիր:
Տեսնես էլ որտե՞ղ է, որ բռնում են կասկածյալին եւ նրան անմիջապես փոխանակ ներկայացնեն քննության մարմնին, ասում են՝ լվացվի, հետքերդ վերացրու:
Քննիչն ասում է՝ չեն կարողացել միանգամից վերցնել նմուշներ, որովհետեւ լվացված է եղել: Իսկ երբ փաստաբանն ասում է, որ գիշերն են վերցրել նմուշներ, այս դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք Պերմյակովին բռնել են մեկին – մեկ անց կես, ինչպես ներկայացրին»:
Ըստ Սաքունցի՝ կատարվել է ծանր հանցագործություն, այն է՝ հանցագործության բացահայտմանը խոչընդոտելը, եւ հետեւաբար՝ առաջ է գալիս քրեական պատասխանատվության խնդիր:
«Պերմյակովի որոնողական աշխատանքներին լծվել էր նաեւ ռուսական կողմը: Կարող են որոշ իրավաբաններ հայտարարել, թե մեկ անգամ որ սխալ թույլ են տվել, այդպես էլ պետք է գնա: Ես դա համարում եմ շատ անողնաշար մոտեցում: Սխալը թույլ է տրվել. ռուսական իրավապահ մարմիններին թույլատրվել է մասնակցել որոնողական աշխատանքներին, դրա հետեւանքով կատարվել է մի նոր հանցագործություն՝ հանցագործության քողարկում կամ վերացում:
Իրավական գնահատական պետք է տրվի հենց այդ հանգամանքին: Մենք պահանջելու ենք ՀՀ իրավապահ մարմիններից՝ տվյալ դեպքում ՀՀ քննչական կոմիտեից եւ դատախազությունից, որ շատ ավելի ակտիվ իրավական գործողություններ սկսեն ռուսական բազայի ղեկավարության եւ նաեւ իրավապահների նկատմամբ, քանի որ խոչընդոտվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը, բացահայտումը: Հետքը թաքցվել է»:
Տվյալ դեպքում, ըստ Սաքունցի, պետք է գտնել ու քրեական պատասխանատվության ենթարկել այն անձին, ով ասել է Պերմյակովին՝ «տղա ջան, գնա լվացվիր»:
«Հետքերը թաքցնելը քրեորեն դատապարտելի արարք է: Եվ այն մարդը, որը Պերմյակովին ասել է՝ լվացվի, ինքը հանցագործություն է կատարել, եւ այդ հարցը պետք է բարձրացվի»:
Սաքունցը մի բացահայտում էլ արեց. այն հագուստը, որով, ըստ տեղեկությունների, Պերմյակովը հեռացել է Ավետիսյանների բնակարանից, չկա, այսինքն ՀՀ իրավապահների ձեռքում չէ, ՀՀ իրավապահներն էլ չեն տեսել, եւ ռուսական կողմը չի տրամադրում:
Ինչպես հայտնի է, Ավետիսյանների հարազատներն էլ պահանջում են, որ իրենց ցույց տան այն հագուստն ու կոշիկները, որոնցով Վ. Պերմյակովը հեռացել է Ավետիսյաններին սպանելուց հետո: Քանի որ, ըստ պաշտոնական տեղեկությունների, նա սպանությունից հետո հանել է զինվորական հանդերձանքը, թողել է դեպքի վայրում եւ Ավետիսյանների տնից գտել է հագուստ ու կոշիկ, հագել է ու հեռացել:
«Մինչեւ հիմա հագուստը, որով ասում են, որ հեռացել է Պերմյակովը, ռուս իրավապահների մոտ է, եւ դա անգամ չի տրվում: Ռուսական կողմի տիրույթում է»:
Այնուամենայնիվ, ըստ Սաքունցի, բավարար փաստեր կան հայկական կողմի ձեռքին, որ լուրջ պահանջներ ներկայացնի ՌԴ կողմին եւ հասնի սպանության բացահայտմանը:
«Պերմյակովի՝ մեր ձեռքին չգտնվելու պարագայում նույնիսկ հայկական կողմը բավականին լուրջ փաստերի տիրապետում է: Եթե դրանցով կատարվի օբյեկտիվ քննություն, հնարավոր է հիմնավոր հարցադրումներ անել ռուսական կողմին:
Ռուսական կողմն ի սկզբանե իր վրա է վերցրել Ավետիսյանների սպանության գործով քննության պատասխանատվությունը՝ հիմնական կասկածյալին իր հսկողության տակ վերցնելով եւ հանցագործության հետ կապված որոշակի փաստական հանգամանքները վերցնելով կամ թաքցնելով: Հիմնավոր հարցեր պետք է ուղղել ռուսական կողմին եւ ակնկալել պատասխաններ: Դրա հիման վրա կձեւավորենք կարծիք՝ ռուսական կողմն ունի՞ ցանկություն հանցագործությունը բացահայտելու, թե՞ ոչ»,- ասում է Սաքունցը:
Աղբյուրը՝ galatv.am