ՊՆ-ն պետք է պարզաբանի բոլոր 92 զոհերի մահվան հանգամանքները
10:42, April 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Հակամարտություններից տուժածների իրավունքներ | Զինված ուժերՎերջին օրերին նկատվում է միտում, որ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններով փորձում են սրբագրել զինծառայողների ներկայացրած պատմություները: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Իհարկե, ակնհայտ է, որ ռազմական գործողությունները նախաձեռնվել են Ադրբեջանի կողմից: Բայց շատ կարևոր է այն հանգամանքը, որ բոլոր այն վկայություները, որոնք տրվեցին զինծառայողների կողմից ու հրապարակվեցին ԶԼՄ-ներում, կարծես թե Պաշտպանության նախարարությունն իր հայտարարություններով փորձում է սրբագրել: Խոսքը վերաբերում է ընդհուպ պատշաճ տեղեկատվության տիրապետմանը այն տեղաշարժի վերաբերյալ, որն ադրբեջանական զինուժն ուներ, և դրան նախապատրաստվելուն»,- ասաց Սաքունցը:
Մյուս խնդիրը, նրա խոսքով, վերաբերում է սպառազինության որակին, և այն արտահայտությունը, որը թույլ տվեց Սերժ Սարգսյանը Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ հանդիպման ժամանակ, թե կռվում ենք 80-ականների զենքով, փորձում են վերստին սվաղել և ներկայացնել, թե իբր ժամանակակից սպառազինությամբ ապահովված են մեր զինվորները:
Հաջորդ խնդիրը, նրա խոսքով, սպառազինության քանակին է վերաբերում: Զինծառայողներն այս օրերին պատմում են, որ պատշաճ սպառազինությամբ ապահովված չեն եղել, ընդհուպ մինչև ստիպված են եղել բահերով կռվել: Հակառակորդ կողմը շատ էր կրակել, բայց քանի որ մեր զինվորների փամփուշտները քիչ են եղել, նրանք խնայել են:
«Սրանք մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների վկայություններն են, այս հանգամանքը կարող է վկայել անպատրաստվածության վիճակի մասին, որովհետև եթե դու տեղեկություն ունես, որ նախապատրաստվում է հարձակում, նշանակում է, որ պետք է պատշաճ սպառազինությամբ ապահովեիր դիրքերը: Այսինքն՝ այստեղ կա և սպառազինության ոչ պատշաճ քանակի հարցը, մյուս կողմից էլ այդ հետախուզական տվյալների ոչ պատշաճ պատրաստվածության մասին է խոսքը: Այստեղ ոչ պատշաճ ռազմական կառավարման մասին է խոսքը, որովհետև եթե մի կողմից ասում ես, որ ունեցել ենք տվյալներ, ապա այդ տվյալներն ստանալուց հետո պետք է համապատասխան պաշտպանական միջոցառումներ ձեռք առնվեին, ինչը մենք չենք տեսել», նշեց իրավապաշտպանը:
Ըստ նրա՝ Պաշտպանության նախարարությունը, հատկապես Գլխավոր շտաբը, պետք է հստակ վերլուծություն ներկայացնեն հանրությանը բոլոր 92 զոհերի մահվան հանգամանքների ու պատճառների վերաբերյալ: Խնդիրն, ըստ Սաքունցի, այն է, թե ինչպիսի հանգամանքներում են այդ զինվորները մահացել, որոհետև սրանք այն տվյալներն են, որոնց հիման վրա հանրությունը կարող է վերջնական եզրակացություն տալ , թե որոնք են եղել բացթողումները, որոնք արժեցել են մարդկային կյանքեր:
«Ոչ թե պետք է փորձել այդ տեղեկատվության բացակայության պարագայում սկսել պրոպագանդիստական ձևակերպումներ ու վերլուծություններ կատարել, այլ պետք է տալ հստակ տեղեկատվություն, դա ռազմական գաղտնի չէ, թե ինչ հանգամանքներում են մահացել զինծառայողները»,- նշեց նա:
Ըստ Սաքունցի՝ պատերազմական գործողությունների ժամանակ, եթե կար ակնհայտ այն միտումը, որ պետք էր տեղեկատվություն տրամադրել, այսօր պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չեն ուզում տրամադրել հանրությանը: Ավելին, այդ պատճառները փորձում են սքողել ու դրա փոխարեն մատուցել բոլորովին այլ պատկեր:
«Քաղաքական ու ռազմական ղեկավարությունների միջև ակնհայտ կա որոշակի անհամաձայնեցված վարքագիծ, և այդ երկու աղբյուրներից տրամադրվող տեղեկատվությունը մեկը մյուսից տարբերվում է: Ըստ էության, ՊՆ-ն փորձում է նաև քաղաքական ղեկավարության խնդիրները լուծել նման վերլուծություններով, որը, կարծում եմ, տեղին չէ, որովհետև 92 մարդու մահվան հանգամանքները շատ ավելի կարևոր են հանրության համար, համարժեք եզրակացություններ կազմելու համար՝ իրավիճակը փոխելու, քան փորձել քաղաքական խնդիրներ լուծել մարդկանց կյանքի հաշվին: Այսինքն՝ պատասխանատվությունը զիվորների առաջ պետք է լինի գերակա, միակը»,- ասաց նա:
Արթուր Սաքունցը նկատում է, որ պատերազմական գործողությունների օրերին ոչ հակառակորդի կրակոցի հետևանքով մահվան դեպքեր էլ գրանցվեցին բանակում, նաև վթարի հետևանքով եզան զինծառայողների մահացության դեպքեր: Այսինքն՝ նույնիսկ մարտական գործողություների թեժ պահին զինվորական կարգապահության հետ կապված մահվան դեպքեր ունեցանք, ինչը շատ մտահոգիչ փաստ է: Այսինքն՝ այդ համակարգին բնորոշ հիվանդությունները շարունակեցին դրսևորվել նաև այդ թեժ իրավիճակում, և այս ամբողջը պետք է պատասխաններ ունենա, սա պետք է վերլուծել:
«ՀՀ ռազմական անվտանգության հայեցակարգի անմիջական պատասխանատուն նաև քաղաքական ղեկավարությունն է, ես կարծում եմ, որ քաղաքական ղեկավարությունը պետք է այս իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում հայտներ: Պետք է անդրադառնան և ներքին խնդիրներին, որոնք իրենց բացթողման հետևաքնով են, և արտաքին քաղաքականության ոլորտում բացթողումներին: Ճիշտ ենք անում, որ քննադատում ենք Ռուսաստանին՝ սպառազինությունների մրցավազքը խթանելու համար, բայց պետք է քաջություն ունենալ ու խոստովանել, որ եթե ժամանակին ընդհանրապես սպառազինության մրցավազքի դեմ հանդես գային, ապա դա կարող էր բավական լուրջ արդյունքներ ունենալ, որպեսզի այս վերջին ռազմական արկածախնդրությունը մեղմվեր կամ կանխվեր: Իսկ պատերազմի դեպքում նոր որոշ խողովակներով սկսել անդրադառնալ հարցին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, արդյունավետ չէ, պետք էր վաղուց ասել, երբ ՌԴ-ն դա համարում էր բիզնես»,- ասաց նա:
Ըստ Սաքունցի՝ ռազմական ու քաղաքական ղեկավարությունն այսօր պատշաճ եզրահանգումների չեն եկել և չեն գտնվում այն մտածողության տիրույթում, որ պետք է գնահատականներն ու վերլուծություններն արվեն պատասխանատվության, ոչ թե պատասխանատվությունը սքողելու տեսակետից: