«Որտեղի՞ պատվերն եք կատարում. Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ Մոսկվայի ԿԳԲ-ի գործակա՞լ եք»
15:09, July 18, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Շանթ ՀարությունյանՇանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների գործով դատական նիստին Շանթ ու Շահեն Հարությունյանները, նաև Վարդան Վարդանյանը հրաժարվեցին պաշտպան Ինեսսա Պետրոսյանի ծառայություններից: Պատճառն այն է, որ փաստաբանը մեկնում է արձակուրդ: Շանթն ու Վարդանը հայտարարեցին, որ կարող են իրենք իրենց շահերը ներկայացնել առանց պաշտպանի, իսկ Շահենին ժամանակավորապես կպաշտպանի փաստաբան Արա Զաքարյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց, որ Շահենն այսուհետ չի նստելու մյուս ամբաստանյալների կողքին, քանի որ ուղեկցող խմբի ոստիկաններից մեկը դատարանին փոխանցեց, որ Շահենը Վարդան Վարդանյանին փորձել է հեռախոս տալ: Շահեն Հարությունյանն այսուհետ կնստի իր օրինական ներկայացուցիչ, իր մոր՝ Ռուզաննա Բադալյանի մոտ: Հիշեցնենք, որ Շահենն այս գործով միակ անչափահաս ամբաստանյալն է:
Այնուհետև ցուցմունք տվեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպից, ըստ քրեական գործի նյութերի տուժած 16 ոստիկաններից Գեղամ Խաչատրյանը: Նա պատմեց, որ տուժել է Շանթ և Շահեն Հարությունյանների, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ավետիս Ավետիսյանի գործողություններից, քանի որ նրանք հարվածել են իրեն։ Գեղամ Խաչատրյանը մինչ այդ չի ճանաչել ամբաստանյալներից և ոչ մեկին, իսկ իրեն հարվածողների մասին հիշում էր հագած շորերի գույներով ու ձևերով:
Հետո ոստիկան Գեղամ Խաչատրյանը նշեց, որ Շանթ Հարությունյանը երթի օրը հայտարարել է, որ գնում է Բաղրամյան փողոց:
– Կարո՞ղ է էլի մի մարդ վկայություն տալ, որ ես նման բան եմ ասել: Բացի ձեզնից էլ ո՞վ կարող է հաստատել: Ես Օսիպյանի հետ եմ քայլել: Եթե ասել եմ նման բան, կարող էր մենակ ինքը լսեր, որովհետև իմ ընկերները մետրերով հեռու էին ինձնից: Շառ եք անում: Ի՞նչ նպատակով եք հիմա ինձ զրպարտում, որտեղի՞ պատվեր եք կատարում, Ադրբեջանի, Թուրքիայի, թե Մոսկվայի ԿԳԲ-ի գործակա՞լ եք,- հարցրեց Շանթը:
– Մի՛ վիրավորեք մարդկանց, Ձեր նկատմամբ կիրառվում է սանկցիա՝ նախազգուշացում,- ասաց դատավոր Մնացականյանը:
– Ես ասում եմ այն, ինչ լսել եմ,- պատասխանեց ոստիկանը, ով չկարողացավ ասել, թե իրենից բացի ով է լսել այդ հայտարարությունը, որ Շանթն ասել է, թե գնում են Բաղրամյան:
– Նորից բերեք էն տելեվիզորը նայենք, տեսեք՝ նման բան ես որտե՞ղ եմ ասում,- շարունակեց Շանթ Հարությունյանը:
-Շանթ Հարությունյանը դուրս գալով փողոցի երթևեկելի մաս, խոչընդոտում էր երթևեկությանը: Նա չլսեց ինձ,-շարունակեց ոստիկան Խաչատրյանը:
– Իսկ մինչև Շանթի՝ երթևեկելի մաս դուրս գալը Դուք բարձրախոսով նախազգուշացրեցի՞ք երթի մասնակիցներին, որ չի կարելի դուրս գալ երթևեկելի մաս,-հարցրեց Ինեսսա Պետրոսյանը:
-Ես նպատակահարմար չեմ գտել, որ նրանց հորդորեն, որ դուրս չգան փողոց,-պատասխանեց ոստիկանը: Հետո նա հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը թույլ չի տվել, որ հայտարարի:
-Արա՛, ես թույլ չեմ տվե՞լ,- ասաց Շանթը, ինչից հետո դատավորը դարձյալ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում:
Հետո Շանթ Հարությունյանը ներողություն խնդրեց՝ շեշտելով, որ որպես քաղաքացու ու մարդու է ներողություն խնդրում, ոչ որպես դատավորի:
Դատարանը դեռ պետք է լսի ևս 14 ոստիկանի, ովքեր քրեական գործով ճանաչվել են տուժող:
Աղբյուրը՝ hetq.am
It’s a joy to find sonmeoe who can think like that