Քաղբանտարկյալների գործով հարցաքննվում են տուժողները
18:20, July 18, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ2014թ. հուլիսի 18-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Մ. Մարտիրոսյանի, շարունակվեց 2013 թվականի նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը:Այս դատական նիստի ընթացքում շարունակվեց գործով տուժող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 4-րդ գումարտակի գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացությունների Գ. Խաչատրյանը ֆիզիկական վնաս է կրել գործով ներգրավված մի քանի ամբաստանյալների կողմից հասցված հարվածների հետևանքով, իսկ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքով պարզվեց, որ վերջինս շուրջ 1,5 օր գտնվել է «Սուրբ Գրիգոր Լուսացորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Սույն դատական նիստի ընթացքում պաշտպան Արա Զաքարյանը հրապարակեց տուժողի նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանց և դատաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև գոյություն ունեին հակասություններ: Մասնավորապես, դատաքննության ընթացքում հետազոտված տեսագրություններում երևում է, որ Գ. Խաչատրյանը փողոցի երթևեկելի մաս դուրս եկած Շանթ Հարությունյանին մոտեցել է վազելով, այնուհետև, ձեռքից քաշելով, ցանկացել է ետ տանել: Մինչդեռ, նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել էր, որ մոտեցել է Շանթ Հարությունյանին, կանգնել նրա դիմացը, խնդրել, որ դուրս գա փողոցի երթևեկելի հատվածից:
Արա Զաքարյանի այն հարցին, թե ինչու տուժողը Արմեն Հովհաննիսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ չի նշել, որ վերջինս հարվածել է նրան, Գ. Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը կարծել է, թե առերես հարցաքննությունը կատարվելու է երկու փուլով:
Սույն դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև գործով մյուս տուժող Պետրոս Հայրապետյանը, ով Շանթ Հարությունյանին հարցին ի պատասխան հայտնեց, որ իրեն տուժող է ճանաչում, քանի որ քունքին հարված է ստացել: Ստացված հարված պատճառով Պ. Հայրապետյանը 6-7 օր բուժում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Միաժամանակ, տուժողը հայտնեց, որ իր գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանի հետ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվել են մինչև 2013թ. նոյեմբերի 6-ը: Վահե Մկրտչյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը խնդրեց տուժողին գործի նյութերում առկա լուսանկարներից ցույց տալ այն լուսանկարը, որտեղ Վահե Մկրչտյանը հարվածել է տուժողին: Տուժողը, սակայն, ցույց տվեց մեկ այլ լուսանկար, որտեղ ընդհանրապես հարվածի տեսարան առկա չէր: Տուժողի հարցաքննությունը երկար չտևեց, քանի որ ամբաստանյալները գտան, որ անհրաժեշտություն չկա շատ հարցադրումներ ուղղել: Պ. Հայրապետյանի հարցաքննությանը հաջորդեցին ամբաստանյալների հայտարարությունները:
Սույն գործով հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն գործով ներգրավված ևս չորս տուժող, իսկ հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014 թ. հուլիսի 23-ին, ժամը 12:00-ին: