Պերմյակովին սոցցանցում գրել են՝ «շնորհակալություն», «հիանալի է, Վալերի»
15:29, November 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ Ար. Պողոսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատարանին ներկայացրեց բողոքի հիմնավորումները: Նախ նշեց, որ Վալերի Պերմյակովը 8-10 անգամ ինքնակամ լքել է Ռուսաստանում տեղակայված ծառայության վայրը, եւ չնայած այդ հանգամանքին՝ ուղարկվել ծառայության՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանում. «Մինչ Պերմյակովին ՀՀ ուղարկելը քաջատեղյակ են եղել, որ նա անբարեխիղճ է կատարել իր ծառայողական պարտականությունները եւ ունի հոգեկան առողջության խնդիրներ: Ավետիսյանների սպանության պատճառը կայանում է նրանում, որ Պերմյակովն առհասարակ չէր կարող զորակոչվել ծառայության, զենք կրել… կարող ենք պնդել, որ ՌԴ-ն եւ ՀՀ-ն չեն կատարել կյանքի հանդեպ ակնհայտ վտանգը կանխարգելելու պարտականությունը»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ հայկական կողմը չի ապահովել ամբողջական քննություն, սպառիչ բացատրություններ չեն տրվել մի շարք հանգամանքների, իսկ որոշ հարցերի առիթով քննություն չի կատարվել: Մասնավորապես, Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ Պերմայկովի «Одноклассники» սոցցանցի էջի վերծանմամբ պարզվել է՝ Պերմյակովին մեկը գրել է՝ «ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես ուզում փախչել»:
«Չի պարզվել՝ այդ անձն ո՞վ է: Պերմյակովը նրան գրել է՝ «այդ էջից ստուգիր հաշվեկշիռը, զանգիր բանկ»: Այս նամակին ի պատասխան՝ օգտատերը գրել է, որ կստուգի», իսկ հետո գրել է՝ «26 рубли»,- հայտնեց իրավապաշտպանը: Սաքունցը տեղեկացրեց, որ Ավետիսյանների սպանությունից հետո Պերմյակովի՝ «вКонтакте» սոցցանցի էջին մի օգտատեր գրել է՝ «շնորհակալություն», իսկ մեկ այլ օգտատեր՝ «հիանալի է, Վալերի»: Մեկ ուրիշն էլ այսպիսի նամակ է ուղարկել. «Ապրես դու, եթե կարողանաս դուրս գալ, ես ուրախ կլինեմ»: Արթուր Սաքունցն ընդգծեց, որ քննությունը չի պարզել՝ ովքե՞ր են այդ գրողները եւ նրանց հնարավոր մասնակցությունը Ավետիսյանների սպանության գործին:
Այս եւ մի շարք այլ հիմնավորումներով Արթուր Սաքունցը դատարանին խնդրեց բեկանել Շիրակի մարզի դատարանի վերոնշյալ որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության: Դատական նիստն ընդմիջվել է: