Վրաստանն ընտրեց իր նախագահին
18:29, November 1, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունք2013 թ. հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները, որի ընթացքում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ կարճաժամկետ դիտորդություն իրականացրեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկու աշխատակիցներ՝ Վարդինե Գրիգորյանը և Սյուզաննա Սողոմոնյանը: Դիտորդական առաքելությունը համակարգվում էր վրացական Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցության (ISFED) կողմից, որի հետ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համագործակցում է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի շրջանակներում: Դիտորդական առաքելությանը սույն ծրագրի շրջանակներում մասնակցում էին նաև ադրբեջանական Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոն ՀԿ-ի երկու ներկայացուցիչ:
Քվեարկության օրը կարճաժամկետ դիտորդության իրականացման ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները այցելել են 9 տեղամաս, որտեղ արձանագրել են հիմնականում առանց խախտումների, բնականոն աշխատանք, երկու տեղամասում գրանցել են խախտումներ, որոնց մասին տեղեկացրել են հանձնաժողովի նախագահին և սխալներն անմիջապես ուղղվել են. մեկ դեպքում ընտրացուցակի համարները կիսատ էին գրած գրանցման սեղանների վրա, մյուս դեպքում հանձնաժողովի անդամներից մեկը թանաքով նշում չէր կատարում քվեարկողների ձեռքին, դա ևս կարգավորվել է: Բոլոր տեղամասերում դիտորդներն արձանագրել են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված քվեաթերթիկների թիվը պակաս է հիմնական ցուցակում առկա անձանց թվից: Հանձնաժողովների նախագահները հայտնել են, որ ցուցակների ճշտումից հետո առանձնացվել են մշտապես Վրաստանից դուրս գտնվող քաղաքացիները, որոնց հաշվարկով քվեաթերթիկ չի տրամադրվել տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Թեև այդ քաղաքացիների անունները հատուկ նշումով ընդգրկված են եղել հիմնական ցուցակներում, սակայն տեղամասերում փակցված է եղել նաև բացակա քաղաքացիների հիմնական ցուցակից առանձնացված ցուցակը:
Քվեարկության օրվա հենց սկզբից կազմակերպության ներկայացուցիչները տեղամասերում հանդիպել են եվրոպական և ամերիկյան տարբեր կառույցների դիտորդների, որոնց մի մասը դիտարկումներ է իրականացրել նաև նախընտրական քարոզչության ընթացքում: Ըստ նախատեսված օրակարգի դիտորդները կեսօրին այցելել են ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) զանգերի կենտրոն, որտեղ ծանոթացել են նրանց կողմից իրականացվող դիտորդական առաքելության ձևաչափին և մինչ այդ պահը գրանցված մտահոգություններին և խնդիրներին, որոնք հիմանականում վերաբերում էին որոշ տեղամասերում միևնույն կուսակցությունների ու թեկնածուների մի քանի ներկայացուցիչների առկայությանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներակյացուցիչը հայտնել է, որ տեղամասերից մեկում հանդիպել են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) դիտորդների և հարցրել, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ ընտրությունները հիմնականում դիտարկվում են եվրոպական կառույցների կողմից, իսկ Վրաստանում ներկա են ամերիկյան երկու ազդեցիկ կառույցների ներկայացուցիչներ: Ի պատասխան՝ առաքելության ղեկավարը նշել է, որ ամենապարզ պատասխանը կլիներ, որ այս առաքելության համար իրենց ֆինանսավորում տրամադրվել է, մինչդեռ ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում դիտորդություն իրականացնելու համար չի տրվել: Սակայն ֆինանսավորման առկայությունը պայմանավորված է նրանով, որ թեև իրենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հետևում են իրադարձություններին, սակայն եթե դիտորդական առաքելություն իրականացնելու թույլտվության համար դիմեին Ադրբեջանի իշխանություններին, ապա անպատճառ կմերժվեին, քանի որ օբյեկտիվ էին լինելու, իսկ Հայաստանում դիտորդություն չէին իրականացնի, որովհետև չեն սիրում խոսել, երբ իրենց ասելիքը տեղ չի հասնում: Առաքելության ղեկավարը նշեց, որ գնում են այն երկրներ, որոնք կամք ունեն ժողովրդավար դառնալու և որտեղ կառավարությունը պատրաստակամություն է հայտնում աշխատելու: Վրաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով, իսկ Հայաստանի Մաքսային միության միանալու որոշմամբ բոլորը ցնցված են և կարծում են, որ այնտեղ անելիք չունեն:
Քվեարկության օրվա ընթացքում դիտորդներն այցելել են նաև Վրաստանի երիտասարդ իրավաբանների ընկերակցություն (GYLA): Կազմակերպության նախագահը ծանոթացրել է իրենց գործունեությանը, դիտորդական առաքելության նպատակներին՝ նշելով, որ իրենք մյուս գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող արդյունքների զուգահեռ հաշվարկին չեն մասնակցում, քանի որ իրենց հետաքրքրում են միայն ընթացակարգային խախտումները, այլ ոչ թե արդյունքները և իրենք զբաղվում են միայն օրենսդրության խախտման դեպքերով: Կազմակերպության ղեկավարը նաև ներկայացրել է կազմակերպության կազմավորման պատմությունը և կարգը, որը բավականին հետաքրքրական է մշտապես երիտասարդ ու խոստումնալից իրավաբանների ներգրավմամբ (կազմակերպության կողմից դիտորդական առաքելություն իրականացնող 400 անձանց 90%-ից ավելին իրավաբաններ էին), որոնք հետագայում շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել հասարակական և քաղաքական կյանքում:
Դիտորդներն այցելել են նաև Թրանսփարենսի ինթերնեշնլի Վրաստանի գրասենյակ, որտեղ նրանց ներկայացրել են, դիտորդական առաքելության արդյունքները: Ի պատասխան նախընտրական քարոզչության ընթացքում դիտորդության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչի հարցին՝ կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ արձանագրվել են վարչական ռեսուրսների չարաշահման մի քանի դեպքեր տարբեր շրջաններում Վրացական երազանքի և Միացյալ ազգային շարժման համախոհների կողմից, սակայն կա համընդհանուր ընկալում և վստահություն, որ այս խախտումները համակարգային բնույթ չեն կրում և թելադրված չեն իշխող ուժերի կողմից, դրանք հիմնականում օրենքի չիմացության կամ անիրազեկության արդյունք են:
Ընդհանուր առմամբ հասարակության մեջ առկա է եղել վստահություն, որ ընտրության արդյունքներն արտացոլելու են քվեարկության արդյունքները և Վրաստանի քաղաքացիների կամքը: