«Աղվեսը, ով ասում է՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է, ավելի շատ բնորոշում է Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի գործելաոճը». Արթուր Սաքունց
22:44, February 19, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հետ զրույցում զուգահեռներ է անցկացրել Թումանյանի ստեղծագործությունների հերոսների ու այսօրվա իրականության միջև: Նրա խոսքով «Չարի վերջը», «Քաջ Նազարը», «Անխելք մարդը» և Թոմանյանի շատ այլ ստեղծագործությունների հերոսներն այսօր էլ ապրում են մեր կողքին:
Իրավապաշտպանի խոսքով՝ հատկապես «Չարի վերջը» յուրահատուկ ստեղծագործություն է, որովհետև արդիական է նաև այսօրվա Հայաստանի իշխանությունների դեպքում, երբ երկրի բարիքները տնօրինում են սահմանափակ թվով ընտանիքներ:
«Աղվեսը, ով ասում է՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է, ավելի շատ բնորոշում է Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի գործելաոճը: Հայաստանում ամեն ինչ նրան է պատկանում, և մնացածն ապրում են իր սեփական տարածքում: Իհարկե, «Չարի վերջ»-ում այնուամենայնիվ հայտնվում է ագռավն ու կկվին գլխի է գցում, որ ամենևին էլ այդպես չէ»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե ագռավի դերում ով է լինելու, միջազգային հանրությունը, թե՞ ներսի ինչ-որ ուժեր: Բայց այն, որ պետք են նման ուժեր, որոնք կկարողանան այդ ամբողջ կեղծիքի, ստախոսության ու զավթողական մոտեցման գործելաոճի դերն առնել, դա փաստ է:
«Բայց ես չէի ուզենա, որ ՀՀ քաղաքացիները հայտնվեին կկվի վիճակում, ով պարբերաբար զոհաբերում է իր ունեցվածքը, ձագերին՝ իր տգիտության ու անգիտության պատճառով: Եվ վերջում նաև, ցավոք սրտի, մատնում է իր բարերարին՝ ագռավին, ով նրան օգնել էր ճանաչելու ճշմարտությունը»,- հավելեց Սաքունցը:
Նրա խոսքով՝ Թումանյանը «Չարի վերջը» ստեղծագործությունում ավելի շատ նկարագրել է իր ժամանակի հայերին, պարզապես առանց անունները գրելու, հավանաբար խնայել է իր օրերի «հերոսներին»: Բայց մենք, ըստ նրա, տեսնում ենք, որ
«Չարի վերջը» վերջ չունի, այսինքն՝ մեր օրերում էլ է արդիական:
«Այսօր էլ արդիական է դա, բայց արդյոք անընդհատ կշարունակվի՞ այդ չարի անվերջությունը, վերջ կունենա՞ ի վերջո: Դա երևի թե կախված է մեզանից: Երբ հասարակությունը տեղի չի տա կեղծիքին, անօրինակությանը, ապօրինությանն ու զրկանքներին, հնարավոր է չարի վերջը գա»,- ասաց Արթուր Սաքունցը:
Թումանյանի «Անխելք մարդը» այսօր էլ մեր կողքին է: Արթուր Սաքունցի խոսքով՝ անխելքությունը միայն գիտելիքների պակասով պայմանավորված չէ:
«Անլխելքությունն ավելի շատ բնորոշ է նաև կամքի, սեփական արժանապատվության գիտակցման բացակայությամբ անձին: Մարդ կարող է ակադեմիկոս ու գիտնական լինել, բայց լինել անխելք, որովհետև չունի աժանապատվության տարրական զգացում»,- նշեց նա:
Հայաստանի այսօրվա իշխանություններն ընդհանրոթյուն ունեն նաև «Քաջ Նազարի» կերպարների հետ: Արթուր Սաքունցի խոսքով՝ Սերժ Սարգսյանի շրջապատի մարդիկ Քաջ Նազարին դարձրին իրենց տիրակալը:
«Այսինքն՝ հպատակները, ստրկատիրական մտածելակերպով մարդիկ, ենթակայի հոգեբանություն ունեցողները հանուն իրենց ֆիզիկական, թե նյութական գոյության նպաստեցին, որ նման կերպարը, ինչպիսին Քաջ Նազարն է, դառնա տիրակալ: Չնայած Քաջ Նազար արածն ինչ էր, ընդամենը ճանճ ոչնչաչացնելն էր: Եթե մեզ մոտ 20 տարի առաջ ասեին, որ Սերժ Սարգսյանը դառնալու է Հայաստանի նախագահ, ոչ ոք չէր հավատա: Բայց մենք հիմա արդեն տեսնում ենք, թե նրա շրջապատի մարդիկ ինչ հայտարարություններ են անում, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է և այլն: Այսօր հենց տիպիկ քաջնազարության երևույթի հետ գործ ունենք»,- ասում է իրավապաշտպանը։
Նկարի սկզբնաղբյուրն՝ այստեղ