Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների մասին. ապրիլի 19
18:00, April 19, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԵրևանի ժամանակով 18:00-ի դրությամբ
Ցուցարարները շարժվեցին դեպի Կառավարության շենք, որտեղ արդեն մեկնարկել էր ՀՀ Կառավարության նիստը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կուտակել Կառավարության շենքի դիմաց, չնայած դրան՝ ցուցարարները շենք մուտք գործելու փորձ չկատարեցին և շարունակեցին դեռևս առավոտյան նախաձեռնած «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր» ակցիան և այդ կոչերով դիմեցին Հանրապետության հրապարակով և հարակից փողոցներով անցնող վարորդներին:
Այս պահին խաղաղ ցույցը շարունակվում է:
Երևանի ժամանակով 16:00-ի դրությամբ
ՀՀ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 2018 թ. ապրիլի 16-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունների արդյունքում տուժած ևս 2 քաղաքացի շարունակում է բուժօգնություն ստանալ:
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժօգնություն է ստանում նաև այսօր՝ ապրիլի 19-ի առավոտյան, քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ որոշ բերման ենթարկվածներ ազատ են արձակվել, այդ թվում՝ անչափահասներ:
Ոստիկանության հասարակայանության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը Իրավաբան.net–ին հայտնել է, որ ժամը 15:00-ի դրությամբ բերման ենթարկված 122 անձ կա:
Երևանի ժամանակով 14:00-ի դրությամբ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտել է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնության դեպքը և ընդգծել, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների:
Ցուցարարները երկկողմանի շրջափակել էին Երևանի Իսակովի պողոտան՝ ի պատասխան երթի մի շարք մասնակիցների բերման ենթարկելու՝ Ոստիկանության գործողությունների:
ՀՀ Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ բերման ենթարկվածների թիվը 13:30-ի դրությամբ հասել է 100-ի:
Երթը շարունակվում է:
Երևանի ժամանակով 13:00-ի դրությամբ
Ցուցարարները շարունակում են երթով շրջել Երևանի փողոցներում՝ «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» կոչով:
Ցույցի մասնակիցները հայտնել են, որ առավոտյան Կառավարության շենքի մոտից ցուցարարներին բռնությամբ դուրս բերելու ժամանակ կարմիր բերետավորներից մեկը կոտրել է ցուցարար աղջկա քիթը:
Մեկ այլ հատվածում ոստիկանները հարվածել և գետնին են գցել մի կնոջ, որը փորձել է կանխել ցույցի մասնակից չհանդիսացող երիտասարդին բերման ենթարկելը:
ՀՀ Ոստիկանությունից news.am-ին տեղեկացրել են, որ բերման ենթարկվածների թիվը ժամը 12:20-ի դրությամբ հասել է 30-ի:
ՀՀ Ոստիկանությունը կրկին հայտարարությամբ է հանդես եկել, որում ցուցարարների գործողությունները ապօրինի է որակել, և նշել, որ ստեղծված իրավիճակում իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար ոստիկանության ծառայողները ստիպված են վարչական ներգործության միջոցներ կիրառել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքը կրկին կկայանա Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին:
Երևանի ժամանակով 11:30-ի դրությամբ
Կառավարության շենքի մոտ քաղաքացիական հագուստով 2 անձ ծեծել են armrus.info կայքի լրագրող Տիրայր Մուրադյանին: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում:
Լրագրողի փոխանցմամբ՝ իրեն ծեծողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել, որոնք նախ պահանջել են չնկարել իրենց: Տարածքում ծառայություն իրականացնող որևէ ոստիկան չի միջամտել և չի կանխել դա:
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դեպքի մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե:
Ցուցարարները որոշեցին իրազեկման ակցիա անցկացնել Երևանի առևտրի կենտրոններում, սակայն ոստիկանությունը խոչընդոտում էր նրանց մուտքը:
Երևանի ժամանակով 10:30-ի դրությամբ
Այսօր՝ 2018 թ. ապրիլի 19-ին նշանակված է ՀՀ Կառավարության 1-ին նիստը, որը կվարի Սերժ Սարգսյանը:
Տեղեկություն կա, որ Կառավարության նիստը տեղի է ունենալու Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:
Վաղ առավոտյան ցուցարարները որոշեցին շրջափակել Կառավարության շենքը և ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, «թույլ տալ, որ Կառավարության աշխատակիցները հնարավորություն ունենան աշխատանքի չգալու»:
Երբ ցուցարարները սկսեցին իրենց գործողությունները, ոստիկանությունը մեծ ուժեր կուտակեց տարածքում և փորձեց ցուցարարներին ուժով դուրս հանել տարածքից:
Որոշ ցուցարարներ բերման ենթակեցին: Ոստիկանությունից հայտնել են, որ բերման ենթարկվածների թիվը 20 է:
ՀՀ Ոստիկանությունը հայտարարել է, որ պետական կառավարման մարմինների շենքերը հանդիսանում են պահպանվող օբյեկտներ, որոնց անվտանգությունն ապահովող իրավապահ մարմինների աշխատակիցների պարտականությունն է պաշտպանել օբյեկտները՝ դրանց վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս ընդհուպ հատուկ միջոցներ, ինչպես նաև զենք կիրառելով: