Մենք ունենք խորհրդարանական կառավարման համակարգ, և դրան դեմ կառավարության նիստերի վարման ձև. Արթուր Սաքունց
21:34, February 2, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանի կառավարության նիստերը ապրիլից կանցկացվեն դռփնակ: Ըստ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածի, կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ, սակայն վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:
Արդյոք այս որոշումը հարիր է ժողովրդավարական երկրին, և ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունները՝ կառավարության նիստերը դռնփակ դարձնելով. այս և այլ հարցերի պատասխանները GlobNews.am-ը փորձեց ստանալ՝ զրուցելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) ղեկավար Արթուր Սաքունցի հետ։
«Կառավարության նիստերի փակ լինելը նպատակ ունի քողարկելու Հայաստանի կառավարման ոչ թափանցիկ, ոչ հաշվետու իրավիճակը, որտեղ անգամ անձնային հարաբերություններն են ոչ պատշաճ մակարդակում»:
Իրավապաշտպանի խոսքով, կառավարության այն նիստերը, որոնց ներկա էր Սերժ Սարգսյանը, պարզ ցույց տվեցին, թե ինչպես է վերջինս խոսում նախարարների և վարչապետի հետ: «Կարծում եմ, որ հենց այդ խնդրից խուսափելու լավագույն տարբերակը նիստերը բաց վարելն է, որպեսզի նախարարները պատասխանատվության զգացում ունենան, իրենց զուսպ պահեն: Այստեղ նաև հարց է առաջանում՝ կապված որոշումների ընդունման մեխանիզմի հետ: Բաց նիստերի ընթացքում պարզ երևում է՝ քննարկում լինում է, թե ոչ, կամ ինչպես է անցնում քվեարկությունը: Այսինքն՝ բաց նիստերի դեպքում մենք առաջին ձեռքից էինք ստանում ինֆորմացիան: Իսկ նիստերի փակ վարման ընթացքում լրագրողները այս ամենից զրկված կլինեն, և տեղեկատվությունը կստանան այնպես, ինչպես իրենց կներկայացնեն մամուլի խոսնակները»:
Ըստ իրավապաշտպանի, հենց կառավարությունը պետք է ամեն ինչ աներ, որ նիստերը շարունակեին լինել բաց, քանի որ այդ դեպքում ավելի հեշտ կլիներ ցույց տալ, որ ամեն ինչ թափանցիկ է արվում: «Նիստերի բաց վարումը ցույց կտար, որ իշխանությունները կամք ունեն հաշվետու և պատասխանատու լինելու: Այս դեպքում գոնե կերևար, որ որոշման ընդունումը հետապնդում է հանրության, այլ ոչ անձնական շահերը»:
Սաքունցի համոզմամբ, կառավարության այս քայլը ոչ ժողովրդավարական է:
«Խորհրդարանական կառավարման ձևին անցնելիս երկրի իշխանությունները խոսում էին այն փոփոխությունների մասին, որոնց դեմ հենց այսօր գործում են՝ կառավարության նիստերը դռնփակ դարձնելով: Այսինքն՝ մենք ունենք խորհրդարանական կառավարման համակարգ, և դրան դեմ կառավարության նիստերի վարման ձև», եզրափակեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: