Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. ապրիլի 20. թարմացվում է
14:30, April 20, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԵրևանի ժամանակով 19:00-ի դրությամբ
ՀՀ Ոստիկանության բաժիններ ժամը 19:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 233 ցուցարար:
Այս պահին փողոցներ շրջափակելու գործողությունները դադարել են, ցուցարարները շարժվում են դեպի հանրահավաքի վայր:
Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքը կրկին նշանակված է ժամը 19:00-ին:
Երևանի ժամանակով 17:30-ի դրությամբ
Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների թիվը 217 է:
Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում շարունակվում են բողոքի ակցիաները, շարունակում են շրջափակված մնալ Երևանի փողոցներն ու Հանրապետության այլ ճանապարհներ:
ՀՀ Ոստիկանությունը կրկին կոչ է արել «անսալ ՀՀ ոստիկանության հորդորներին և դադարեցնել հակաիրավական գործողությունները»:
Երևանի ժամանակով 16:00-ի դրությամբ
Երևանի մի շարք փողոցներում շարունակվում են բողոքի ակցիաները:
Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների թիվը հասել է 183-ի:
Երևանի ժամանակով 14:30-ի դրությամբ
ՀՀ Ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքացիական հագուստով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը:
Ավելի ուշ ՀՀ Ոստիկանությունը հայտարարել է, որ առավել վտանգավոր են ավտոմեքենաներով փողոցներն արգելափակելու գործողությունները, որի մասին կոչ էր արել Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան հանրահավաքի ժամանակ:
ՀՀ Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ Ոստիկանությունն ստիպված է լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն՝ իրավախախտումները խափանելու ուղղությամբ:
ՀՀ Ոստիկանությունից politik.am-ին հայտնել են, որ բերման ենթարկվածների թիվը ժամը 13:00-ի դրությամբ հասել է 107-ի:
Երևանի ժամանակով 13:00-ի դրությամբ
ՀՀ Ոստիկանությունից aravot.am-ին փոխանցել են, որ ժամը 11:00-ի դրությամբ բերման ենթարկված 52 անձ կա:
Առավոտյան բերման էր ենթարկվել նաև շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որը ևս ազատ է արձակվել:
ՀՀ Ոստիկանությունը կոչ է արել հավաքի մասնակից քաղաքացիներին հետևել օրենքով սահմանված իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը, չխոչընդոտել ոստիկանության իրավաչափ լիազորությունների իրականացմանը՝ վերոնշյալ իրավախախտումները կատարելու համար համաչափ իրավական ներգործության միջոցների կիրառումից խուսափելու նպատակով:
Միաժամանակ ոստիկանությունը պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը, այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման:
Երևանի ժամանակով 12:00-ի դրությամբ
Ցուցարարներն ահազանգում են, որ բերման են ենթարկում նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ամենայն հավանականությամբ ոստիկաններ են:
Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել նաև երեկ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանին: Վերջինս տևական ժամանակ փորձում էր բացատրել, որ լրագրող է և ցույց էր տալիս տարբերանշանը, սակայն ոստիկաններն անդրդվելի էին:
Տեղեկություն ստացանք, որ ավելի ուշ նրան վերադարձրել են հավաքի վայր, որտեղից բերման էին ենթարկել:
Առավոտյան բերման ենթարկված Դավիթ Սանասարյանն արդեն ազատ է արձակվել:
Ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր՝ ապրիլի 19-ի վաղ առավոտյան, բերման են ենթարկվել մի շարք ցուցարարներ, այդ թվում՝ շարժման առաջնորդներից Դավիթ Սանասարյանը:
«Ազատություն» ռադիոկայանին ՀՀ Ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի ժամանակով 10:30-ի դրությամբ 37 ցուցարար է բերման ենթարկվել:
Գիշերն էլ կալանավորվեց Հայաստանի հանրային ռադիո մուտք գործելու համար ձերբակալված ցուցարար Տիգրան Մազմանյանը: