Լիա Միսակյանի գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք
13:14, July 20, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա ՄիսակյանԵրկու տարեկան և երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Տաթևիկ Սիրադեղյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. հունիսի 15-ի մեղադրական դատավճռի դեմ:
Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, «Արաբկիր» ԲԿ-ի հերթապահ բժիշկներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար՝ նրանց դատապարտելով ազատազրկման համապատասխանաբար երկու տարի ժամկետով և երկու տարի վեց ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատիժ նշանակելու: Միաժամանակ, կիրառելով ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը, դատարանն ամբաստանյալներին ազատեց հիմնական պատժի կրումից:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատավճիռը բողոքարկել են պատժի մասով, վերաքննիչ բողոքում ներկայացնելով հիմնավորումներ այն մասին, որ դատարանի կողմից նշանակված պատժի չափերը չեն բխում արդարացի պատիժ նշանակելու՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված նորմից, և չեն կարող հանգեցնել պատժի նպատակներին հասնելուն: Այսպիսով, Ա. Սաքունցը և Տ. Սիրադեղյանը գտել են, որ պատժի մասով Լ. Վարդանյանի և Զ. Այվազյանի նկատմամբ կայացված դատավճիռը ենթակա է խստացման ինչպես ազատազրկման ձևով պատժաչափերի, այնպես էլ նրանց նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցային համապատասխան: