«Քացով խփում էին գլխիս ու ասում՝ գիտե՞ք խաղ ու պար ա, վերջացավ, գլուխներդ ջարդելու ենք»․ Ոստիկանների աննախադեպ բռնությունների մասին
10:05, July 20, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ինձ զոռով ներս մտցրեցին ոստիկանական մեքենա, երբ գլուխ դուրս հանեցի եւ ասացի՝ ժողովուրդ, դուրս եկե՛ք փողոց, ուժեղ հարված ստաց դեմքիս կարմիր բերետավորների կողմից, բռունցքով հարվածեցին քթիս, բերանիս: Ես հայհոյեցի: Իրենք դուռը փակեցին ու սկսեցին հարվածել գլխիս, կողոսկրերիս, ոտքերիս, խոշտանգում էին: Անգամ, երբ ուշաթափված էի, էլի շարունակում էին հարվածել»,-«Մեդիլաբին» պատմում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
Նրա եւ եւս մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ երեկ ոստիկանները բռնություններ են կիրառել ու նվաստացրելլ:
Հիշեցնենք, երեկ Ազատության հրապարակում մարդիկ ինքնաբուխ հավաքվել էին ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» ջոկատի, որը հուլիսի 17-ին Էրեբունիի պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա զինված հարձակում է գործել եւ գրավել այն: Հարձակման ընթացքում սպանվել է մեկ ոստիկան: Հանրությունը պայքարում է, որպեսզի խնդիրը հանգուցալուծվի առանց արյունահեղության եւ զոհերի:
Սանասարյանին երեկ Ազատության հրապարակից երթի ժամանակ ոստիկանները բռնի ուժով նստացրել են մեքենան եւ ապա տարել ներքին զորքերի ստորաբաժանման տարածք, մինչ տեղ հասնելը, Սանասարյանն ասում է, որ մեքենայի մեջ էլ ոստիկանները խոշտանգել են նրան.
«Ձեռնաշղթան ամենանեղ օղակով էին կապել, ձեռքերս ուռել էին: Ասում էին՝ սրան իջացրեք՝ սապոգներս պաչի: Ուշագնաց էի եղել, ջուր լցրեցին վրաս, էլի շարունակում էին խոշտանգել: Հետո մեքենայի միջից ուղղակի դուրս շպրտեցին զորամասի տարածքի գետնին: Լավ չէի, ասացի՝ շտապ օգնություն կանչեք, հրաժարվեցին, ասացին մենք բժիշկ ունենք: Ես ասացի՝ չեմ վստահում, քանի որ իրենց նման համազգեստով մեկն էր, հետո զննեցին, տեսան, որ ճնշումս փոխվել է, սիրտս լավ չէ, դեղեր լցրեցին բերանս»:
Դավիթ Սանասարյանի հետ ոստիկանների բռնություններին են «արժանացել» նաեւ երեկ Ազատության հրապարակի հանրային քննարկմանն ու երթին մասնակցած Անդրանիկ Ասլանյանն ու Արթուր Մինասյանը:
Անդրանիկ Ասլանյանի մեջքին ամբողջությամբ բռնության հետքեր են:
Անդրանիկը «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, որ ոստիկանները ծեծելով եւ հայհոյելով իրեն մտցրել են ոստիկանական մեքենան։
«Ձեռքերս ոլորելով նստացրեցին ավտոն: Տեսա՝ թքեցին Դավոյի վրա: Ինձ պառկացրեցին գետնին, բատինկան դեմ տվին ասին՝ հլը պաչի: Քացով խփում էին գլխիս: Խփում էին ու ասում՝ գիտե՞ք խաղ ու պար ա, վերջացավ, գլուխներդ ջարդելու ենք, ձեր հովանավորները տենաս ովքե՞ր են: Հետո ասում էին՝ ձեր սենցը-նենցը»:
Արթուր Մինասյանն ասում է՝ ոստիկանների գործողությունները փորձ էր նվաստացնել մեզ, կոտրել մեզ, բայց չի ստացվելու, սա իրենց ամոթն է:
«Սա ոստիկանների կողմից խոշտանգում է, քրեական հանցագործություն, որի համար 7-12 տարի ազատազրկում է նախծատեսված»,-ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոննիսյանը:
Իոննիսյանը վստահեցնում է՝ իրավապաշտպաններն զբաղվում են այս խնդրով եւ մինչեւ վերջ գնալու են: Հ/Կ-ի ներկայացուցչի խոսքերով՝ այս 2 օրերի ընթացքում միայն Երեւանում բերման ենթարկված քաղաքացիների թիվը մոտ 200-է:
Լեւոն Զաքարյանը, որը եւս երեկ մասնակցել է Ազատության հրապարակի երթին՝ ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից հենց հրապարակի հարակից տարածքում:
Լեւոնը «Մեդիալաբին» պատմում է, որ իրեն բերման չեն ենթարկել, իրեն եւ Արտուշ Չիբուխչյանին ոստիկանները Օպերայից դեպի Հյուսիսային պողոտա ընկնող հատվածում սկսել են քաշքշել, ապա ծեծել.
«Հարձակվեցին սկսեցին քաշքշել, խփել, եւ ուզեցի Արտուշին քաշել հանել, իրենք սկսեցին խփել, ճնշումս բարձրացավ, ինձ հիվանդանոց տարան: Հետո տուն գնացինք: Արտուշի մոտ սալջարդ կար, լուրջ վնասվածքներ»:
Լեւոնն ասում է՝ այսօր ոստիկանությունից զանգահարել են եւ հրավիրել բաժին, վերջինս հրաժարվել է, ասել է՝ պատշաճ ծանուցագիր ուղարկեք.
«Բայց ես բողոք չեմ ներակայացնելու: Այս բռնապետական երկրում դա անիմաստ է, վերջում գործը կարճելու են»,֊«Մեդիալաբին» ասում է նա:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսպիսի աննախադեպ բռնությունների եւ ստորացումների վերաբերյալ հետեւյալ կարծիքն է հայտնում՝ տրված է քաղաքական հրահանգ, սա քաղաքական որոշում է՝ ամեն կերպ նսեմացնել, նվաստացնել հանրային ճանաչում ունեցող գործիչներին, հիմնական թիրախն ուղղել «Հիմնադիր Խորհրդարանի» անդամներին, որպեսզի հանրության շրջանում նվաստացված ընկալվեն:
«2008 թվականի մարտի 1-ին էլ համատարած բռնություն է եղել: Այն ժամանակ էլ ծեծի էին ենթարկում, բռնությունների ինտեսիվությունն էլ պակաս չէր, բայց նվաստացման այսպիսի ահազանգեր ու փաստեր չէին լինում: Հիմա տեսնում ենք, որ ասենք Վարդգես Գասպարիի բերանը ոտքով սեղմում էին ու չէին թողնում խոսեր, կամ տղաներին ստիպում էին կոշիկները պաչել: Սա, դաժան վերաբերմունքի միջոցով, սեփական աչքում, անձի նվաստացման միտումն է, որը միայն պայմանավորվում է քաղաքական հստակ հրահանգով»,-ասում է Սաքունցը:
Ոստիկանների այս համատարած բռնությունն ու նվաստացուցիչ վերաբերմունքն, ըստ Սաքունցի, այլ դրդապատճառ էլ ունի: Իրավապաշտպանը դա համարում է վրեժխնդրություն ոստիկանության զոհված գնդապետի համար:
«Սա վրեժխնդրություն է այն քաղաքացիներից, որոնք դեպքի վերաբերյալ հանդես են գալիս բոլորովին այլ մոտեցմամբ, քան իրենք ակնկալում էին: Համակարգը չի վերահսկում իր առանձին աշխատակիցների այլանդակ, ոստիկանության աշխատակցին ոչ հարիր պահվածքը»:,֊ասում է նա։
Իրավապաշտպանն ասում է՝ եթե Սերժ Սարգսյանը, ոստիկանության պետը, ազգային անվտանգության տնօրենը, գլխավոր դատախազը հրապարակավ հանդես գային՝ կրքերը հանգստացնեին, իրավապահ մարմիններին կոչ անելով շարունակել գործողությունները միայն իրավական շրջանակում, ապա, այլ բան.
«Բայց քանի որ դա բացակայում է, ուրեմն՝ խրախուսում են, քաղաքական իշխանությունն այդ լռությամբ խրախուսում է ոստիկանության այս գործելաոճը: Այս գործողություններով հօդս ցնդեցին ոստիկանության բարեփոխումների մասին հավաստիացումները»,֊ասում է նա։