Քաղաքացիական հագուստով ոստիկանները հետապնդում են քաղաքացիներին
23:46, July 20, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ հուլիսի 20-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել քաղաքական ակտիվիստներ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ռազմիկ Էվոյանը և Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը՝ հայտնելով, որ հուլիսի 19-ին Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցած հանրային քննարկման մասնակիցների նկատմամբ հետապնդումներ են սկսվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից:
Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցչի պնդմամբ՝ հետապնդումներ են իրականացվում, մասնավորապես, այն անձանց նկատմամբ, ովքեր կիրակի՝ հուլիսի 17-ին, տարվել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին:
Հիշեցնենք՝ ոստիկանության բաժին տարված անձինք, ժամեր շարունակ պահվելով այնտեղ, բաց են թողնվել միայն կեսգիշերն անց՝ ժամը 2-3-ի սահմաններում:
Ռազմիկ Էվոյանը լուսանկարել է հետապնդող ոստիկանին (տես լուսանկարը):
Գևորգ Քոթանջյանի նկատմամբ հետապնդումներն սկսվել են դեռևս կիրակի օրվանից: Այսօր արդեն նա հայտնեց, որ տնից մինչև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրեն հետապնդել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ նախ ավտոմեքենայով, ապա՝ ոտքով: Ակտիվիստը ֆիքսել է նաև հետապնդող մեքենան՝ կապույտ գույնի Opel ավտոմեքենա՝ 34 vn 930 պետհամարանիշով: Նա նաև մտավախություն հայտնեց, որ հետապնդող անձինք կարող են վնասել իրեն: