Դատախազը ցուցում է տվել վերսկսել կալանավայրում մահացած Մխ. Սարգսյանի քրեական գործով վարույթը՝ այն կասեցնելուց 2 ամիս անց միայն
11:47, September 20, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներՄենք արդեն տեղեկացրել ենք, որ կալանավայրում մահացած Մխիթար Սարգսյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով կասեցնելու՝ քննիչի որոշումը 2016 թ. սեպտեմբերի 8-ին բողոքարկվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից:
Բողոքով, մասնավորապես, նշվել էր, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալները բավարար չեն՝ հանգելու հետևության, որ Մ. Սարգսյանը կյանքից զրկվել է ինքնասպանություն գործելու հետևանքով, առավել ևս, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ կասկածի տակ էր առնվել Մ. Սարգսյանի՝ ինքնասպան լինելու վարկածը:Ինչպես նաև ներկայացվել էին անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները՝ գործի ելքի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերման համար, այդ թվում՝ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն՝ Մ. Սարգսյանի՝ ինքնասպանության հակվածությունը պարզելու նպատակով:
Այսօր արդեն ստացվել է Երևան քաղաքի դատախազության պատասխանը, որով հայտնում են, որ 2016 թ. հունիսի 30-ին կասեցված այս քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազին քրեական գործի վարույթը կասեցնելուց շուրջ 2 ամիս անց միայն ցուցում է տրվել վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելու և մի շարք քննչական ու դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ, և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին քննիչի որոշումը 2016թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ վերացված է: