Զինվորի սնունդն ու հագուստը թալանելը պետության անվտանգության սպառնալիք չի՞ պարունակում. Սաքունց
11:51, November 20, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զինված ուժերում կոռուպցիան, զինվորի սնունդն ու հագուստը թալանելը, զինմասերում «նայողների»՝ «յախշիների» ինստիտուտը, դրա հետևանքով կանոնադրական հարաբերությունների չդադարող խախտումները, մահացության դեպքերի ու նրանցով օբյեկտիվ քննություն չկատարելը, լուրջ առողջական խնդիրներով երիտասարդներին զորակոչելը, սոցիալական անարդարության տարատեսակ դրսևորումները, այդ թվում պաշտոնատար անձանց երեխաների մարտական հերթապահության և դիրքերում չծառայելը կամ ընդհանրապես չծառայելը, սպաների սոցիալական, բնակարանային խնդիրների, իրավական պաշտպանվածության, պաշտոնական առաջխաղացման հետ կապված և ամենատարբեր խնդիրներն են հանդիսանում զինված ուժերի՝ որպես պետության պաշտպանությունը խարխլող հիմնական գործոնները, անվտանգության հիմնական սպառնալիքները, որովհետև ամենևին չեն նպաստում պետության և զինված ուժերի նկատմամբ վստահության ձևավորմանը:
Եվ փոխանակ նշված խնդիրների մասին մտածեն, մտահոգվեն և ահազանգեն այս խնդիրների՝ տարիներ շարունակ չլուծվածության մասին, այդ խնդիրները բարձրացնողների՞ն եք համարում պետության անվտանգության սպառնալիքը:
Այստեղ են ասել՝ «խելքի աշեցեք»:
Ավելին, Ձեր՝ կոռուպցիան ու կոռումպացվածներին, մարդկային արժանապատվություն նվաստացնողների պաշտպանների վայնասունները գրոշի արժեք էլ չունեն և չեն էլ կարող ունենալ՝ նպատակ ունենալով լռեցնել ահազանգերն ու քննադատությունը:
Պետությունը հենց Ձեզ համար սուրբ զինված ուժերը օրը ցերեկով հանձնում են օտար պետության ենթակայությանը, մի ծպտուն չեք հանում, հիմա փրփրակալած երախներով այդ նույն զինված ուժերը քայքայող կոռուպցիայի դեմ խոսողներին եք ուզում լռեցնե՞լ:
Հազարավոր ազատամարտիկների սոցիալական անապահով վիճակի, զինվորների աղքատ ընտանիքների փաստի մասին մի հատ մտածեք ու այդ վիճակին հասցնող Ձեր սիրած իշխանության հանցավոր քաղաքականության մասին խոսեք, որ 900 հազար մարդու աղքատության շեմին է հասցրել, իսկ 10 տարիների ընթացքում անվերադարձ արտագաղթի են մղել 350 հազար մարդու:
Չի անցնի ու չի լինելու, ինչքան էլ մեջտեղներիցդ հազար ու միլիոն կտոր լինեք:
Հանգստացեք ու Ձեզ հավաքեք, այս պետությունը կրակը չի ընկել Ձեր ստրկամտության ձեռքը»: