«Էլեկտրիկ Երեւանի» գործերով կդիմեն ՄԻԵԴ
15:41, July 20, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Էլեկտրիկ Երեւանի» գործով Միքայել Կիրակոսյանի բողոքը: Վերջինս վիճարկում է վարույթ իրականացնող մարմնի եւ առաջին ատյանի դատարանների որոշումները`պնդելով, որ խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Երեւանի գրասենյակի իրավաբան, Միքայել Կիրակոսյանի շահերի պաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանը համաձայն չէ վերաքննիչ դատարանի որոշման հետ: Ինքն ու իր պաշտպանյալը կվիճարկեն այս վճիռը եւս:
Ինչպես տեղեկացրել ենք, Միքայել Կիրակոսյանն այսօրվա նիստին ներկա չէր: Լրագրողների հետ զրույցում պաշտպանն ասաց`պատճառը դատական համակարգի նկատմամբ անվստահությունն է: Հարցին`այդ դեպքում ինչո՞ւ են շարունակում անցնել հայաստանյան դատական ատյաններով, Տաթեւիկ Սիրադեղյանն ասաց` դա միակ տարբերակն է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Իսկ իրենց վերջնական նպատակը ՄԻԵԴ դիմելն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով Հատուկ քննչական ծառայությունում երկու գործ է հարուցվել`հունիսի 23-ի դեպքերով եւ հուլիսի 6-ի: Հունիսի 23-ի գործերով նախաքննությունը դեռ շարունակվում է, բացառությամբ մի քանի դեպքերի: Անցած տարի օգոստոսին որոշ գործերով մեղադրանքներ առաջադրվեցին եւ ուղարկվեցին դատարաններ: