2010 թ. հունիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում
00:00, July 30, 20102010 թ. հունիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 27 քաղաքացիներ: 2 քաղաքացու խնդրի կապակցությամբ պատրաստվել է համապատասխան տեղեկատվության հարցում, գրություն:
Այսպես, քաղաքացիները դիմել են հետևյալ խնդիրներով և հարցերով.
Սեփականության իրավունք
1. Ինչպե՞ս կարող է քաղաքացին փոխառությամբ տրված գումարը ետ ստանալ, եթե գրավոր փաստաթուղթ չի կազմվել փոխառության վերաբերյալ եւ գումարը վերցրած անձը հրաժարվում է այն վերադարձնել:
Քաղաքացին կարող է գումարի վերադարձման պահանջով հայց ներկայացնել դատարան եւ փոխառության փաստն ապացուցելու համար միջնորդել դատարանին այն անձանց /վկաներին/ հրավիրելու խնդրանքով, ովքեր տեղեկություններ կտան դրա վերաբերյալ:
Քաղաքացուն բացատրվել է դատարան դիմելու կարգը եւ նրան տրվել է հայցադիմումի օրինակ:
2. Արդյո՞ք բնակարանի սեփականատերը կարող է համասեփականատեր չհանդիսացող անձին իրեն սեփականության իրավուքնով պատկանող գույքի գտնվելու հասցեի հաշվառումից դուրս գրելու պահանջ ներկայացնել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ բնակարանի սեփականատերը իրավունք ունի համասեփականատեր չհանդիսացող անձին հանել հաշվառումից՝ նույնիսկ նրա կամքին հակառակ:
3. Ի՞նչ իրավունքներ եւ արտոնություններ ունի բռնադատվածի ժառանգը:
«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են պետության օժանդակությամբ բնակարանի ձեռքբերման եւ արտոնյալ կարգով կենսաթոշակի անցնելու իրավունքից:
4. Ընդհանուր սեփականության օբյեկտ հանդիսացող գույքի համատեղ օգտագործելու անհամաձայնության դեպքում ինչպե՞ս է գույքն օտագործվում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ համասեփականության իրավունքով պատկանող գույքի համասեփականատերերն ունեն գույքը տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու հավասար իրավունքներ: Համասեփականությամբ պատկանող գույքի նկատմամբ համասեփականատերերի կողմից համատեղ օգտագործման եւ տնօրինման անհամաձայնության դեպքում հարցը կարգավորվում է դատական կարգով` համասեփականատերերից մեկի կողմից գույքն առանձնացնելու պահանջով հայցադիմում ներկայացնելով դատարան:
Նույն հարցով դիմել են երկու քաղաքացիներ:
5. Քաղաքացին ընդգրկված է եղել աղետի հետեւանքով բնակարանի կարիքավորների հերթացուցակում: Մի քանի տարի անց նրան հանել են հերթացուցակից՝ առանց տեղեկացնելու պատճառների մասին: Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերականգնվել հերթացուցակում:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում՝ ստանալու համար հերթացուցակից հանելու հիմքում ընկած քաղաքապետի որոշումը եւ տվյալ գործով բոլոր փաստաթղթերը՝ հերթացուցակից անօրինական կարգով հանելու հիմքերը դատական կարգով բողոքարկելու նպատակով:
6. Ինչպե՞ս կարող է քաղաքացին իմանալ՝ հայրը հանդիսանում է արդյոք անշարժ գույքի սեփականատեր, թե ոչ:
Անհրաժեշտ է տեղեկատվություն ստանալու համար դիմել անշարժ գույքի գրանցման կադաստրի պետական կոմիտեի արածքային այն բաժինը, որի տարածքում ենթադրվում է գույք ունենալու հանգամանքը: Հարցման հետ պետք է ներկայացնել անձնագրի պատճենը եւ վճարել պետական տուրք՝ 500 ՀՀ դրամի չափով:
Այս հարցով դիմել են երկու քաղաքացի:
7. Ովքե՞ր ունեն ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք:
Համաձայն «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի՝ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 2005 թվականի հուլիսի 1-ից սկսած մինչեւ նպաստառու ընտանիքների ցուցակների ճշտման օրը` 2006 թվականի ապրիլի 1-ը` անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում ընդգրկված այն ավանդատուները, որոնք նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ:
Անձնական անձեռնմխելիության իրավունք
8. Ինչպե՞ս կարող է քաղաքացին պաշտպանվել արվամոլության հիմքով իր նկատմամբ իրականացվող հետապնդումներից:
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ անձը ունի սեռական անձեռնմխելիության եւ ազատության իրավունք, ինչը ենթակա է պաշտպանության եւ անհրաժեշտության համար պետք է դիմել ոստիկանություն:
Քրեական իրավունք
9. Արդյո՞ք տուժողը քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք ունի:
ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` քրեական գործի նյութերի նախապատրաստումն ավարտելուց հետո տուժողի դիմումի համաձայն՝ վերջինս իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին:
Ընտանեկան իրավունք
10. Որքա՞ն է կազմում ՔԿԱԳ մարմնում ամուսնության գրանցման համար գանձվող պետական տուրքը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՔԿԱԳ մարմնում ամուսնության գրանցման համար գանձվող պետական տուրքը կազմում է բազային տուրքի հնգապատիկը` 5000 ՀՀ դրամ:
11. Ո՞ր դեպքերում է դատարանի վճռով սահմանված ալիմենտի չափը ենթակա ավելացման:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` եթե ավելացել է ալիմենտ վճարողի կայուն եկամուտը, ալիմենտ ստացողն իրավունք ունի ալիմենտի գումարի չափի ավելացման պահանջով դիմել դատարան` հայցադիմումի հիման վրա:
12. Արդյո՞ք հնարավոր է ծնողների կամքին հակառակ գրանցել ամուսնություն:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնության տարիքի հասած, ամուսնանալ ցանկացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը:
13. Ինչպե՞ս կարելի է ամուսնալուծվել:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ եթե առկա է ամուսինների համաձայնությունը, ապա ամուսինների ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում՝ ամուսինների համատեղ դիմումի համաձայն: Ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով` ամուսիններից մեկի կողմից հայցադիմում ներկայացնելով դատարան:
Սոցիալական պաշտպանության իրավունք
14. Ինչպե՞ս եւ ի՞նչ չափով կարող է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձը նախորդ տարիների ընթացքում կուտակված կենսաթոշակը ստանալ:
Համաձայն «Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի առաջին մասի` ապահովագրական ստաժում եռակի չափով հաշվարկվում են բռնադատված անձի կալանքի տակ գտնվելու ազատազրկման վայրերում, աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածը: Սակայն համաձայն նույն օրենքի` կենսաթոշակ նշանակվում է համապատասխան դիմում ներկայացնելու պահից: Չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար, սակայն կենսաթոշակ վճարելու դիմելու ամսվան նախորդող երեք տարուց ոչ ավելի:
15. Ի՞նչ հիմքով եւ ո՞ր դեպքում կարող է դադարեցվել ընտանեկան նպաստի վճարումը:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենսգրքի համաձայն՝ ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվում է հետեւյալ դեպքերում.
ընտանիքի անապահովության սահմանային միավորը իջնելու
տարածքային մարմին անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու
ընտանեկան նպաստն անընդմեջ երեք ամիս անհարգելի պատճառով չստանալու
ընտանեկան նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու
ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքերում:
Ընտանիքի անպահովությունը գնահատող միավորի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտը, սեփականության իրավունքով ընտանիքին պատկանող շարժական եւ անշարժ գույքը:
Սպառողի իրավունք
16. «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի կողմից գումարի բռնագանձման պահանջով դատարան դիմելուց հետո քաղաքացին ինչպե՞ս կարող է ներկայացնել իր առարկությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանողը իրավունք ունի հայցադիմումի պատասխան ներկայացնել` հայցադիմումը ստանալուց հետո 14-օրյա ժամկետում:
Արդար դատաքննության իրավունք
17. Ու՞մ եւ ինչպե՞ս է տրամադրվում անվճար իրավական պաշտպանություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինը (քննիչ) կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին` ելնելով նրա գույքային դրությունից:
Քաղաքացու համար պատրաստվել է գրություն ` ուղղված ՀՀ փաստաբանների պալատի նախագահին:
18. Կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Ներկայացված բողոքի դեմ մյուս կողմն ինչպե՞ս կարող է ներկայացնել իր առարկություններն ու պնդումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կողմը կարող է վերաքննիչ բողոքի պատասխան պատրաստել:
19. Ինչպե՞ս է լուծվում առողջության հետ կապված հոգեկան խնդիրներ ունեցող անձի դեմ հարուցված քրեական գործը:
ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ դատարանը, հաշվի առնելով անձի հոգեկան հիվանդությունը, նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել քննիչից պահանջել հանրային պաշտպան ու ծանոթանալ մեղադրական եզրակացությանը:
Քաղաքացիական իրավունք
20. Ո՞ր դեպքում է քաղաքացին անգործունակ ճանաչվում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ անձը, որը հոգեկան խանգարման հետեւանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել:
21. Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված վիրավորանք հասցնելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ 2010 թվականից վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը վերացվել է եւ սահմանվել է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
22. Ո՞ր պահից է ավանդի փոխհատուցում ստանալու իրավունքը համարվում դադարած:
ՀՀ Կառավարության 352-Ն որոշման համաձայն՝ ավանդատուի փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ կամ ավանդատուի մահով:
23. Ինչպե՞ս է կատարվում հաշվառումը:
ՀՀ քաղաքացիների հաշվառումը կատարվում է ըստ նրանց ժամանակավոր կամ մշտական բնակության վայրի` միայն մեկ հասցեով: Տվյալ հասցեում հաշվառելու համար անհրաժեշտ է տվյալ գույքի սեփականատիրոջ թույլտվությունը:
24. Ովքե՞ր ունեն հուղարկավորության միանվագ օգնության իրավունք:
Հողարկավորության միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է եւ ունի ընտանեկան նպաստի իրավունք:
Հուղարկավորության միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, իսկ ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին: Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում: Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար:
25. Վավե՞ր է արդյոք առուվաճառքի չգրանցված պայմանագրի առարկա հանդիսացող գույքի վերաբերյալ տրված լիազորագիրը:
Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է պարտադիր գրանցման ԿԱ ԱԳԿ ՊԿ մարմիններում: Երեսնօրյա ժամկետում չգրանցելու դեպքում այդ պայմանագիրը համարվում է անվավեր: Առուվաճառքի գործարքը չի կատարվել, հետեւաբար քաղաքացին կարող է ներկայացնել լիազորողի շահերը լիազորագրով նախատեսված մարմիններում: