Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը հայտարարում է շարադրության մրցույթ
18:13, March 21, 2016 | ՀայտարարություններՍիրելի Դպրոցականներ և Ուսանողներ,
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը հայտարարում է շարադրության մրցույթ` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնախնդիրներին նվիրված: Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցի աշակերտները և բուհերի բակալավրիատի ուսանողները:
Այս ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանիներին և երիտասարդներին ներկայացնել իրենց տեսակետը խնդրի մասին, բարձրաձայնել խնդրի առկայության մասին, ինչպես նաև խթանել առողջ և հետաքրքիր քննարկումներ դպրոցականների և ուսանողների շրջանում` նշված թեմայի շուրջ:
- Շարադրության թեման դպրոցականների համար (10-12-րդ դասարանների աշակերտներ) հետևյալն է.
Մասնագիտության ընտրություն. Իգակա՞ն, թե՞ արական:
Մեր իրականության մեջ հաճախ կարելի է հանդիպել ձևավորված կարծրատիպերի, թե գոյություն ունեն մասնագիտություններ, որոնք հատուկ են աղջիկներին և մասնագիտություններ, որոնք հատուկ են տղաներին: Սակայն, արդեն տարիներ է, որ գիտնականները և տարբեր կառույցներ իրականացրել են մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքում փաստվել է, որ անհատի սեռը որևէ կերպ չի ազդում մարդու մտային կարողությունների վրա՝ այս կամ այն բնագավառում հաջողություն ունենալու համար: Այդ դեպքում ինչու՞ են երիտասարդներին, մասնագիտություն ընտրելիս ուղղություն տալիս ըստ իրենց սեռի: Արդյո՞ք այս մոտեցումը հիմնավորված է: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը` կապված մասնագիտության ընտրության համար կարևոր հարցերի շուրջ:
Բառերի քանակը սահմանափակ է՝ 600-800 բառ:
- Շարադրության թեման ուսանողների համար (1-4-րդ կուրսի բակալավրիատի ուսանողներ) հետևյալն է.
Արդյոք անազատ անձը կարող է դաստիարակել ազատ քաղաքացի։
Անազատ անձ ասելով, նկատի ունենք այն անձին, ով իր կյանքի հետ կապված կարևոր որոշումներն ինքնուրույն չի կայացնում )մասնագիտություն և աշխատանք ընտրելիս, ընտանիք կազմելիս և այլն), իր ընտանիքի անդամներն են միջամտում որոշում կայացնելուն կամ իր փոխարեն են կայացնում որոշումներ, նաև նա հաճախ ազատ չէ արտահայտել իր կարծիքը, և հաճախ, յուրաքանչյուր քայլի դիմելիս կաշկանդված է հասարակության պարտադրանքներով։ Արդյո՞ք նման իրավիճակում հայտնված անձը կարող է դաստիարակել այնպիսի քաղաքացու, ով կլինի ազատ իր որոշումների մեջ և կպայքարի հանուն իր իրավունքների։
Բառերի քանակը սահմանափակ է՝ 1000-1500 բառ:
· Շարադրությունը գնահատվելու է ըստ հետևյալ չափանիշների`
- Ստեղծագործական մոտեցում – 50%
- Համապատասխանելիությունը տրված թեմային – 20%
- Կառուցվածք – 10%
- Տրամաբանական փաստարկում և օրինակներ – 10%
- Լեզվական գրագիտություն – 10%
- Շարադրությունները պետք է ներկայացվեն հետևյալ ձևաչափով`
- Հայերեն լեզվով
- WORD կամ PDF ձևաչափով
- Times New Roman տառատեսակով
- 12 տառաչափով
- Տողերի միջև չափը` 1.5
- Նշում պետք է պարունակի հեղինակի անվան, ազգանվան և դպրոցի կամ
համալսարանի մասին:
Շարադրությունները պետք է ներկայացվեն` ուղարկելով register@osi.am էլ. հասցեին: Հարցերի համար դիմել ԲՀՀ-Հայաստան, Վանե Թորոսյանին, գրելով vaneh@osi.am էլ. փոստին կամ զանգահարելով` 010533862 հեռախոսահամարով:
Հաղթողները կհայտարարվեն մինչև ս/թ ապրիլի 15-ը և կպարգևատրվեն տաբլետով:
Հաղթող շարադրությունները կհրապարակվեն առցանց լրատվամիջոցներով:
Շարադրությունների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 2-ը, 18.00: