Քայլ արա ընդդեմ ավտորիտար կառավարման հաստատմանը. 36 կազմակերպությունների և անհատների հայտարարությունը
14:17, April 21, 2018 | Համատեղ, ՀայտարարություններԼայնածավալ և կազմակերպված կեղծիքներով, ընտրողների ազատ կամքի և իրավունքների զանգվածային սահմանափակումներով և ոտնահարումներով, համատարած ընտրակաշառքի և վարչական ռեսուրսների շարունակական չարաշահման միջոցով 2015թ. դեկտեմբերի հանրաքվեով պարտադրված Սահմանադրական փոփոխությունների, նույն մեթոդների կիրառման արդյունքում 2017թ. ապրիլին ձևավորված ՀՀ Ազգային ժողովում ձեռք բերելով մեծամասնություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը զավթեց իշխանությունը, իսկ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 2018. ապրիլի 17-ին երրորդ անգամ անընդմեջ որոշեց ղեկավարել պետությունը:
Նախորդ տասը տարիների ընթացքում ՀՀ նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետությունից անվերադարձ արտագաղթել է 350,000-ից ավել մարդ, ՀՀ բնակչության շուրջ 30 տոկոսը շարունակում է մնալ աղքատ, շարունակական բնույթ են ունեցել մարդու իրավունքների խախտումները, քաղաքական հետապնդումներն ու բանտարկությունները, համակարգային կոռուպցիան մնում է որպես կառավարման հիմնական մեխանիզմ, որի հետևանքով 2016թ. ապրիյան պատերազմական գործողությունների ընթացքում զոհվեցին հարյուրից ավել երիտասարդներ:
Հայաստանի Հանրապետությունում իշխում է անպատժելիության, այլ ոչ թե իրավունքի գերակայության սկզբունքը:
Առաջնորդվելով այն համոզմունքով, որ քաղաքացիներն, իրացնելով Սահմանադրությամբ իրենց պատկանող իշխանությունը, ցանկացած ժամանակ իրավունք ունեն ոտքի կանգնելու ոչ ժողովրդավարական գործընթացների դեմ՝ մեր աջակցությունն ենք հայտնում այս օրերին Երևանում և Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության շարժմանը և բողոքի ցույցերին:
Մենք՝ ներքոստագրյալ հասարակական կազմակերպություններս և գործիչներս, գտնում ենք, որ անթույլատրելի է Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնի ստանձնումը և երրորդ անգամ անընդմեջ նրա կողմից պետության ղեկավարումը:
2018թ. ապրիլի 21
Հայտարարությանը միացած կազմակերպությունների և անհատների ցանկը ԱՅՍՏԵՂ