Հայաստանի ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունենում պատանդառման հետ կապված շարունակվող առճակատման հետևանքով
13:08, July 22, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԸնդդիմադիր ցուցարարների և ոստիկանության միջև բախումները թեժանում են Հայաստանի մայրաքաղաքում, որտեղ զինված անձինք չորս օր է, ինչ պատանդներ են պահում, իսկ ցուցարարները բարիկադներ են կառուցել մոտակա պողոտայում:
Ցուցարարներին ցրելու համար չորեքշաբթի ուշ գիշեր ոստիկանության ժամանումից հետո Երևանում՝ ոստիկանության բաժանմունքի մոտակայքում, տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 50 մարդ: Իշխանությունների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ 51 հոգի հոսպիտալացվել է, որոնցից 28-ը ոստիկանության աշխատակիցներ են, և մոտ 30 ցուցարար կալանավորվել է:
Կիրակի օրը մի խումբ զինված անձինք գրավել են ոստիկանության բաժանմունքի շենքը՝ պահանջելով ազատ արձակել ապօրինի զենք պահելու մեղադրանքով հունիսին ձերբակալված ընդդիմադիր մի գործչի:
Մոտավորապես մեկ տասնյակ տղամարդ, որոնցից շատերը Ադրբեջանի և Հայաստանի միջև 1988-1994թթ. պատերազմի մասնակիցներ են, բեռնատարով ներխուժել են Էրեբունու վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք և պատանդ վերցրել ոստիկանության մի քանի աշխատակից: Հարձակման ժամանակ սպանվել է մեկ ոստիկան՝ գնդապետ Արթուր Վանոյանը, և երկու անձ վիրավորվել է:
Պատերազմի մասնակից, մոտ հիսուն տարեկան բեղավոր և զինված Պավել Մանուկյանի ղեկավարած խմբի անդամները կոչ էին անում ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր խմբի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: Սեֆիլյանն ազատազրկվել է հունիսի վերջին՝ ենթադրաբար պետական հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով:
Խումբը պահանջել է նաև ազատ արձակել կասկածյալի կարգավիճակում գտնվող ևս մեկ տասնյակ քաղբանտարկյալների, ինչպես նաև՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Պատանդառման հարձակումից սկսած՝ ոստիկանությունն արգելափակել է ոստիկանության բաժանմունք տանող ճանապարհը և տարածք է բերել զրահապատ մեքենաներ, հատուկ նշանակության ուժեր և ըստ ստացված հաղորդումների՝ դիպուկահարների: Իրեն «Սասնա Ծռեր» անվանող խմբի հետ բանակցությունները շարունակվում են:
Երկուշաբթի օրը ազատ է արձակվել երեք պատանդ, սակայն ոստիկանության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ հինգ հոգի դեռևս շարունակում են պատանդ մնալ:
Ցուցարարներն աջակցություն են ցուցաբերում գրոհայիններին և առճակատման համար մեղադրում են իշխանություններին:
«Իշխանությունների աջակիցները և հենց իրենք՝ իշխանությունները, կատարվածն անվանում են ահաբեկչություն, սակայն իրականում ահաբեկիչները՝ ներկայիս իշխանություններն են», – ասել է Երևանում Օպերայի մոտակայքում հավաքված աջակիցներից մեկը: – «Նրանց պատճառով են մարդիկ հայտնվել այս վիճակում»:
«Սասնա Ծռեր» խմբի անդամները հայերին կոչ են արել դուրս գալ փողոց և տապալել կառավարությունը, սակայն ցուցարարների թիվը դեռևս չի հասնում 2015 թվականին «Էլեկտրիկ Երևան» շարժման ցույցերի մասնակիցների թվին:
Անցյալ տարի քաղաքում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր, որոնց ժամանակ մարդիկ դուրս են եկել փողոց հունիս ամսվա երեք շաբաթվա շարունակ: Ցուցարարները նախ բողոքել են էլեկտրաէներգիայի սակագնի աճի դեմ, իսկ այնուհետև բողոքը վերածեց ավտորիտար կառավարության ավելի համատարած քննադատության:
Ոստիկանությունն ի վերջո ցրեց հիմնականում խաղաղ բնույթ կրող ցույցերը, սակայն ցուցարարներին հաջողվել է կառավարությանը ստիպել որոշ զիջումների գնալ:
Այս տարվա առճակատումը խորացել է երկրում արդեն երկար տարիներ շարունակվող բաժանվածությունը:
«Մենք դիմում ենք այս քայլին՝ անկախ նրանից, թե ժողովուրդը կմիանա մեզ, թե ոչ … Թող նրանք ապրեն այս երկրում, իսկ մենք այս երկրում չենք ապրելու», – ասել է ընդդիմադիր ակտիվիստ Արեգ Կյուրեղյանը:
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը գրում է, որ նախկինում տեղի ունեցած իրավունքների ոտնահարումներին իշխանությունների կողմից արձագանքի բացակայությունը դրդել է ընդդիմադիրներին մտածելու, որ «հարցերը պետք է լուծել զենքով»:
Սեֆիլյանի աջակիցները պնդում են, որ նրան ձերբակալելու պատճառն այն էր, որ նրա առաջնորդած խումբը դեմ էր Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների շուրջ մարտական գործողությունների վերսկսումից հետո Ադրբեջանի հետ իշխանությունների հաստատած հրադադարին:
Սակայն նախագահը և նախկին ներքին գործերի և պաշտպանության նախարարը գրոհայինների՝ Ղարաբաղյան պատերազմի մասնակցին ազատ արձակելու պահանջը կատարելու որևէ միտում չի ցուցաբերում: Պատերազմի ժամանակ Ղարաբաղի զինված ուժերի ղեկավար Սեֆիլյանն առճակատման սկզբից ի վեր հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել:
Իշխանամետ լրատվամիջոցները և Ազգային անվտանգության ծառայությունը ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումը նկարագրել են որպես ահաբեկչություն: Նրանք «Սասնա Ծռեր» խմբի անդամների գործողությունները համեմատել են 1999 թվականին Հայաստանի խորհրդարանի վրա գործած զինված հարձակման հետ, որի ընթացքում սպանվել են վարչապետ Վազգեն Սարգսյանը և մի քանի ալ բարձրաստիճան քաղաքական գործիչներ:
Չնայած վրացական հեռուստատեսությամբ ցուցադրված Երևանի կենտրոնական հատվածով թռչող ռազմական ինքնաթիռների կադրերի՝ ցուցարարներից շատերը կարծում են, որ իշխանությունները շահագրգռված չեն ճգնաժամային իրավիճակը լուծել ուժային ճանապարհով, քանի որ դա կարող է ավելի ծավալուն ցույցերի ալիք բարձրացնել:
ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը, ով հանդիսանում է իշխող կուսակցության երբեմնի դաշնակից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, կարծիք է արտահայտել, որ գրոհայինները ստիպված կլինեն հանձնվել, քանի որ նրանք ի վիճակի չեն լինի տևական ժամանակ դիմանալ նման պայմաններում:
Իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ նա խրախուսել է անվտանգության ծառայության աշխատակիցներին ուշադրություն դարձնել այն հայերին, ովքեր աջակցում են «ահաբեկիչներին» սոցիալական կայքերում:
«Նրանք, ըստ էության, ապրում են մեր երկրում», – զգուշացրել է նա: «Նրանք քայլում են մեր շարքերում և պաշտպանում մարդասպան ահաբեկիչներին՝ արդարացնելով և հերոսացնելով նրանց»:
Սակայն իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասել է, որ ոստիկանության բաժանմունքի գրավումը ահաբեկչություն չի հանդիսանում: «Ակնհայտ է, որ հասարակությունը զինված խմբի գործողություններից ահաբեկված չէ», – ասել է նա:
Հոդվածի սկզբնաղբյուր՝ Eurasianet.org