Այժմ ժամանակն է սովորել այդ զոհերից ու ամբողջ աշխարհում հակամարտությունների զոհերից, և հակամարտությունից վեր դասել խաղաղությունը
19:31, September 21, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՍեպտեմբերի 21-ին նշվում է 36-րդ ամենամյա Խաղաղության միջազգային օրը: Աշխարհի տարբեր երկրներում տարբեր մշակույթների և համայնքների ներկայացուցիչները մի կողմ են դնում իրենց տարբերությունները՝ խաղաղության մշակույթի ստեղծմանը նպաստելու համար:
Խաղաղության միջազգային օրն առաջին անգամ հռչակվել է 1981թ. սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի մի շարք բանաձևերով: Այս տարվա թեման է՝ «Միասին հանուն խաղաղության. բոլորի նկատմամբ հարգանքի, բոլորի անվտանգության և արժանապատվության»: ՄԱԿ-ի «ՄԻԱՍԻՆ» («TOGETHER») արշավի, այն է՝ պետությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակությունների և անհատների միության ուշադրության կիզակետում կլինի ողջ աշխարհում իրենց գոյության համար պայքարող փախստականներին և միգրանտներին ուղղված աջակցությունը: Նրանց առաքելությունն է նպաստել փախստականների և միգրանտների նկատմամբ հարգանքի, նրանց անվտանգության և արժանապատվության աստիճանի բարձրացմանը՝ ահագնացող այլատյացության և խտրականության դեմ պայքարելու նպատակով:
«ՄԻԱՍԻՆ» արշավի մասնակիցները ձգտում են այդ նպատակին հասնել միգրացիայի մասին պատմություններ տարածելու միջոցով: Օրինակ, «ՄԻԱՍԻՆ» արշավը տարածել է երկու մուլտիպլիկացիոն տեսանյութ, որոնք պատմում են 2016 թվականին օլիմպիական խաղերին մասնակցող սիրիացի փախստական Յուսրայի և Մյանմարից Ռոհինջա ցեղի ներկայացուցիչ, փախստական ուսանող Իշակի մասին: Այս ոգեշնչող պատմություններից կարելի է հստակ պատկերացնել աշխարհի տարբեր մասերում փախստականների տանջանքը և դասել նրանց այն մարդկանց շարքին, ովքեր իրենց մեկուսացված են զգում մշակութային արգելանքների պատճառով:
Ինչպես քաջատեղյակ է հայրենիքում բնակվող և Սփյուռքի ողջ հայությունը, հայերը և ադրբեջանցիները գտնվում են Լեռնային Ղարաբաղում շարունակական հակամարտության մեջ, որը տարել է երկու կողմերից էլ մինչև 30.000-40.000 զինվորների և խաղաղ բնակիչների կյանք: Վերջերս՝ անցյալ տարվա ապրիլին, տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ մահացածների թիվն աճեց մի քանի հազարով, և ավելացավ փախստականների թիվը:
Չնայած հակամարտության հետևանքով վիրավորվածների և զոհվածների թիվը մեծ է, էլ ավելի մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր ստիպված էին փախչել իրենց տներից սպառնալիքի կամ բռնության վախի պատճառով: Հակամարտության ընթացքում ընդհանուր առմամբ 700-750 հազար էթնիկ ադրբեջանցի և 250-300 հազար էթնիկ հայ ստիպված էին լքել իրենց տները: Թեև այդ փախստականների և երկրի ներսում տեղահանվածների մեծամասնությունը վերաբնակեցվել են այլ վայրերում, զգալի թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր պաշտոնապես մնացել են անօթևան կամ քաղաքացիություն չունեցող անձ և չեն ինտեգրվել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում կամ չեն վերադարձել իրենց հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ:
Թեև առաջընթաց է արձանագրվել այդ մարդկանց իրենց նախկին կյանքին վերադարձնելու գործում, փախստականների, նրանց ընտանիքների և ընկերների ցավալի հիշողությունները շարունակում են մնալ այն բազմաթիվ գործոնների շարքում, որոնք խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս հոգեբանական արգելքը պետք է հաղթահարվի, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի կայուն խաղաղություն:
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ խաղաղության միջազգային այս օրը հայերն ու ադրբեջանցիները ընդունեն բոլոր փախստականների նկատմամբ հարգանքին, նրանց անվտանգությանը և արժանապատվությանն ուղղված «ՄԻԱՍԻՆ» արշավի ուղերձը: Նախկին և ներկա փախստականները ոչ միայն բռնի հակամարտության սարսափելի հետևանքների կենդանի օրինակներ են, այլև համընդհանրության և հասկացողության աղբյուր: Կիսելով իրենց վերապրած վիշտը և կորուստները՝ երկու կողմերն էլ կարող են սկիզբ դնել հարգալից երկխոսության և դրանով ընդգծել իրենց փոխադարձ տառապանքները:
Ի վերջո, հայերն ու ադրբեջանցիները պետք է հետևեն «ՄԻԱՍԻՆ» արշավի օրինակին և սովորեն հարգել միմյանց փախստականներին և մարդկայնություն տեսնել նրանց տանջանքում: Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են կռիվը՝ մեծացնելով զոհերի և փախստականների թիվը: Այժմ ժամանակն է սովորել այդ զոհերից ու ամբողջ աշխարհում հակամարտությունների զոհերից, և հակամարտությունից վեր դասել խաղաղությունը:
Փիթեր Սահակյան
Փիթեր Սահակյանը կամավոր է ՀՔԱ Վանաձորի գրասենյակում: Նա ամերիկահայ է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքից, ով կամավորական գործունեություն է իրականացնում «Դեպի Հայք» հիմնադրամ (Birthright Armenia) բարեգործական կազմակերպության շրջանակներում: Նա վերջերս ավարտել է Թաֆթսի համալսարանը, ունի միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան: