Քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող պահածոյացված միսը սահմանված չափորոշիչներին չի համապատասխանում
16:13, February 21, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներՎերջին շրջանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քրեակատարողական հիմնարկներում սննդի որակի վերաբերյալ ահազանգեր է ստանում կալանավորներից ու դատապարտյալներից:
Սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սննդի մասին պարբերաբար հրապարակումներ են արվում նաև լրատվամիջոցներով:
2018 թ. հունվարի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Կազմակերպությունը հետաքրքրվել էր, թե արդյոք քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքը փորձաքննության ենթարկվում է, եթե այո՝ խնդրել էր տրամարդել փորձաքննական եզրակացությունների պատճենները, եթե ոչ՝ փորձաքննության ենթարկել պահածոյացված միսը, կարագն ու յուղը: Քանի որ բողոքները հատկապես այս ապրանքատեսակներին են վերաբերում:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Վ. Մելքոնյանը 2018 թ. փետրվարի 1-ին թվագրված պատասխանում հայտնում է, որ «ըստ անհրաժեշտության ձեռք բերված ապրանքատեսակները ենթարկվում են փորձաքննությունների»:
Վ. Մելքոնյանը նշում է, որ պարբերաբար խախտումներ են հայտնաբերվում պահածոյացված մսի փորձարկումների արդյունքում: Դրա հետևանքով, Վարչության պետի տեղակալի փոխանցմամբ, կնքված պայմանագրերը այդ մասով լուծվել են:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրված պատասխանը՝ փորձագիտական եզրակացությունների պատճեններով՝ այստեղ
Քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքի՝ չափորոշիչներին չհամապատասխանելու մասին փաստում է նաև ՀՀ ԱՆ Քրակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:
Խմբի՝ 2016 թ. հաշվետվությամբ նշվում է, որ քրեակատարողական հիմնարկներին չափորոշիչներին չհամապատասխանող սնունդ է մատակարարվում: Սննդի պատրաստման սանիտարահիգիենիկ պայմանները ևս բավարար չեն: Արդյունքում ազատազրկման վայրերում գտնվող անձինք ուղղակի հրաժարվում են սննդից և հիմնական սնունդն ստանում ընտանիքի անդմաներից՝ հանձնուքների տեսքով: