Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների մասին․ ապրիլի 22․ թարմացվում է
18:30, April 22, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԵրևանի ժամանակով 18:30֊ի դրությամբ
Տասնյակհազարավոր ցուցարարներ շարունակում են բողոքի գործողությունները Երևանի փողոցներում և Հայաստանի այլ բնակավայրերում։
ժամը 18։30-ի դրությամբ 251 բերման ենթարկված կա:
Այսօր հավաքների ընթացքում տուժած 7 անձ է դիմել բուժօգնության, նախորդ օրերին տուժած ևս 3 անձ շարունակում է բուժօգնություն ստանալ։
Քաղաքացիական հագուստով անձանց և ոստիկանների կողմից բռնության են ենթարկվել լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Խոչընդոտվում է Հայաստանի այլ բնակավայրերից Երևան գնացող մարդկանց տեղաշարժը։
Երևանի ժամանակով 16:00֊ի դրությամբ
ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալված են։
Ոստիկանների կիրառած հատուկ միջոցների հետևանքով տուժել են մի շարք քաղաքացիներ, այդ թվում ՝ լրագրողներ։
Ժամը 15:00-ի դրությամբ 192 անձ է բերման ենթարկվել։
Երևանի ժամանակով 14:00֊ի դրությամբ
Փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել ոստիկանության բաժին տարված պատգամավորներ Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանին։
Ոստիկանները, այդ թվում՝ դիմակավորված, տասնյակ ցուցարարների են բերման ենթարկել, բերման ենթարկվածների հստակ թիվ դեռևս հայտնի չէ։
Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ։
Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել նաև լրագրողների աշխատանքը։
Երևանի ժամանակով 12:00֊ի դրությամբ
Երեկ երեկոյան ընդդիմության հանրահավաքի ժամանակ Երևանի Հանրապետության հրապարակ այցելեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և զրուցեց Նիկոլ Փաշինյանի հետ։
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեք, որ նախագահին փոխանցել է իրենց պահանջը՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը և իշխանության անցնցում փոխանցելը։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը համաձայն է քննարկել դա և առավոտյան տեղի կունենա նրանց հանդիպումը։
Ապրիլի 22֊ի առավոտյան ժամը 10:00֊ին տեղի ունեցած հանդիպումը կարճ տևեց։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք երկխոսության չի եկել և պատրաստ է քննարկել միայն վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը։
Սերժ Սարգսյանն էլ հորդորեց դադարեցնել հավաքները, այլապես ողջ պատասխանատվությունը կրելու է Նիկոլ Փաշինյանը և չլսելով վերջինիս խոսքը՝ հեռացավ։
Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, որից հետո շարունակեց երթը Երևանի փողոցներով։
Ապրիլի 21֊ի ուշ երեկոյան ձերբակալվել է շարժման համակարգողներից Դավիթ Սանասարյանը, ավելի վաղ ձերբակալվել էր Արմեն Գրիգորյանը։
Այսօր էլ ոստիկանները բռնի ուժով հավաքի վայրից հեռացրին ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանը և շարժման առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև խաղաղ հավաքի մի շարք այլ մասնակիցների։
Ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառեց։