Գայանե Առուստամյանի գործով նոր ապացույցներ կներկայացվեն
16:32, June 22, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Տեղաշարժի ազատություն | Գայանե Առուստամյան2016 թ. հունիսի 21-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի՝ ՀՀ ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցչի՝ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու կամ գործի վարույթը կարճելու միջնորդությունները քննարկելու անհրաժեշտությամբ:
Դատական նիստին մասնակցում էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Դատարանը, առանձին քննարկելով Գ. Առուստամյանի ներկայացուցչի միջնորդությունները, գտավ, որ առկա չեն դրանք բավարարելու հիմքեր, և որոշեց մերժել ներկայացված միջնորդությունները:
Այնուհետև Դատարանն անցավ գործում առկա ապացույցների հետազոտման փուլին, որի ընթացքում հետազոտվեցին ինչպես՝ հայցվոր, այնպես էլ հակընդդեմ հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները, կողմերի պահանջով հրապարակվեցին դրանց անհրաժեշտ հատվածները:
Պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչը դատարան ներկայացրեց լրացուցիչ ապացույցներ, որոնցից մեկը, «Շտապօգնություն» ՓԲԸ-ի կողմից իր դիմումին ի պատասխան, տրամադրված գրությունն էր, որտեղ արձանագրվել էր շտապօգնության բրիգադի՝ ոստիկանության բաժին ժամանելու ժամը: Միաժամանակ, Տ. Սիրադեղյանը դատարան ներկայացրեց նաև Գ. Առուստամյանի չաշխատելու և ՀՀ Վարչական դատարանի կողմից վարչական պատասխանատվության ենթարկված չլինելու վերաբերյալ ապացույցներ: Դատարանն անհրաժեշտ համարեց Գայանե Առուստամյանի գույքային վիճակի վերաբերյալ ապացուցյի ներկայացումը, որով կփաստվի, որ վերջինս հարկ վճարող չի համարվում: Գ. Առուստամյանի ներկայացուցիչը խնդրեց հնարավորություն տալ այդպիսի ապացույց դատարան ներկայացնելու համար:
Այդպիսով, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը և նշանակել 2016 թ. հուլիսի 14-ին՝ ժամը 14:30-ին: