Հայաստանում ապրելակերպը գնալով դառնում է անտանելի, անհնարին մարդկային արժանապատվության համար
10:44, August 23, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանում գնալով ապրելակերպը, կենսակերպը/ ինստիտուցիոնալ, հոգեբանական, իրավական, տնտեսական, սոցիալական, մշակույթային և այլն/ դառնում է անտանելի, անհնարին մարդկային արժանապատվության համար: Հատային, առանձին բացառիկ քայլերն այլևս չեն կարող, նույնիսկ ամենալավատեսական տրամադրվածության դեպքում, համարվել որպես հնարավորություն փոփոխության հասնելու համար: Աչքներիս առաջ քայլ առ քայլ ինքնաոչնչացվում ենք: Ըստ էության 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ մերժվեց եվրոպական համագործակցության ուղղությունը, ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո բացարձակպես որևէ արդյունք չենք արձանագրել, ՈՉ ՄԻ: Փաստորեն եվրոպական համագործակցությունը և կասեցնում կամ սառեցնում էր այսօրվա քայքայման գործընթացները, բայց միաժամանակ անխղճորեն օգտագործվում էր իշխանություն կոչվածների կողմից` սեփական անպետքությունը կոծկելու նպատակով: Դրանում էր իշխանությունների գործելակերպի իմիտացիոն բնույթը, որի մասին բազմիցս ահազանգում և բարձրաձայնում էինք, սակայն ուկընդրողները մնում էին անհաղորդ: ԵՏՄ-ն ելքեր չի տալիս և չէր կարող տալ, որի մասին նույնպես ահազանգում և բարձրաձայնում էինք, բայց վերստին ապարդյուն: Մենք կանգնել ենք դեմ առ դեմ մեր խնդիրների հանդեպ: Դոփում ենք տեղում` չնայած մեր շուրջը, աշխարհում արմատական տեղաշարժեր և փոփոխություններ են տեղի ունենում: Մենք դոփում ենք արդեն երկու տարի` ոչ մի էական քայլ չենք կատարել: Եղածի մի քանի անգամ վերաբաժանումը, մեխանիկական տեղափոխությունները, այդ թվում սահմանադրական փոփոխությունները, ոչ միայն անարդյունք է, ժամանակի վատնում, այլև դիակապտություն: Իրավական, ժողովրդավարական, սոցիալական և ինքնիշխան պետությունում ապրելուն խոչընդոտում է ոչ թե Սահմանադրությունը, այլ ոչ իրավական, ոչ ժողովրդավարական, ոչ սոցիալական և ոչ ինքնիշխան մտածելակերպը, գործելակերպը և դիրքորոշումը: Ոչ թե սահմանադրական ճգնաժամ է, այլ պատասխանատվության ճգնաժամ` պատասխանատվություն մարդու, պետության և աշխարհի առջև: