Անպատժելիություն, անարդար դատական գործընթացներ, իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումներ ու ազատ արտահայտման իրավունքի խախտումներ Հայաստանում. «Amnesty international»-ը հրապարկել է 2017թ.-ի զեկույցը
18:42, February 22, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն«Amnesty international» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին 2017թ.-ի զեկույցը:
Զեկույցում շեշտադրումներ են արվել Հայաստանում տիրող անպատժելիության, անարդար դատական գործընթացների, իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումների, արտահայտման ազատության նկատմամբ ճնշումներին, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վիճակին:
«Գրեթե ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 2016 թ.-ին մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ գործադրելու համար». նշվում է զեկույցում: Հայաստանում տիրող անպատժելիության համատեքստում նշվում է, որ 2016 թ. հուլիսին Երևանում տեղի ունեցած ցույցերից հետո տասնյակ ցուցարարների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ հասարակական կարգը խախտելու և այլ հանցագործությունների հիմքով: Դրան հակառակ՝ ոստիկանների լիազորությունները գերազանցելու հիմքով հարուցված քրեական գործերով որևէ մեկի մեղադրանք չի առաջադրվել:
Ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող դատավարություններն ուղեկցվել են արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Քրեական գործ է հարուցվել իրավապաշտպանի նկատմամբ: Խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններն ուղեկցվել են բռնության դեպքերով:
Ընտրություններն ստվերվել են ձայներ գնելու մասին հավաստի տեղեկություններով, պետական համակարգի և մասնավոր կազմակերպությունների աշխատողների նկատմամբ ճնշումներով՝ իշխող Հանրապետական կուսակցության օգտին քվեարկություն ապահովելու համար:
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ այն իր բովանդակությամբ զիջում է Հայաստանի կողմից 2013-ին չստորագրված Ասոցացման համաձայնագրին:
Դատական գործընթացների անարդարացիության տեսանկյունից ներկայացվում են «Սասնա ծռեր» խմբի անդամներին դատարանի շենքում ծեծելու և նրանց փաստաբանների նկատմամբ ճնշումներ գործադրելու փաստերը:
Իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումների համատեքստում անդրադարձ կա իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Նշվում է, որ նրա նկատմամբ քրեական գործի հարուցումը ուղղակի կապ ունի նրա իրավապաշտպան գործունեության հետ:
Ամբողջական զեկույցն այստեղ