Ցուցարար Արմեն Միքայելյանի բողոքի քննությունը կվերսկսվի
13:23, February 22, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք2018 թ. փետրվարի 21-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը պետք է հրապարակեր ցուցարար Արմեն Միքայելյանի գործով վճիռը:
Ա. Միքայելյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2017 թ. փետրվարի 17-ի որոշման դեմ: Այդ որոշմամբ Վարչական դատարանը բավարարել էր ցուցարարի դեմ ՀՀ Ոստիկանության հայցը և որոշեց նրան վարչական պատասխանատվության ենթարկել 100.000 ՀՀ դրամի չափով:
Ա. Միքայելյանը 2016 թ. մարտի 24-ին մասնակցել է Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքին: Հավաքի որոշ մասնակիցներ, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը: Ոստիկանները նրանց ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով:
2018 թ. փետրվարի 21-ին դատարանը հայտարարեց բողոքի քննությունը վերսկսելու մասին: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: