Ներքին խմորումները կան ու կան, որոնք կհանգեցնեն հեղաշրջման
10:36, July 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության երկարաձգումը, կարծիք կա, որ պայմանավորված է Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ տեղադրել-չտեղադրելու խնդրով: Ըստ Ձեզ՝ սա է հիմնակա՞ն պատճառը, թե՞ կան նաև այլ պատճառներ:
Անհասկանալի է, որ սկզբում խոսվում էր Մաքսային միությանը, իսկ հիմա արդեն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին, մինչդեռ այդ երկուսը բովանդակային առումով պետք է տարբեր լինեն, բայց այն, որ տարբերություն չի դրվում, նշանակում է սա իսկապես քաղաքական պրոյեկտ է: Իսկ քաղաքական պրոյեկտի էությունը նախկին խորհրդային երկրներին իրենց ենթարկեցնելը, այդ տարածքում որքան հնարավոր է Կրեմլի քաղաքական ազդեցությունը ապահովելն է: Այդ առումով պիտի նայել խնդրին և հասկանալ, թե ինչով է պայմանավորված Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգումը: Միանշանակ է, որ դա պայմանավորված է Կրեմլի կողմից Ադրբեջանին ևս Եվրասիական տնտեսական միության մեջ մտցնելու կամ Ադրբեջանի նկատմամբ Կրեմլի ուղղակի կառավարումը ամրապնդելու խնդիրներով: Շատ պարզ տրամաբանություն կա. եթե Հարավային Կովկասում Վրաստանը գնում է ԵՄ-ի հետ ասոցացման, Ադրբեջանը պահպանում է իր անկախությունը՝ ունենալով հարաբերություններ ԵՄ-ի հետ ասոցացման շրջանակներում, և միայն Հայաստանն է գնում ռուսական ճանապարհով, Կրեմլը դրանից ոչինչ չի շահում, որովհետև ստանում է Կալինինգրադի մարզի կարգավիճակում գտնվող ևս մեկ տարածք՝ Հարավային Կովկասում:
Ադրբեջանին ներգրավելու միակ տարբերակը Ղարաբաղն է, որովհետև Կրեմլը բան չունի առաջարկելու Իլհամ Ալիևին: Օրինակ, Սերժ Սարգսյանին Պուտինը կարող է իշխանության պահպանման երաշխիք հանդիսանալ, իսկ Իլհամ Ալիևին դա չի կարող առաջարկել: Նա չի կարող նաև փող առաջարկել Ադրբեջանին, քանի որ Իլհամն ինքը կարող է փող ներդնել Ռուսաստանում: Իհարկե, Հայաստանին էլ չի առաջարկի, քանի որ Հայաստանին ոչ թե առաջարկում է, այլ Հայաստանի ռեսուրսներն է վերցնում: Միակ բանը, որ ունի առաջարկելու որպես իր աշխարհքաղաքական հաստատման միջոց, Ղարաբաղն է: Իլհամին նա ամբողջ կյանքում կարող է դարձնել ազգային հերոս, որը վերադարձրեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմ: Եվ այդ տեսանկյունից պարզ է, որ այս ամբողջ բանակցությունները գնում են, որ Հայաստանի ազդեցությունը Ղարաբաղի հետ կապված չեզոքացնի՝ ի նպաստ Ադրբեջանի:
Հիմա ամբողջ խոսակցությունը հենց դրա շուրջ է և հայ-ադրբեջանական սահմաններում ռազմական ակտիվությունը նպատակ ունի հիմք ստեղծելու, որ Ռուսաստանը դառնա միակ փրկարար օղակը, և հիմք ստեղծի Ռուսաստանի «փրկարար» ուժերը Ղարաբաղի տարածք մտցնելու համար: Ես ժամանակին ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը վտանգված է Ռուսաստանի միակողմանի գործողությունների հետևանքով, և այդ տեսանկյունից է, որ Ուորլիքը և Ֆրանսիան սկսեցին անհանգստանալ և ակտիվություն դրսևորել: Ռուսաստանն ուզում է Մինսկի խմբում եթե գերակայություն չվերցնի, առնվազն գոնե կազմալուծի այդ խումբը և ինքը դառնա որպես խնդիրը լուծող միակ երկիրը: Այդ տեսակետից Ադրբեջանի հետ շահերը համընկնում են, որովհետև Ադրբեջանն էլ չի ուզում, որ Մինսկի խումբը մնա: Բայց Ադրբեջանին մտահոգում է այն, թե Ռուսաստանը խաղաղապահ ուժեր մտցնելով կկատարի՞ Ադրբեջանի շահերից բխող գործողություն՝ կհանձնի՞ Ղարաբաղը Ադրբեջանին: Այսինքն խնդիր է դրված Հայաստանին կտրել և ամբողջովին վերացնել որպես Ղարաբաղի անվտանգության երաշխիք, և սա այն դեպքն է, երբ ռուսների և Ադրբեջանի շահերը համընկում են:
Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետեր դնելը ուղղակի ձևակերպման տեսակն է, իսկ հիմքում ընկած է ռուսական զորքերը որպես տարածաշրջանային խաղաղարար ուժեր Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ տարածաշրջան մտցնելը, որին բնականաբար դեմ են Ֆրանսիան և ԱՄՆ, որովհետև այդ դեպքում իրապես Ադրբեջանն ամբողջովին կտրվում է ԵՄ-ի հետ այն հարաբերությունների մակարդակից, որը հիմա գոյություն ունի:
Դուք նշեցիք, որ Մոսկվան ինչպես ուզի, այնպես էլ կվարվի Հայաստանի հետ: Վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդը մտահոգված է ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Ադրբեջանին զենք վաճառելու խնդրով: Հնարավո՞ր է, որ Հայաստանը սկսի իր շահերը թելադրել:
Նույն Սերժ Սարգսյանն ասում էր, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակայինին, բայց մենք դա պետք է անենք: Ուրեմն Սերժ Սարգսյանի համարձակությունը հերիքում է միայն սեփական ժողովրդին ինչ-որ բան պարտադրելուն: Նա ֆինանսական, դիվանագիտական, քաղաքական որևէ ռեսուրս չունի Կրեմլի պահանջներին դեմ գնալու համար: Եթե Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնում, ապա դրան պիտի քայլեր հետևեն, բայց ես այդ քայլերը չեմ տեսնում ու համոզված եմ, որ այդ բոլոր արտահայտությունները համաձայնեցված են Կրեմլի հետ և ներքին օգտագործման համար են: Այստեղ, իհարկե, միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, բայց միաժամանակ քաղաքական կուսակցությունների ու ինստիտուտների կողմից ևս որևէ այլընտրանքային մոտեցում արտաքին քաղաքականության բնագավառում չեմ տեսնում: Այսինքն, Սերժ Սարգսյանի խղճուկ քաղաքականությունը դժբախտության մի մասն է: Մյուս մասն այն է, որ այդ խղճուկ քաղաքականության կողքին այլ իրական, հուսադրող քաղաքական գործողություններ ու ծրագրեր առաջարկող չկա: Իրավիճակն արձանագրելու համար քաղաքական գործիչ լինել պետք չէ, կարող ես լինել քաղաքագետ: Քաղաքական գործիչը նաև պիտի ծրագիր, հայեցակարգ ու տեսլական առաջարկի, որն այս պահին, ցավոք սրտի, չեմ տեսնում:
Արթուր, օրեր առաջ Դոնեցկի երկնքում խփվեց «Բոինգ 787» օդանավը: Այս առումով աշխարհաքաղաքական տեղաշարժեր նկատո՞ւմ եք: Ի՞նչ է սպասվում Ռուսաստանին:
Մալայզիական Boeing-ի կործանմամբ առաջին անգամ մի բան արձանագրվեց, որ արևելյան Ուկրաինայում ռուսական ագրեսիան ոչ թե տեղային նշանակության երևույթ է, այլ մարտահրավեր է միջազգային անվտանգությանը: Դրա մասին բազմիցս ասվում էր, և Ղրիմի բռնակցումից հետո կարծես թե սանկցաների մասին լուրջ խոսակցություն էր գնում: Այսինքն ընկալումը կար, որ Ռուսաստանի քաղաքականությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն եվրոպական, այլ նաև համաշխահային անվտանգությանը: Երբ արդեն մալայզիական ինքնաթիռը խփվեց և հաստատվեց, որ հրթիռն արձակվել է Դոնբասի տարածաշրջանից, որտեղ ահաբեկիչներն են տիրում իրավիճակին՝ ռուսների աջակցությամբ, բոլորը հասկացան, որ իրավիճակը դուրս է գալիս տեղային նշանակության շրջանակներից: Արդյունքում տեսնում ենք, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցներն ավելի են հստակեցվում: Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ հանդես եկավ խիստ քննադատությամբ Եվրամիության երկիմաստ, երկչոտ ու ոչ վճռական պահվածքի վերաբերյալ՝ նկատելով, որ պետք է ավելի վճռական լինել պատժամիջոցների հարցում:
Կարծում եմ՝ դա որոշակի սթափեցնող ազդեցություն կունենա, բայց Պուտինը տարբերակ չունի: Եթե նա իր ագրեսիվ քաղաքականությունից հրաժարվի, նա կկործանվի, որովհետև նահանջելու ճանապարհ այլևս չունի: Պուտինն առաջարկելու ոչինչ չունի, միայն տեսարաններ իր հասարակությանը, և եթե նա հրաժարվում է իր ագրեսիվ քաղաքականությունից, ուրեմն պիտի հրաժարական տա, որովհետև դա նրա քաղաքական հայեցակարգն է: Այս պարագայում շատ հետաքրքիր իրադարձություններ, լուրջ խմորումներ կարող են լինել հենց Պուտինի շրջապատում: Խնդիրն այն է, որ բոլորն ունեն կողմնորոշումներ, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բալթյան երկրները, Իրանը, Ադրբեջանը, ԵՄ-ն, իսկ Հայաստանն ընդհանրապես դիրքորոշում չունի: Ամենախայտառակությունը դա է: Դիրքորոշման բացակայությունը քեզ ենթակա է դարձնում արտաքին ազդեցություններին:
Մեր դեպքում, ցավոք, դա միայն Կրեմլի ազդեցությունն է: Մենք շատ ավելի վատ վիճակի մեջ կարող ենք հայտնվել, նույնիսկ եթե Կրեմլում քաղաքական էլիտայում ներքին կոնֆլիկտներ առաջանան: Ներկա պայմաններում Հայաստանի ստրկական պահվածքը հարգանքի ոչ մի հիմք չի կարող ստեղծել: Եթե անգամ վաղը Հայաստանը հայտարարի, թե՝ կներեք, մենք ստիպված էինք այսպես վարվել, հիմա որոշել ենք եվրոպական ուղղությամբ գնալ, դա կլինի անբովանդակ, խղճուկ ու շակալային հայտարարություն՝ «А мы идем на север»-ի նման: Ոչ ոք այլևս մեզ լուրջ չի ընդունի: Այսինքն, դիրքորոշման բացակայության պատճառով դու չես ստեղծել քեզ հետ արժանապատվորեն խոսելու հիմք: Քաղաքական դաշտում էլ բացակայում են հստակ դիրքորոշում հայտնողները, թեև Հայաստանում էլ կարող են նոր միավորումներ առաջանալ:
Այսինքն աշնանը նոր զարգացումների՞ սպասենք:
Ես կարծում եմ իրադարձություններն ավելի արագ են ընթանում հստակեցման ուղղությամբ, քան մենք պատկերացնում ենք: Ես դա ոչ թե աշնան հետ եմ կապում, այլ իրադարձությունների տրամաբանությունն է այնպես գնում, որ եզրահանգումները միանշանակ են ժամանակի և տարածության առումով: Մենք ականատես ենք լինելու բավական լուրջ տեղաշարժերի:
Հնարավո՞ր է, դա դրսից պարտադրված քայլ լինի:
Ոչ, հիմա Հայաստանի ներսում էլ գործընթացներ են գնում, մենք տեսնում ենք բավական լատենտային, լուրջ ռեսուրսների ձևավորում: Պոտենցիալի լուրջ կուտակումներ են տեղի ունենում, որովհետև այս իրավիճակը չի կարող բավարարել հասարակությանը: Իշխանական ապարատում էլ չեն կարող բավարարված լինել, որովհետև հարցեր կան, որոնք պատասխաններ չունեն: Իշխանությունները միայն հռչակագրային մակարդակի ձևակերպումներով չեն կարող հարցերը լուծել: Բացի այդ, չունենալով դիրքորոշում արտաքին ոլորտում, դիրքորոշում չունեն նաև ներքին քաղաքականության մեջ: Նույն մարդը մեկ վկայակոչում է հանրային կարծիքը, մյուս դեպքում հանրային կարծիքը հրապարակավ անտեսում է, էլ չեմ խոսում արտաքին քաղաքականությունում կտրուկ փոփոխությունների մասին:
Եթե կանխատեսելիության աստիճանը թույլ է, նշանակում է դրա պատճառով լուրջ խնդիրներ ունեցողները երկիրը կբերեն կանխատեսելիության վիճակի հենց նույն ապարատում: Այսինքն, եթե հանրային ռեսուրսները չբավարարեն քաղաքացիական մակարդակում փոփոխություններ կատարել, ապա անպայման պալատական ներքին խմորումները կան ու կան, որոնք կհանգեցնեն հեղաշրջման: Այնպես, ինչպես 1998-ին եղավ, նույնը պիտի լինի նաև 2014-ին:
Աղբյուրը՝ www.lragir.am