«Ավետիսյանների ընտանքի սպանության դրդապատճառը չբացահայտելը հիմք է տալիս պնդելու, որ հանցագործությունը բացահայտված չէ»․ Արթուր Սաքունց
23:38, August 23, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճռի հրապարակմանը զուգահեռ բաց մնաց այն հարցը, թե որտեղ պետք է Պերմյակովը կրի իր պատիժը: Հիշեցնենք, որ Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության համար: Դատավոր Հարություն Մեվսեսյանը վճիռը հրապարակելիս չանդրադաձավ պատժի կրման վայրին: Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը նույնպես հայտարարեց, որ չի տրվել հարցի պատասխանը, թե որտեղ պետք է ամբաստանյալը կրի պատիժը:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Պերմյակովը Հայաստանում չի կրի պատիժը, առաջիկայում կտեղափոխվի Ռուսաստան: Այս դատավարության ընթացքում նաև ի հայտ եկան տարաբնույթ հարցեր, որոնց պատասխաններն, ըստ մասնագետների, այդպես էլ չեն ստացվել: Հարցերից գլխավորը նաև այն է, թե արդյոք Պերմյակովը միայնակ է կատարել սպանությունը:
Թեմայի շուրջ «Մեդիալաբը» զրուցել է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
-Պարոն Սաքունց, ի՞նչ հարցեր բաց մնացին այս դատավարության շրջանակներում:
-Ընդհանրապես և նախաքննության, և դատաքննության շրջանակներում Ավետիսյանների ընտանքի սպանության դրդապատճառը չբացահայտելն արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ հանցագործությունը բացահայտված չէ: Ավելին, 2015 թվականի հունվարի 12-ին ինչ հայտնի էր այդ գործով, դրան նոր բան չավելացավ: Եվ կարելի է ասել, որ այսքան ժամանակն իզուր է վատնվել, որովհետև ոչ ռուսական բազայի ղեկավարության, ոչ էլ Ռուսաաստանի իրավապահ մարմինների պատասախանատվության հարցն Ավետիսյանների ընտանիքի սպանության հարցում չստացավ իր իրավական գնահատականը: Ավելին, հիմքեր չունենք պնդելու, որ Պերմյակովը միայնակ է կատարել հանցագործությունը կամ պնդելու, որ հանցագործության կատարման մեջ այլ մասնակիցներ չեն եղել:
֊Այսինքն՝ բաց է գլխավոր հարցը՝ նա միայնակ է կատարել հանցագործությունը, թե՞ ոչ:
Այո, որովհետև մենք հստակ կարող ենք ասել, քանի որ Պերմյակովի զենքն ու զինվորական հագուստները կան դեպքի վայրում, դա ընդամենը կարող է մեկ բան փաստել, որ Պերմյակովը տեղյակ է եղել Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին: Բայց արդյոք այլ մարդի՞կ էլ են մեղսակից, այս հարցը բաց մնաց: Եվ վերջին հաշվով, սպանության դրդապատճառը չբացահայտելը մեկ այլ հարց է առաջ քաշում՝ արդյոք Ավետիսյանների ընտանիքն էր սպանության բուն թիրախը, կա՞ր արդյոք մեկ այլ թիրախ: Երբ դիտարկում ենք նախաքննության ու դատաքննության ամբողջ ընթացքը, մենք ի սկզբանե գալիս ենք հետևյալ համոզմանը, որ այս քրեական հանցագործության մեջ քաղաքական գործոնը վճռորոշ դեր է կատարել այն աստիճան, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու փոխարեն, ինչը բխում էր հայ-ռուսական պայմանագրերից, հակառակը տեղի ունեցավ՝ ՀՀ դատարանը հանձվեց Ռուսաստանի Դաշնության տնօրինությանը: Եվ ակնհայտ ունենք ՌԴ ենթակայությամբ գործող ՀՀ նախաքննության մարմնի ու դատարանի գործողություններ, ինչի պարագայում բնականաբար դատարանը կաշկանդված էր նույնիսկ իր որոշման եզրափակիչ մասում նշելու, թե որտեղ պետք է պատիժը կրի Պերմյակովը: Այսինքն՝ մենք պնդում ենք ու ամրագրում, որ ՀՀ իշխանությունները հետամուտ չեղան իրենց քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանությանը:
֊Արդեն խոսակցություններ կան Պերմյակովի՝ Ռուսաստան տեղափոխվելու հնարավորության մասին։ Արդյոք նման շրջադարձը հավանական համարո՞ւմ եք։
֊Ես կարծում եմ, որ այս հարցը հնչեցնելը տեղին չէ, որովհետև Պերմյակովն ընդհանրապես հայկական կողմում չի գտնվել: Նա ՌԴ հսկողության ներքո է գտնվել ի սկզբանե: Հիմա, թե ՌԴ-ն կպահի ռուսական բազայում, թե կտեղափոխի մեկ այլ տեղ, դա արդեն ամբողջովին ՌԴ հայեցողության հարց է:
֊Այսինքն՝ ի սկզբանե այդ հարցը ռուսական կողմը լուծե՞լ է:
֊Ի սկզբանե Պերմյակովը գտնվել է ՌԴ հսկողության տակ, և այդ պարագայում խոսել, որ նա կտեղափոխվի, թե ոչ, արդեն անիմաստ է, որովհետև այդ հարցն արդեն Ռուսաստանի իշխանությունների հայեցողության տակ է գտնվում: Եվ ՀՀ իշխանությունն ի սկզբանե ընդունակ չի եղել լուծել այդ հարցը:
֊Այս ընթացքում անընդահատ բարձրացվել է ռուսական կողմին, ռազմաբազայի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցը: Բայց մենք ականատես եղանք, որ դատավարության ընթացքում դատարանն այդ հարցը շրջանցեց, ինչո՞ւ:
֊Մամուլի հրապարակումների համաձայն՝ ՌԴ ռազմաբազայի ղեկավարը գտնվում է Դոնբասում: Նրա պատասխանատվության հարցը մենք էլ ենք բարձրացրել դեռևս նախաքննության փուլում, նաև անմիջական հրամանատարների հարցն ենք բարձրացրել, ովքեր պատասխանատու են Պերմյակովի զինվորական ծառայության կազմակերպման ու ծառայության նկատմամբ հսկողության իրականացման մեջ: Անդրադարձել ենք նաև Հայաստանի իրավապահ մարմինների անգործությանը: Բայց, նորից եմ կրկնում, Հայաստանի դատարանը հանձված է եղել Ռուսաստանի Դաշնության քաղաքական իշխանությանը, տվյալ դեպքում՝ ռուսական ռազմաբազյի տնօրինությանը: Եվ նման պայմաններում դատարանը չի կարող որոշում կայացնել իրեն տնօրինողների դեմ: Սա է փաստը: