Հայաստանում ճգնաժամն ամբողջացավ. Մնացել են ուժային մեթոդները
18:24, December 24, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Հայաստանի ներքաղաքական կյանքում աշունը թեժ չեղավ, բայց կարծեք թե ձմեռն է թեժ: Նկատի ունեմ թե ազատամարտիկներին ու ընդդիմադիր գործիչներին ծեծի ենթարկելու, թե ակտիվ քաղաքացիների մեքենաներն այրելու դեպքերը, թե դրամի կտրուկ աժեզրկումն ու գնաճը: Ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը, և արդյոքիշխանությունների մոտ խուճապ նկատվում է:
Վերջին իրադարձությունների հենքի վրա մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի քաղաքական իշխանությունն ու համակարգը ոչ միայն իրական դերակատարում չունեն արտաքին հարաբերություններում, այլև պատրաստ չեն լուծել ներքին կյանքում տեղի ունեցող մարտահրավերները: «Նախախորհրդարանի» անդամների, այլ կարծիք ունեցող քաղաքական գործիչների դեմ բռնության դեպքերի վերաբերյալ մեկնաբանությունների տարափը, որով ըստ էության արդարացվում էին այդ բռնությունները, խոսում է այն մասին, որ իշխանությունն անգամ իր ներսում վերահսկողություն չունի, որովհետև այնտեղ խոսքը ոչ միայն անպատասխանատվության ու ցինիկության մասին է, այլև ոչ համարժեք պահվածքի, որը շատ լուրջ է հենց իշխանության շահերի տեսակետից: Թվում էր, թե լարվածության ֆոնին պետք է բոլորովին այլ բառապաշար և մոտեցումներ ցուցաբերեին, որ ավելի չլարեին վիճակը:
Մյուս կողմից, ոչ համարժեք էր նաև քաղաքական դաշտի, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերի պահվածքը, որոնք հանդես եկան դատապարտումներով միայն բռնությունների վերաբերյալ, բայց տնտեսական դաշտում վայրիվերումների հետ կապված բացարձակապես չտեսանք որևէ վերաբերմունք ու արձագանք: Այսինքն, արձանագրում ենք, որ այն անորոշությունը, որի մասին մենք խոսում էինք շատ երկար ժամանակ՝ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո, և որը տիրապետող էր ողջ 2014-ի ընթացքում, պայմանավորված է նրանով, որ որևէ մեկը չի ցանկանում պատասխանատվություն կրել և պատրաստ էլ չի վերցնել պատասխանատվությունը ստեղծված վիճակի համար, որում հայտնվել է երկիրն ու նրա քաղաքացին: Բացարձակ անպատասխանատվության վիճակ է, որը դրսևորվում է և այդ բռնություններով, և տնտեսական վիճակի վատթարացմամբ, և արտագաղթի աճով: Իշխանություններն ավելի շատ գործում են առանձին հրդեհները մարելու գործելակերպով, որի ամենացայտուն դրսևորումը գների սաստմանն ուղղված վարչապետի այցելությունն էր տարբեր սուպերմարկետներ:
Այսինքն այն քաղաքական լծակները, որոնք ունեն իշխանությունն ու ոչ իշխանական ուժերը, դարձել են անպիտան, ոչ թե այն պատճառով, որ այդ լծակները բանի պետք չեն, այլ որովհետև այն կրողներն են անգործունակ:Այս պատկերի վրա շատ հետաքրքիր է տեսնել Բելառուսի և Ղազախստանի ակտիվ դիրքորոշումները, որոնք լինելով ավտորիտար պետություններ, այնուամենայնիվ, իրենց հուզող խնդիրները՝ կապված Ռուսաստանի հավակնությունների հետ, հայտնում են և ներկայանում որպես ինքնուրույն միավորներ: Իսկ ՀՀ իշխանությունն ու ոչ իշխանությունը միավոր չեն ոչ միայն արտաքին հարաբերություններում, այլև ներքին քաղաքականության մեջ: Կարելի է ասել, որ մենք բարձիթողի վիճակում ենք, և այն հրդեհը հանգցնելու տարբերակը, որ կիրառվեց ֆինանսական շուկայում վիճակը շտկելու համար, ժամանակավոր բնույթ է ունենալու, որովհետև դա ոչ թե համակարգային լուծում է, այլ ընդամենը տվյալ պահին լարվածությունը նվազեցնելուն միտված քայլ: Ես կարծում եմ, որ հաջորդ տարի ևս իշխանությունը շարունակելու է այդ գործելակերպը, եթե շարունակվի նույն քաղաքական համակարգը:
Բելառուսի նախագահը շատ խիստ գնահատականներ է հնչեցնում ԵՏՄ–ի հետ կապված և անգամ շանտաժի լեզվով է խոսում: Շատերը նշում են, որ այդ միությունը երկար կյանք չի ունենալու, այդ դեպքում ո՞րն է լինելու Հայաստանի տեղը այդ հարաբերություններում:
Ընդհանրապես կարող ենք արձանագրել, որ Հայաստանն այդ միությունում ի սկզբանե տեղ չունի և հանդես էր գալիս միայն Պուտինի շահերը սպասարկողի դիրքում: ՀՀ իշխանությունն ու քաղաքական բոլոր ուժերը, բացառությամբ 1-2-ի, ըստ էության հարմարվել են և իրենց ցույց են տվել որպես Պուտինի հավակնությունները սպասարկողների, դրա համար էլ նրանք որպես ինքնուրույն միավոր հանդես գալու որևէ հավակնություն չեն կարող ունենալ: Դա առավել ցայտուն երևում է Բելառուսի և Ղազախստանի դիկտատորների կողմից Պուտինի հետ հարաբերությունների խորապատկերի վրա:Անկախ ամեն ինչից, ԵՏՄ-ն բռնապետների ակումբ է, և արդեն հստակ է, որ այն որևէ տնտեսական ենթատեքստ չունի, ուղղակի հիմա այդ ակումբում մեկը մյուսի նկատմամբ դիրքավորվելու խնդիրն են լուծում, որպեսզի ամեն մեկն իրեն համարժեք տեղը գտնի: Այդ առումով Հայաստանը որևէ տեղ ունենալ չի կարող իր ռեալ իրավիճակով, ռեսուրսներով, ինչպես նաև իր քաղաքական առաջնորդների հավակնությունների բացակայության պատճառով:
Պուտինը տարեվերջյան իր ասուլիսում հայտարարեց, որ Ռուսաստանը իր սահմաններից դուրս ընդամենը երկու ռազմակայան ունի՝ Ղրղզստանում և Տաջիկստանում, չնշելով Գյումրիի ռազմակայանի մասին: Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված սա:
Այն, որ Պուտինն իր երեքժամյա ասուլիսի ժամանակ այդպես էլ ոչ մի անգամ չհիշատակեց Հայաստան բառը, այդ թվում նաև Գյումրիի ռազմակայանի մասին, որը հանդիսանում է իր միակ հենարանը Հարավային Կովկասում, դա Պուտինի ենթագիտակցության մեջ Հայաստանի հանդեպ վերաբերմունքի արտացոլումն է, ինչը վասալի կամ իրեն սպասարկողի հանդեպ վերաբերմունք է: Սպասարկողին ինչո՞ւ պիտի հիշեն: Այդ հարցը ավելի շատ պիտի Հայաստանի իշխանությունները կամ քաղաքական ուժերը բարձրացնեն, ասելով՝ պարոն Պուտին, ինչու մեզ չեք հիշել: Բայց կարծում եմ՝ անգամ դրա համարձակությունը չունեն ասելու, թե նեղացած են, որ «մեծն Պուտինն» իր երեքժամյա ասուլիսի ընթացքում չի հիշատակել ու չի արժևորել իր վասալների դերն ու ծառայությունը:
Մյուս կողմից, դրան հաջորդեց շքանշանների տրամադրումն իր վասալներից երեքին, ու երևի հիմա նրանց միջև պիտի մրցկացություն սկսվի, թե որ մեկն առաջինը կարժանանա ցարի դրվատանքին:Խնդիրն իրապես ավելի լուրջ է. ոչ Հայաստանի իշխանությունը, ոչ էլ Կրեմլը Հայաստանում իշխանություն իրացնելու հնարավորությունը չունեն, բացի զինված մեթոդներից ու բռնի ուժից: Հայաստանում ես ակնկալում եմ, որ եկող տարի կիրառվելու են միայն ուժային մեթոդներ՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու համար: Նկատի ունեմ նաև իշխանափոխությունն և արտահերթ ընտրությունները: Հայաստանում արդեն որևէ քաղաքական գործոն գոյություն չունի: Հայաստանում քաղաքական գործոն կարող են հանդիսանալ միայն ՀՀ քաղաքացիները, որոնք կարող են կազմակերպվել, ընդվզել կամ կատարել փոփոխություն, բայց նրանք էլ, ընդհանուր առմամբ, դեռ չունեն ինքնակազմակերպման կամ հասունության այդ աստիճանը:
Հայաստանում իշխանության փոփոխության, իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու միայն մեկ գործիք գոյություն ունի՝ բռնի ուժը, որը կիրառելու համար, իմ խորին համոզմամբ, ՀՀ իշխանությունները չունեն համապատասխան կարողություն, որովհետև կիրառելուց բացի պիտի կարողանաս հետո տիրապետես իրավիճակը: Այդ կարողությունն ունի միայն Կրեմլը, որը նման մեթոդների գնալու է 2015 թվականին, իր տեսակետից, առաջին իսկ ապակայունացման դեպքում:
Վերջին շրջանում ընդդիմադիրների ու ազատամարտիկների ծեծը, դրան հաջորդած սպառնալիքներն ու փոխադարձ հայհոյանքները, համարձակության կոչերը, կարո՞ղ են հանգեցնել նոր ուժի ձևավորման, մասնավորապես ազատամարտիկներն են ուզում համախմբվել:
Ազատամարտիկներն, իհարկե, կարող են հավակնություն ունենալ միավորվել ու ընդվզել իրենց դեմ ուղղված բռնությունների դեմ, բայց իրավիճակի փոփոխություն կարող է լինել միայն քաղաքական լուրջ ծրագրերի գոյության դեպքում, երբ կա տեսլական, այսինքն հեռանկարային քաղաքական ծրագիր, որը, ցավոք, ազատամարտիկների մոտ չեմ տեսնում և չեմ էլ կարող ակնկալել: Իրենք պիտի այդ ծրագիրն առաջարկեն: Շատ ազատամարտիկներ նույնպես հրդեհը հանգցնելու մարտավարությունն են իրականացնում, երբ արդեն իրավիճակն այնքան է վատացել, որ թիրախում հայտնվել են նաև իրենք: Ազատամարտիկները մոռանում են, որ մինչ այդ բռնության թիրախում էին իրավապաշտպանները, հասարակության այլ խմբերը, որի ժամանակ իրենք լռում էին:
Սա տիպիկ ապացույցն է այն օրինաչափության, երբ բռնության 1-2 դեպքին չես արձագանքում, այն մի օր շրջվում է նաև քո դեմ: Կարծում եմ ազատամարտիկների կողմից լինելու են հրդեհը հանգցնելու տրամաբանության մեջ կատարվող քայլեր, ոչ ավելին, և այդ առումով մեծ ակնկալիքներ չունեմ: Հակառակը, այդ ընդվզումները կարող են բերել այնպիսի վիճակի, որ լեգիտիմացնեն իշխանության կամ Կրեմլի կողմից ՀՀ-ում ուժային մեթոդների կիրառումը, ինչպես հիմա Կրեմլը կիրառում է Ուկրաինայի արևելքում: Այս պահին պիտի արձանագրենք, որ Կրեմլն այլևս միայն ուժային մեթոդն ունի իր զինանոցում: Ինչպես ԽՍՀՄ վերջին տարիներին կենտրոնական իշխանությունը միայն ուժային մեթոդն ուներ երկիրը պահելու համար, հիմա Կրեմլը հերթական անգամ լծակների առումով սնանկացել է թե քաղաքական, թե սոցիալական, թե տնտեսական տեսակետից:
Մնացել է միայն ուժային մեթոդը, որին նպաստում են հենց Հայաստանի քաղաքական կոչված ուժերը: Պիտի հասկանալ, որ այդ ուժային մեթոդը չի կարող արդյունավետ լինել և չպետք է վախենալ այդ մեթոդից:Այսօր հստակ է մի բան, Հայաստանում ճգնաժամն ամբողջացավ. եթե մինչ այսօր խոսում էինք քաղաքական ճգնաժամից, հիմա ունենք նաև տնտեսական ճգնաժամ, և այն ձեռք բերեց համակարգված և ամբողջական տեսք: Հայաստանում սնանկ է և քաղաքական, և տնտեսական համակարգը: Մենք որպես պետություն սնանկ ենք, իսկ սնանկ պետությունը, սովորաբար, այդպիսին է ճանաչվում իրավական տեսակետից և աճուրդի է դրվում: Հիմա ՀՀ քաղաքացին կհամաձայնի՞ արդյոք, որ իրեն աճուրդի դնեն, ամբողջ հարցը դա է:
Աղբյուրը՝ www.lragir.am