Ցուցարար Հրաչյա Բոյաջյանի արարքը վերաորակելու հիմքեր Դատախազությունը չի տեսնում
20:00, April 24, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սասնա Ծռեր2016 թվականի հուլիսի 19-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցին հարող տարածքում ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելու մեղադրանքով կալանավորված Հրաչյա Բոյաջյանի գործողություններին ոչ ճիշտ և անհիմն իրավական գնահատական տալու մասին վերջինիս պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս բարձրաձայնել է:
Պաշտպանը հանդես է եկել դրա վերաբերյալ միջնորդություններով՝ հիմնավորելով այն հանգամանքը, որ Հրաչյա Բոյաջյանի և մյուս ցուցարարների գործողությունները չեն առնչվել ոստիկանների՝ ծառայողական պարտականությունների կատարմանը, ավելին՝ ոստիկաններն իրենք են իրենց վարքով հրահրել քաղաքացիներին՝ իրենց ամրակցված զենքերով ստեղծելով վախի մթնոլորտ և հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին:
Նկատենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասը պարտադիր է համարում իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված գործողությունների առկայությունը: Ինչը ենթադրում է, որ տվյալ դեպքում հոդվածը կիրառելի չէ, առավել ևս, որ ցուցարարների բողոքն ուղղված է եղել միայն «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո գնդի հարակից թաղամասերում գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրաէներգիայի մատակարարումը և երթուղային տրանսպորտի աշխատանքի անհիման դադարեցման դեմ, և նրանց գործողությունների արդյունքում որևէ անձի կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու վերաբերյալ գործի քննության ողջ ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է «մեղադրանք» հասկացությանը՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի իմաստով, ապա Օրենսգիրքը մեղադրանք է համարում որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման հիմնավորումը, սակայն տվյալ դեպքում Հրաչյա Բոյաջյանին վերագրված մեղադրանքը առհասարակ չի ներկայացնում կոնկրետ արարք կատարելը կամ չկատարելը։
ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործը կարճելու կամ արարքը վերաորակելու հարցով 2017 թ. ապրիլի 4-ին ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացված միջնորդությունը ևս մերժվել է:
Դատախազության ներկայացուցչի պնդմամբ՝ միջնորդությամբ արտահայտված «մոտեցումը ակնհայտորեն չի բխում հանցագործությունից տուժած անձանց իրավունքների երաշխավորման պահանջից»: Վերջինս հիմնավոր չի համարում նաև ցուցարարների գործողությունների՝ ոստիկանների ծառայողական պարտականությունների հետ ունեցած կապի բացակայությունը, և մեղադրանքը փոփոխելու կամ գործով վարույթը կարճելու հիմքեր չի տեսնում:
Հիշեցնենք՝ Հրաչյա Բոյաջյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և իր նկատմամբ անօրինական հետապնդումը դադարեցնելու պահանջով հացադուլ էր սկսել, որը դադարեցրեց երկու շաբաթ անց` 2017 թ. ապրիլի 21-ին, առողջական խնդիրների պատճառով: