Լիա Միսակյանի մահվան գործով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարվեց
13:36, June 24, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա ՄիսակյանԱյսօր՝ 2016 թ. հունիսի 24-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանի վճռով մասնակիորեն բավարարվեց 2013 թ. հունվարի 3-ին Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի գործով տուժողի իրավահաջորդի ներայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:
Նշենք, որ վճռաբեկ բողոքով պահանջվել էր բեկանել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թ. դեկտեմբերի 22-ի դատական ակտը, փոփոխել Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ՝ նրանց զրկելով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ համապատասխանաբար երեք տարի և երկու տարի ժամկետով:
Բողոքը բավարարվել է միայն վերջին մասով. Վճռաբեկ դատարանի որոշմամբ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը լրացուցիչ պատիժ նշանակելու մասով կիրականացնի նոր քննություն:
Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով «Արաբկիր» ԲԿ-ի հերթապահ բժիշկներ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված արարքի կատարման մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ, ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, և նրանք ազատվել են պատժի կրումից: