Քաղբանտարկյալների գործով հարցաքննվում են տուժող ոստիկանները
14:31, July 24, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Շանթ Հարությունյան, Ոստիկանություն, Քաղբանտարկյալներ2014թ. հուլիսի 23-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Մ. Մարտիրոսյանի, շարունակվեց 2013 թվականի նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը:Սույն դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով ներգրավված ևս երեք տուժող, ովքեր նույնպես ոստիկանության աշխատակիցներ են:
Գործով տուժող Խաչատուր Ավետիսյանը դատական նիստի ընթացքում հայտնեց, որ 2013 թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը և երթի մյուս մասնակիցները ՀՀ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի մոտից անմիջապես ներխուժել են Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատված, սակայն մինչ այդ Շանթ Հարությունյանը զգուշացվել է, որ երթի մասնակիցները պետք է շարժվեն մայթով: Պաշտպան Կարեն Քալանթարյանի հարցին ի պատասխան տուժողը չկարողացավ հայտնել, թե կոնկրետ ով է զուշացրել Շանթ Հարությունյանին, ավելին, տուժողը նշեց, որ այդ մասին հավանաբար հայտնել են Շանթ Հարությունյանին մոտ գտնված ոստիկանության աշխատակիցները: Տուժողըհայտնեց, որ չնայած տեսել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ 4-րդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը մոտեցել է Շանթ Հարությունյանին և փորձել կանխել իրավախախտման կատարումը, սակայն անձամբ չի լսել, թե ինչ պահանջ է ներկայացրել Գ. Խաչատրյանը Շանթ Հարությունյանին, քանի որ գտնվել է ՀՀ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի մոտ:
Պաշտպան Արա Զաքարյանի հարցին ի պատասխանԽ. Ավետիսյանը հայտնեց, որ ոստիկանները երթի մասնակիցներին բարձրախոսով որևէ հրահանգ չեն տվել, փոխարենը իր կողմից կապի միջոցով հրահանգ է տրվել ենթակա ոստիկանության աշխատակիցներին՝ երթի մասնակիցներին փողոցի երթևեկելի հատվածից դուրս բերելու պահանջով:
Դատական նիստի ընթացքում տուժողը հայտնեց նաև այն մասին, որ ոստիկանությունը չի դադարեցրել երթևեկությունը, քանի որ նման պահանջով երթի մասնակիցները չեն դիմել իրենց: Շանթ Հարությունյանի այն հարցին, թե արդյոք «Ազատության» հրապարակում բարձրախոսով իր հայտարարությունն այն մասին, որ երթի մասնակիցների շարքում սադրիչներ կան, չի դիտվել որպես դիմել, Խ. Ավետիսյանը պատասխանեց, որ ինքը գտնվել է ՀՀ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքիտարածքում:
Տուժող Խ. Ավետիսյանը նշեց, որ վնաս է կրել պայթուցիկների ծխից, մասնավորապես իր աչքերը մրմռացել են, սակայն հիվանդանոց դիմելու և բուժօգնություն ստանալու անհրաժեշտություն չի եղել:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց 2013 թ. նոյեմբերի 5-ին ՀՀ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնիտարածքում ծառայություն իրականացրած, գործով տուժող Էվրիկ Լոնսկին: Վերջինս նույնպես հայտնեց, որ չի լսել, թե ինչ է խոսել Գ. Խաչատրյանը Շանթ Հարությունյանի հետ, սակայն նշեց, որ նա մոտեցել է, մեկնել է ձեռքը և հայտնել, որ դուրս գա փողոցի երթևեկելի մասից: Արա Զաքարյանի հարցին ի պատասխան տուժողը նշեց, որ տեսել է, թե ինչպես է Գ. Խաչատրյանը բռնել Շանթ Հարությունյանին թևից, սակայն թևից քաշելը չի նկատել: Է. Լոնսկին պաշտպանի հարցին ի պատասխան դատարանում հայտնեց, որ դեպքի հաջորդ օրը այցելել է հիվանդանոցում գտնվող Գ. Խաչատրյանին, սակայն դեպքի հետ կապված հանգամանքները չի քննարկել, քանի որ ինքը հիվանդասենյակում մնացել է 5 րոպե: Այս տուժողը ևս հայտնեց, որ վնասվածք չի ստացել, հազացել է և աչքերն են ցավացել:
2014 թ. հուլիս 23-ի դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով տուժող Արսեն Սարգսյանը: Վերջինս նույնպես վնասվածքներ չէր ստացել, պայթուցիկների հետևանքով ֆիզիկական ցավ է զգացել, մասնավորապես, աչքերն են մրմռացել: Ա. Սարգսյանը հայտնեց, որ դեպքի հաջորդ օրը 12:00-ի սահմաններում ոստիկանության մի քանի այլ աշխատակիցների հետ այցելել է հիվանդանոցում գտնվող Գ. Խաչատրյանին և միասին քննարկել են դեպքի հանգամանքները: Դատական նիստի ընթացքում հարցաքննված երեք տուժողները հայտնեցին, որ երբ երթի մասնակիցները անցել են ՀՀ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքիմոտով, իրենք լսել են, որ Շանթ Հարությունյանը հայտնել է երթի մասնակցիներին, որ պետք է շարժվեն դեպի ՀՀ նախագահական նստավայր: Սակայն, նրանք նշեցին, որ չեն կարող տեսագրության մեջ առանցնացնել այն հատվածը, որտեղ Շանթ Հարությունյանը նման հայտարարություն է կատարել:
Բացի այդ, հարցաքննության ընթացքում պարզվեց, որ երեք տուժողներն էլ տեսել են, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ հարվածում քաղաքացիական հագուստով մեկ այլ անձի, ով գոռացել է, որ ինքը ոստիկան է: Այնուամենայնիվ, հարցաքննված տուժողները այդ անձի վերաբերյալ որևէ այլ տվյալներ չներկայացրեցին դատարանին:
Տուժողների հարցաքննությունից հետո գործով ներգրավված ամբաստանյալներ Շանթ Հարությունյանը, Վարդան Վարդանյանը, Ավետիս Ավետիսյանը, Սևակ Մնացականյանը, Ալեք Պողոսյանը, Հայկ Հարությունյանը, Վահե Մկրտչյանը հանդես եկան հայտարարություններով, որով անդրադարձան իրենց կողմից կազմակերպված «հեղափոխության» պատճառներին, երկրում տիրող տարաբնույթ խնդիրներին, իսկ Հայկ Հարությունյանը կոչ արեց ժողովրդին իրենց մեջ արթնացնել Փոքր Մհերին և պայքարել երկրում տիրող իրավիճակի փոփոխման համար:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014 թ. հուլիսի 30-ին, ժամը 12:00-ին: