ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից միջնորդություն է ներկայացվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելու մասին
18:36, July 24, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ. հուլիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների հրապարակած հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 164-րդ հոդվածի 2-րդ և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Կազմակերպության կողմից 2 միջնորդություն է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, որով միջնորդել ենք Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանության աշխատակիցներին ներգրավվել որպես մեղադրյալներ և վերջիններիս գործողություններին իրավական գնահատական տալ:
Մյուս միջնորդությամբ միջնորդել ենք ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրել և մեղադրանքը լրացնել վերջիններիս կողմից լրագրողների կողմից բռնության կադրեր ֆիքսած տեսախցիկները և հիշողության քարտերը ոչնչացնելով ոստիկանության կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու հիմքով, քանի որ Լ. Երանոսյանը և Հ. Պողոսյանը իրենց գործողություններով թույլ են տվել հանրորեն վտանգավոր արարք, լրագրողների կողմից նկարահանված տեսանյութերը ոչնչացնելու հրահանգ տալը նպատակ է ունեցել թաքցնել ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված հանցագործությունները և նման վարքագծի շարժառիթը եղել է կոծկել իրենց և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կատարված հանցագործությունները: