ՀՀ ՀՔԾ հրաժարվում է փորձաքննության ուղարկել ոստիկաններին
18:22, July 24, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ. հուլիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների հրապարակած հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 164-րդ հոդվածի 2-րդ և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հարուցված քրեական գործի շրջանակներում 2015թ. հուլիսի 10-ին կազմակերպության կողմից պարզելու համար այն հանգամանքը, թե 2015թ. հունիսի 23-ին առավոտյան Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույց իրականացնող անձանց նկատմամբ բռնություն գործադրած և տվյալ օրը ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցները թմրամիջոցներ օգտագործած են եղել, թե ոչ՝ ներկայացվել է տվյալ օրը Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հնարավոր առկայությունը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն:
Վարույթն իրականացնող մարմինը քննության առնելով ներկայացված միջնորդությունը՝ 16.07.2015թ. կայացրել է որոշում այն մերժելու մասին որոշում, այն պատճառաբանությամբ, որ ոստիկանության աշխատակիցների կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հնարավոր օգտագործման մասին ենթադրություններ անելու համար քրեական գործով տվյալներ ձեռք չեն բերվել, հետևաբար միջնորդությունը անհիմն է: