Դատարանը մերժեց Ռուստամ Ղազարյանի գործով ներկայացված հայցը
19:58, July 24, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. հուլիսի 24-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Մ. Մելքումյանի, հրապարակվեց Ռուստամ Ղազարյանի գործով կայացված դատական ակտը :
Դատարանը, դռնբաց դատական նիստում քննության առնելով վարչական գործն ըստ հայցի Ռ. Ղազարյանի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ իրեն ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական» հանրապետական կենտրոն ՓԲԸ-ի հաշվառումից հանելու պահանջի մասին, վճռեց մերժել ներկայացված հայցը:
Նման հետևության դատարանը հանգել է այն հիմնավորմամբ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չունի համապատասխան բժշկական հաստատությունում որպես թմրամոլ հաշվառված անձին հաշվառումից հանելու լիազորություն: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության լիազորությունների բացակայության և հաշվառման վերցնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով վարչական գործի վարույթը կարճված լինելու պայմաններում, դատարանը չի անդրադարձել հայցվորին որպես թմրամոլ հաշվառելու իրավաչափության վերաբերյալ հայցադիմումում ներկայացված փաստարկներին:
Հիշեցնենք, որ Ռ. Ղազարյանը թմրաբանական բժշկական հաստատությունում հաշվառման է վերցվել հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված տոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացության հիման վրա՝ առանց համապատասխան հետազոտության և ախտորոշման, որը տրվում է բժիշկ-նարկոլոգի կողմից: