24-ամյա կնոջը պատանդ պահելու դեպքով գործը կարճվեց. նոր գործ՝ թմրանյութեր իրացնելու համար
14:47, December 24, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում 31-ամյա Գոռ Հակոբյանի կողմից 24-ամյա կնոջը զենքի գործադրմամբ պատանդ պահելու գործը երկու օր առաջ կարճվել է:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ այդ օրը՝ օգոստոսի 29-ին Գոռ Հակոբյանը պատանդ է պահել իր ընկերուհուն՝ 24-ամյա կնոջը, սպառնացել սպանել նրան, ապա ակումբին պատկանող գույքը շպրտել փողոց: Մեկ ժամ տեւած բանակցություններն արդյունք չտալուց հետո իրավապահները դիպուկահարի արձակված կրակոցով վնասազերծել էին նրան: Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին տղամարդը մահացել էր: Իսկ պատանդառված կինը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (պատանդ պահելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ):
Մեր զրույցում Տռուզյանն ասաց, որ քրեական գործը կարճվել է Գոռ Հակոբյանի մահվան հիմքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 35-րդ հոդվածի 10-րդ կետով: Միաժամանակ սակայն, նրա խոսքով՝ քննիչը այդ նույն քրեական գործի նյութերի հիման վրա հարուցել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ի մասով (թմրամիջոցների իրացում) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելը): Այլ կերպ ասած, սույն քրեական գործով պետք է քննության առարկա դառնա, թե ո՞վ է պատանդառու Գոռ Հակոբյանին մեթամֆետամին տեսակի թմրամիջոց իրացրել:
Ինչ վերաբերում է փամփուշտներին, ապա նախաքննության սկզբում դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել Գոռ Հակոբյանի բնակարանում։ Նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է ատրճանակի (Մակարով) փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտներով: Նույն տրամաչափի փամփուշտ էր հայտնաբերվել նաեւ նրա ավտոմեքենայի սրահից։
Նշենք, որ նախաքննության սկզբում պատանդ վերցրած Գոռ Հակոբյանին վնասազերծելու ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը որոշելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածով (Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը): Օրեր առաջ, սակայն այս գործը եւս կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն ՀՔԾ քննիչի կողմից գործը կարճելու որոշումը անօրինական է համարում: «Ճիշտ է նախապատրաստված նյութերին ծանոթ չենք, բայց քանի որ դեպքը կատարվել է բոլորիս աչքիչ առաջ եւ գնահատման համար բավարար օբյեկտիվ փաստեր կան, դա հիմք է տալիս այդ եզրակացությունը կազմելու: Ավելին՝ ես կարող եմ պնդել, որ ՀՔԾ-ն հնարավորություն ունեցավ ոստիկանության գործողությունները համաչափ գնահատելու՝ «շնորհիվ» այն բանի, որ Գոռ Հակոբյանի հարազատները հակված չէին, որպեսզի օբյեկտիվ քննություն կատարվի, կամ ջանք չգործադրեցին իրենց տղայի կյանքի իրավունքների խախտման փաստով, որպեսզի բազմակողմանի եւ լրիվ քննություն իրականացվի, որի պատճառով մենք կամ որեւ է այլ իրավահաջորդի ներկայացուցիչ չներգրավվեց եւ ըստ էության այդ կարճման որոշումը չբողոքարկվեց: Ես սա համարում եմ հանցագործության կոծկում»,- ասաց Սաքունցը: Նրա կարծիքով՝ հաշվի առնելով այս գործի հրապարակային լինելը, ոստիկանության հրապարակային գործողությունները եւ հանրային հնչեղությունը, ՀՔԾ-ն պետք է իր նախաձեռնությամբ գործով ձեռք բերված ցուցմունքերը, հիմնավորումները հրապարակայնացներ: «Խոսքը չի վերաբերում նախաքննական մարմնի գաղտնիության հարցին, որովհետեւ այլ գործերով նախաքննական մարմինները տեղեկատվություն տարածում են նախաքննության ընթացքի մասին՝ ելնելով հանրային հնչեղությունից: Այս դեպքում ՀՔԾ-ն անգամ հարկ չհամարեց պաշտոնապես հրապարակելու քրեական գործի կարճման որոշումը: Հանրության նկատմամբ անհաշվետու, անպատասխանատու փաստ եմ արձանագրում»,- մեր զրույցում ասաց իրավապաշտպանը:
Ինչ վերաբերում է թմրամիջոցների իրացման դեպքի առթիվ հարուցված նոր քրեական գործին, ապա Արթուր Սաքունցի խոսքով՝ Գոռ Հակոբյանի մահվան փաստով գործը կարճելու հիմնավորումներից մեկը պետք է լիներ Գոռ Հակոբյանի կողմից թմրամիջոց օգտագործելու հանգամանքը. «սա պետք է գնահատեին որպես ռիսկային գործոն՝ պատանդի կյանքի հանդեպ եւ դրանով հիմանվորեին, որ ոստիկանության գործողությունները համաչափ էին եղել: Թմրամիջոցի ձեռք բերման հարցին ուշադրություն չդարձնելը կլիներ արդեն չափից դուրս անօրինականություն, ուստի հիմա փորձելով օրինականության շղարշ ստեղծել այսպես, թե այնպես պետք է թմրամիջոցի ձեռք բերման հարցին անդրադառնային: Բայց համոզված եմ, որ այդ գործը կկարճվի Գոռ Հակոբյանին թմրամիջոց իրացնողներին հայտնաբերելու անհնարինության հիմքով»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:
Նշենք, որ 31-ամյա Գոռ Հակոբյանը դեպքից երկու ամիս առաջ էր ԱՄՆ-ից արատքսվել Հայաստան. ԱՄՆ-ում նա դատապարտված է եղել, սակայն թե ինչ արարք կատարելու համար այդպես էլ ԱՄՆ դեսպանատնից չէին տեղեկացրել: Գոռ Հակոբայնի հայրը՝ Աշոտ Հակոբյանը, որը հայտնի է «Կայարանցի Բիբոս» մականվամբ, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մտերիմ ընկերն է: Նա բնակվում է ԱՄՆ-ում: