ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի գործով վերաքննիչ բողոքը մերժվեց
19:04, April 25, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սահմանադրական փոփոխություններ2016 թ. ապրիլի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Տ. Սահակյանի, կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թ. մարտի 12-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ սույն որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր կազմակերպության կողմից 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ 60 տոկոս և ավելի մասնակցություն գրանցած տեղամասերում լցոնում կամ բացակա անձանց փոխարեն քվեարկություն լինելու վերաբերյալ հաղորդման առթիվ համապատասխան քննություն չկատարելու ու որոշում չկայացնելու վերաբերյալ ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործության դեմ բերված բողոքը:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստին մասնակցում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, սույն գործով Կազմակերպության ներայացուցիչ Անի Չատինյանը:
Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ ՀՀ Գլխավոր դատախազության դատախազի կողմից ստացված գրությամբ հայտնվել է, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրել է նիստն անցկացնել իր բացակայությամբ: Ա. Չատինյանը չառարկեց դատական նիստը դատախազության ներկայացուցչի բացակայությամբ անցկացնելու դեմ:
Դատարանն անցավ բողոքարկվող որոշման բովանդակության ու վերաքննիչ բողոքի էության ներկայացմանը, որից հետո բողոքը հիմնավորելու համար ձայնը տրվեց Ա. Չատինյանին:
Վերջինս հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ Կազմակերպության կողմից ներկայացված գրությունը բավարարել է հաղորդմանը ներկայացվող պահանջներին, քանզի այն պարունակել է 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները կեղծելու, տեղամասերում լցոնում կատարելու վերաբերյալ տեղեկություններ, որին ի հիմնավորումն ներկայացվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունը՝ կապված քվերակության մասնակցության թվի հետ: Այսինքն՝ Կազմակերպության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը ոչ միայն վերնագրված է եղել «Հանցագործության մասին հաղորդում», այլև իր մեջ պարունակել է արդեն կատարված հանցագործության մասին տեղեկություններ: Հանցագործության մասին հաղորդումը, սակայն, վարույթն իրականացնող մարմնի կողմից չի ընդունվել որպես այդպիսին, չեն կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, որոնք սահմանված են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը գտավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պետք է սահմանված կարգով կայացներ համապատասխան որոշում, քանի որ և քրեական գործ հարուցելու, և քրեական գործի հարուցումը մերժելու դեպքում օրենսդիրը պարտադիր է համարել որոշման կայացումը: Ա. Չատինյանը նշեց նաև այն մասին, որ Կազմակերպության հաղորդման հիման վրա համապատասխան որոշում չկայացնելով՝ դրսևորվել է անգործություն, որպիսի փաստը անտեսվել է ստորադաս դատարանի կողմից: Այսպիսով, Ա. Չատինյանը խնդրեց բեկանել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թ. մարտի 12-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
Նախագահող դատավոր Տ. Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացվել է դիրքորոշում վերաքննիչ բողոքի վերաբերյալ, որում հայտնվել է այն մասին, որ ամեն մի դիմում չէ, որ դիտարկվում է հանցագործության մասին հաղորդում: Դիրքորոշմամբ վկայակոչվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ անձի դիմումը կարող է դիտվել որպես հանցագործության մասին հաղորդում, եթե կոնկրետ հանցագործության տարրեր է պարունակում:
Ա. Չատինյանը պնդեց ներկայացված բողոքը և խնդրեց բավարարել այն:
Դատարանը, դիմումի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Կարճ ժամանակ անց հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց ներկայացված բողոքը՝ անփոփոխ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը: