Ավետիսյանների սպանությունն ամբողջովին բացահայտված չէ. Արթուր Սաքունց
10:44, August 25, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԱվետիսյանների ընտանիքի սպանության գործը չի բացահայտված, և միայն մեկ Պերմյակովի պատժի ենթարկելով` չեմ համարում, որ սպանությունը բացահայտված է, և վտանգը, որ ռուսական ռազմաբազայից կարող են նման ոտնձգություններ լինել ՀՀ քաղաքացիների կյանքի, առողջության նկատմամբ, կա:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարությանն ու դատավճռին:
Արթուր Սաքունցի խոսքով՝ Ավետիսյանների սպանության փաստով քննությունը իրականացվել է կոպիտ խախտումներով և ՀՀ քննչական մարմինը հնարավորություն չի ունեցել լիարժեք իրականացնել քննությունը:
«Անդրադառնանք ռուս-հայկական պայմանագրի դրույթներին, որ եթե ռուսական ռազմաբազայի ծառայողը հանցագործություն է կատարում ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս, ապա այդ փաստով պետք է քրեական գործ հարուցի ՀՀ քննչական մարմինը: Սա խոչընդոտող գործոն է, որովհետև քննչական այն գործողությունները, որոնք իրականացվել են ՌԴ քննչական մարմնի կողմից, նրանցում Ավետիսյանների իրավահաջորդները ներգրավված չեն եղել, բացի այդ քննչական փորձարարությունը, որը գրված էր, որ պետք է կատարվեր Ավետիսյանների տանը, չի կատարվել, կատարվել է մակետի վրա»,-ասաց Սաքունցը:
Արթուր Սաքունցը նշեց ևս մեկ հանգամանք, ըստ որի` ՌԴ-ից քրեական գործը հանձնվում է ընդամենը մի գրությամբ, սակայն ՀՀ օրենսդրության համաձայն `չկա որևէ նորմ, համաձայն որի` երկու երկրների կողմից նույն փաստի վերաբերյալ քրեական գործերը միացվեն իրար. «Այդ տեսակետից կասկածելի է դառնում ամբողջ ապացուցողական մասը»:
Իրավապաշտպանը նաև նշեց, որ այդպես էլ հայտնի չի դարձել, թե Պերմյակովն ինչպես է հայտնվել Ավետիսյանների տանը, նաև հայտնի չի, թե ինչպես է նա Ավետիսյանների տնից հայտնվել Բայանդուրի սահմանակետի մոտ:
Իրավապաշտպանը նշեց, որ Պերմյակովի համազգեստի հետ կապված ևս պարզաբանում չի տրվել, թե ինչու են նրա կոշիկները եղել խորդանոցում, երբ ինքը զգեստափոխվել է Ավետիսյանների տանը. «Սատանան մանրուքների մեջ է թաքնված: Ամփոփելով ասեմ, որ ես գտնում եմ, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը որպես հանցագործություն ամբողջովին բացահայտված չէ: Ռուսական բազայի հրամանատարության պատասխանատվության հարցին ընդհանրապես չանդրադարձան, որովհետև դատարանը ջանքեր չգործադրեց գործով անցնող կարևոր վկաներին դատարան բերման ենթարկելու: Քննության առարկա չդարձավ նաև զորամասը լքելուց հետո չորս ժամ ՀՀ ոստիկանությանը այդ մասին չհայտնելու հարցը»:
Արթուր Սաքունցը հիմնավոր չի համարում նաև Պերմյակովի` Ավետիսյանների տանը հայտնվելու շարժառիթը. «Նախաքննության մարմնի կողմից ձևակերպվել է, որ 6000 դրամի համար մտել է տուն, Թուրքիայով Ռուսաստան գնալու համար: Հիմնավոր չէ, դրամը Թուրքիայում ինչ էր անելու»:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը, համաձայն որի` Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: