Սերժ Սարգսյանը փորձում է գտնել «քավության նոխազ»․ Արթուր Սաքունց
10:43, October 25, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրեկ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին եւ մի շարք դիտարկումներ ներկայացրել։ Նա մասնավորապես անդրադարձել է հետախուզվող անձանց հայտնաբերմանը՝ նշելով, որ այն դեռ լուրջ խնդիր է մնում հանցավորության դեմ պայքարում։ «Պարզվել է, որ որոշ դեպքերում հետախուզվողների գործերը կազմվել են անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց 10 կամ 12 տարի հետո։ Այսինքն՝ հանցանքի մեջ մեղադրվող անձին այդքան ժամանակ ոչ մեկը չի անհանգստացրել կամ փնտրել։ Կամ՝ մեղադրյալը հետախուզման մեջ գտնվելու պարագայում կարողացել է փոխել իր անձնական տվյալները եւ ատանալ նոր անձնագիր»,- նշել է Սերժ Սարգսյանը։ Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ ՀՀ ներքին գործերի նախարար աշխատած Սերժ Սարգսյանն այնքան մանրամասն է ուսումնասիրել հետախուզվողներին առնչվող գործերը, որ նույն կոլեգիայի ընդլայնված նիստում հիշել է՝ նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում։ «Մի դեպքում՝ նույնիսկ 24 տարի՝ 1993-ից մինչեւ 2017թ․ որեւէ մեկն այդ մարդուն չի անհանգստացրել»,- հայտարարել է նա։
Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեցինք, թե արդյոք Սերժ Սարգսյանը չի՞ պատրաստվում իրականացնել կադրային փոփոխություններ ոստիկանության համակարգում, եւ այդ ելույթն էլ ուղե՞րձ չէր։ «Կադրային փոփոխությունները չեն պայմանավորվում նման ելույթով, թվական տվյալներով։ Կադրային փոփոխությունները, որոնք նա կատարել է մինչ այժմ, պայմանավորված չեն եղել նման հիմնավորումներով։ Չեմ կարծում, թե դա ուղղակի կապ ունի կադրային փոփոխությունների հետ»,- ասաց իրավապաշտպանը։
Նա հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանն էլ ժամանակին եղել է ներքին գործերի նախարար, նաեւ՝ ազգային անվտանգության նախարար, եւ շատ հետաքրքիր է իմանալը, թե իր ժամանակ ինչպես է փորձել բացահայտել հետախուզվողներին։ «Ըստ էության՝ հանցագործությունների մի մասի բացահայտումը գալիս է իր ժամանակներից։ Իր քննադատությունը նորություն չէ ոչ հանրության համար, ոչ ոստիկանության, եւ ավելի շատ ինքն է պատասխանատվություն կրում ընտրողական արդարադատության համար՝ փորձելով գտնել «քավության նոխազ» եւ անտեսել սեփական պատասխանատվությունը։ Իսկ դա չի կարող ընդունելի լինել հանրության համար, որովհետեւ հանրությունը լավ գիտի, թե ով ով է»,- ասաց իրավապաշտպանը։ Նրա կարծիքով՝ ոստիկանությանը տրված է հրահանգ՝ ուժեղացնելու ճնշումը քաղաքացիների նկատմամբ հատկապես առաջիկա ամիսների ընթացքում։
Ինչո՞ւ հենց առաջիկա ամիսներին։ Արթուր Սաքունցը նկատում է, որ Սերժ Սարգսյանը նպատակ ունի իշխանության ղեկին մնալ նաեւ 2018թ․ ապրիլից հետո։ Իսկ այդ ընթացքում կարող են արտահայտվել քաղաքացիական դժգոհություններ՝ հետեւյալ հարցադրմամբ՝ ի՞նչ ես արել, որ հիմա էլ ուզում ես վարչապետ դառնալ։ Իրավապաշտպանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը չունի երաշխիքներ թե իր թիմակիցների՝ ՀՀԿ-ականների շրջանում, որտեղ կան լուրջ դժգոհություններ՝ կապված իրենց ապագայի անորոշության հետ, թե հանրության շրջանում։ «Ոչինչ չանելով, ոչինչ չառաջարկելով՝ մարդն ուզում է պահպանել իշխանությունը։ Իսկ դա վկայում է այն մասին, որ իրենք վստահ չեն իրենց ստացած քվեի վրա, որովհետեւ գիտեն, որ դրանք մեխանիկական թվեր են»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա կարծում է, որ ուժեղանալու են ճնշումները հնարավոր բողոքի ցույցերի, ընդվզումների, երթերի, քաղաքացիական տարբեր դժգոհությունների նկատմամբ։
Ինչ վերաբերում է հետախուզվողների մասին տվյալներին, ապա Արթուր Սաքունցը հիշեցնում է՝ Սերժ Սարգսյանը չգիտի՞, որ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը սպանվել է, գիտի, ինքն էլ եղել է նրա հուղարկավորությանը, չգիտի՞, որ Մարտի 1-ին սպանվել է 10 հոգի, գիտի։«Ոստիկանությունից Սերժ Սարգսյանը ինչ պահանջում է՝ այն էլ ստանում է։ Եթե նա պահանջի, որ օրենքի առջեւ հավասար պատասխանատվության սկզբունքը պետք է գործի, ապա այն շատ լավ էլ կգործի։ Բայց ոստիկանությունը կաշկանդված է հենց իշխանության ներկայացուցիչներին Սերժ Սարգսյանի հովանավորության փաստով եւ ընտրողական մոտեցում է ցուցաբերում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ։ Այնպես որ՝ Սերժ Սարգսյանի ելույթը ոչ թե դժգոհություն է, այլ կոշտ հրահանգ՝ ճնշելու քաղաքացիներին»,- ասաց իրավապաշտպանը։