2014-ին բանակում մահացության դեպքերն ավելացել են. իրավապաշտպանը 2 գլխավոր պատճառ է ներկայացնում
11:24, December 25, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՎիճակագրությունը փաստում է, որ 2014 թվականին բանակում զինվորների մահացության դեպքերի աճ է գրանցվել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ մինչ այս պահը 45 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: Այս տարի գերակշռում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետեւանքով գրանցված մահացությունները: 45-ից 25-ը հենց պահպանման ռեժիմի խախտումների արդյունքում արձանագրված դեպքերն են: Այս թիվը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մտահոգիչ է համարում. «Այսինքն դեպքերի կեսից ավելին է, եթե նախորդ տարիներին, մինչեւ ասենք 2013 թվականը մահացությունների մեջ զինադադարի ռեժիմի խախտման պատճառով մահացության թիվը կազմում էր 20-22 տոկոս, այս տարի կեսից ավելին, ու դա բավականին մեծ խնդիր է: Չնայած այս դեպքերի մեջ էլ պետք է ուսումնասիրություն կատարվի, թե ինչ հանգամանքներում էին տեղի ունենում, ինչու պատշաճ անվտանգություն չի կազմակերպվել եւ այլն, եւ այլն, որուհետեւ սա էլ մեծ թիվ է՝ 25-ը»,- կարծում է Արթուր Սաքունցը:
Ըստ նրա՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանակում հատկապես միջանձնային հարաբերություններով պայմանավորված մահացության դեպքերի օբյեկտիվ քննություն չի իրականացվում, այսինքն հարուցված քրեական գործերի շրջանակներում մեղադրանք առաջադրվում է բացառապես շարքային զինծառայողների դեմ: Պաշտպանության նախարարության կողմից, ճիշտ է, աշխատանքներ իրականացվում են, սակայն հիմնական խնդիրներն, ըստ իրավապաշտպանի, գլխավոր շտաբում են.Ոչ մարտական գործողությունների արդյունքում գրանցված մահացության դեպքերի թիվը 20 է: Նախորդ տարիների համեմատ՝ ցուցանիշը, ճիշտ է, նվազել է, սակայն ըստ իրավապաշտպանի՝ դա չի նշանակում, որ բանակում առկա խնդիրները լուծվել են: Արթուր Սաքունցն ի նկատի ունի միջանձնային հարաբերություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը. «Բոլոր դեպքերում մենք կարծում ենք, որ հիմնական խնդիրները մնում են չլուծված: Մենք շատ անգամ արձանագրել ենք եւ պնդում ենք նաեւ առողջական խնդիրներ ունեցողների ծառայության փաստը, որը պետք է չլինի, բայց ցավոք սրտի, դա նույնպես մնում է չլուծված: Համակարգային խնդիրներ կան մարդու իրավունքների վիճակի եւ այլնի վերաբերյալ, որոնք մնում են, եւ մենք կարծում ենք, որ առանց դրանց լուծման Զինված ուժերում լուրջ փոփոխություններ ակնկալել պետք չէ»,- նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
«Կարեւոր է, որ ՊՆ ենթակայությունից հանվեց քննչական ծառայությունը, սա կարեւոր փոփոխություն է, որ այլեւս չի համարվում նախարարության ստորաբաժանում: Ես կարծում եմ՝ հիմա հիմնական խնդիրը գլխավոր շտաբն է, որը պատասխանատվություն ունի զինվորական ծառայության կազմակերպման համար, եւ գլխավոր շտաբն այս պահին լուրջ թերացումներ ունի զինված ուժերի կազմակերպման, զորահավաքի, կարգապահական իրավիճակի, կանոնադրական հարաբերությունների կարգավորման առումով: Ես որեւէ հիմք չեմ տեսնում այդ աշխատանքը բավարար համարելու համար: Ի նկատի ունեմ եւ առողջական խնդիրները, եւ մթնոլորտի փոփոխությունը, խտրական մոտեցումը, կոռուպցիան եւ այլն: Այնտեղ շատ լուրջ խնդիրներ կան»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Աղբյուրը՝ galatv.am