Դատարանը վճռել է՝ վերականգնել Ռուստամ Ղազարյանի խախտված իրավունքները
18:54, December 25, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Պացիենտների իրավունքներԻնչպես արդեն տեղեկացրել ենք, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ռուստամ Ղազարյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած հայցը՝ ընդդեմ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲ Ընկերության` Ռուստամ Ղազարյանի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը վերացնելու պահանջով:
Դատարանը որոշման հիմնավորումների մեջ, ի թիվս այլ հանգամանքների, նշել է նաև, որ «Թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման և նրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 20.12.2007թ. թիվ 1599-Ն որոշման համաձայն՝ անձին թմրամոլ հաշվառելու հիմքեր են անձի նկատմամբ իրականացրած բժշկական հետազոտությունը, որի արդյունքում անձի մոտ հայտնաբերվել է թմրամոլություն հիվանդություն և բժիշկ-նարկոլոգի կողմից տրված ախտորոշումը, մինչդեռ տվյալ դեպքում Ռուստամ Ղազարյանը հաշվառման է վերցվել՝ համապատասխան բժշկական հետազոտության և բժիշկ-նարկոլոգի կողմից տրված ախտորոշման բացակայության պայմաններում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թմրաբանական բժշկական հաստատությունում հաշվառված լինելու փաստը սահմանափակում է հայցվորի` որոշակի իրավունքներից օգտվելու հնարավորությունը, Դատարանը վճռել է՝ վերականգնել Ռուստամ Ղազարյանի խախտված իրավունքները` վերացնել ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲ Ընկերության` Ռուստամ Ղազարյանի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը: