Առողջական խնդիրներով զորակոչելը զորակոչիկների ու նրանց ընտանիքի անդամների հիմնական մտահոգությունն է
19:03, July 25, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2017 թ. հուլիսի 18-ին Աշտարակում և հուլիսի 20-ին Գյումրիում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեցին դասընթացներ՝ «Մարդու իրավունքների հիմունքները: Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները» թեմայով:
Դասընթացների շրջանակներում մասնակիցները ծանոթացան զորակոչի նախապատրաստմանն ու անցկացմանը, զինծառայությանն առնչվող իրավական ակտերին, զինծառայությանը պիտանի ճանաչելու հիմքերին, զինծառայության տեսակներին ու դրա ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանը: Ապա հարցեր ուղղեցին դասընթացավար, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին:
Վերջինս արձանագրեց, որ զորակոչիկների իրավագիտակցության մակարդակը տարեցտարի աճում է, և նրանք ավելի հաճախ են դիմում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու հարցով: «Մի քանի տարի առաջ զորակոչիկները ընդհանրապես չէին դիմում, ամաչում էին, կաշկանդվում». նշեց նա:
Անդրադառնալով զորակոչիկներին առողջական խնդիրներով զորակոչելուն և նրանց տրամադրվող բժշկական օգնությանը՝ Արմինե Սադիկյանը շեշտեց, որ բոլոր տիպի հետազոտությունները զորակոչային և նախազորակոչային փուլում պետք է անվճար իրականացվեն, իսկ այն հետազոտությունները, որոնք իրականցվել են ՀՀ Կառավարության համապատասխան ցանկում չընդգրկված բժշկական հաստատությունների կողմից, կարող են հիմք չընդունվել, բայց պարտադիր է հաշվի առնել դրանք և իրականացնել համապատասխան հետազոտութուններ դրանցում նշված հիվանդությունները հաստատելու կամ հերքելու նպատակով: Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բժշկական հետազոտության մեկնող զորակոչիկների և նրանց ուղեկցող անձանց համար նախատեսված ճանապարհածախսին, ինչպես նաև առավել հաճախ տեղի ունեցող խախտումներին:
Մասնակիցները հարցեր ուղղեցին առողջական խնդիրներով զորակոչելու առանձին դեպքերի վերաբերյալ, ներկայացրին իրենց հայտնի համանման դեպքերը:
Ներկաները հետաքրքվեցին նաև առողջական խնդիրներով զորակոչվածների համար զինծառայության սահմանափակումներով: Դասընթացավարը նշեց, որ սահմանափակումներով զորակոչվածները հստակ տեղեկացված չեն, թե կոնկրետ որ հիվանդության դեպքում ինչ սահմանափակումներ են գործում և ինչպես շատ տեղեկություններ, դա ևս ռազմական գաղտնիքի անվան տակ իրավասու մարմինները հրաժարվում են տրամադրել: Ապա հավելեց, որ զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը ստանալու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումը այդ պատճառաբանությամբ մերժվել է: Կազմակերպությունը դիմել է դատարան (Ի դեպ, 2017 թ. հուլիսի 20-ին կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ ձեռնարկը գաղտնազերծվել է և օգոստոսին հասանելի կլինի նաև arlis.am-ում):
Դասընթացի մասնակիցները հարցեր ուղղեցին նաև այլընտրանքային ծառայության, երկքաղաքացիություն ունեցող անձանց զինծառայության անցկացման վերաբերյալ, հետաքրքրվեցին ուսման հիմքով զինծառայությունից ազատվելու պայմաններով: Այս համատեքստում Ա. Սադիկյանը նշեց, որ տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն ունեն ՀՀ Կառավարության համապատասխան ցանկում ընդգրկված ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ արտերկրում գործող հաստատությունների ուսանողները, ինչպես նաև 18 տարին լրացած, բայց դեռևս դպրոցում սովորողները: Չնայած որ, առաջինների դեպքում շատ հաճախ տարկետման իրավունք չի տրամադրվում՝ նախատեսված սահմանաչափը գերազանցած լինելու պատճառով:
Դասընթացի մասնակիցները մտահոգություն հայտնեցին զորակոչի ընթացքում իրականցվող վիճակահանության վերաբերյալ, ներկայացրին օրենքի խախտումներով վիճակահանության անցկացման առանձին դեպքեր՝ կասկածի տակ դնելով դրա արդարացի իրականացումը:
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին նաև զինծառայության ընթացքում բողոքարկման մեխանիզմներն ու դրանցում առկա վիճահարույց խնդիրները: Ա. Սադիկյանը նշեց, որ հաճախ զինծառայողները խուսափում են բողոք ներկայացնել իրենց վերադասի նկատմամբ:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին զորակոչիկների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկատվական գրքույկները, դրանք հասանելի են նաև hcav.am կայքում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զորակոչիկներին, զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրում է անվճար իրավական աջակցություն: Իրավական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ (հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:30-ից -18:30-ը կամ զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին /0322/ 4 22 68 հեռախոսահամարով և 0 8000 12 11 անվճար թեժ հեռախոսագծին, ինչպես նաև գրել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստի հասցեին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստակամ է նման դասընթացներ անցկացնել ՀՀ այլ մարզերում ևս: