Իրավապաշտպան. Սոցիալական անարդարության հարցը զինված ուժերում օրակարգային է
10:42, April 26, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Մեդիա-կենտրոն»-ում «Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ մեկ տարվա ընթացքում իրենց բարձրացրած հարցերին պատշաճ պատասխաններ չեն տրվել:
Անդրադառնալով իրենց գրասենյակի կողմից նախորդ տարվա նոյեմբերին ներկայացրած «2016թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցին, Արթուր Սաքունցն ասաց, որ այսօր վերստին արձանագրում են՝ ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտված բազմաթիվ դեպքերի վերաբերյալ պատշաճ քննություն չի իրականացվել:
Նա նշեց, որ, օրինակ, «ապրիլյան գործողությունների ժամանակ առնվազն երեք հոգի մահացել են ոչ թե մարտական գործողությունների, այլև ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման հետևանքով: Սրանց ուղղությամբ գոնե արժե՞ր քրեական գործ հարուցել»:
Սաքունցի խոսքերով՝ իրենց կազմակերպությունն այցելել է ապրիլյան պատերազմում զոհված 61 զինծառայողի ընտանիքներ, որոնց գերակշիռ մասը բնակվել է սոցիալապես անապահով պայմաններում։
«Սոցիալական անարդարության հարցը զինված ուժերում օրակարգային է: Իշխանությունն ի՞նչ է անում սոցիալական արդարությունը վերականգնելու համար: Մենք բազմիցս պաշտպանության նախարարությանը նամակ ենք գրել, որպեսզի ներկայացնեն պաշտոնատար անձանց ընտանիքների, որոնց երեխաները ծառայում են առաջնագծում: Ասում են, որ այդպիսի վիճակագրություն չկա»,- նշեց Արթուր Սաքունցը։
Տես նաև՝ epress.am