Լիա Միսակյանի գործով դատարանը ցուցաբերում է կողմնակալ վերաբերմունք. տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ
18:33, January 27, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ | Լիա Միսակյան2015 թ. հունվարի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստին ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել հարցաքննված դատաբժիշկ-փորձագետ Ս. Սևոյանի հայտնած տվյալները փորձագիտական մյուս եզրակացությունների հետ համադրելու և կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ հնարավոր միջնորդություն ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ տրամադրել պատճառով:
2015 թ. հունվարի 27-ի դատական նիստին պաշտպան Ե. Սարգսյանը հայտնեց, որ չնայած այն հանգամանքին, որ եզրակացություններն ակնհայտ անհիմն ու խիստ թերի են, սակայն, քանի որ իր պաշտպանյալի մասով թերություններ չկան, այդ իսկ պատճառով պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտ չհամարեց կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնել:
Գործով մյուս ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը դատարանին ներկայացրեց իր կողմից «Արաբկիր» ԲԿ կատարված հարցումների պատասխանները, ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված մի քանի չափորոշիչներ, ինչպես նաև «Արաբկիր» ԲԿ-ի մանկաբուժական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ա. Սարգսյանի կողմից տրված մասնագիտական կարծիքը քրեական գործով կատարված փորձաքննությունների եզրակացությունների վերաբերյալ և խնդրեց դրանք որպես ապացույց կցել գործին:
Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը և մեղադրող Դ. Կարապետյանը չառարկեցին ներկայացված փաստաթղթերը գործին կցելու դեմ, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն առարկեց «Արաբկիր» ԲԿ-ի պատասխան գրությունները և Ա. Սարգսյանի կողմից տրված մասնագիտական կարծիքը գործին կցելու դեմ: Մասնավորապես, Ա. Սաքունցը նշեց, որ Գ. Հովհաննիսյանի կողմից դատարան ներկայացված հարցումների պատասխանները տրվել են այն բժշկական կենտրոնի կողմից, որտեղ աշխատում են ամբաստանյալները և որտեղ տեղի է ունեցել դեպքը, հետևաբար դրանք չեն կարող օբյեկտիվ լինել, բացի այդ, պատասխան գրություններում ներկայացված տեղեկությունները հաստատող ոչ մի այլ ապացույց դատարանին չի ներկայացվել: Ինչ վերաբերում է նույն բժշկական կենտրոնի աշխատակցի կողմից տրված եզրակացությանը, ապա դա չի կարող դիտվել որպես ապացույց, քանի որ նման եզրակացություն տալու իրավունք ունեն միայն փորձագետները:
Ա. Սաքունցի առարկության վերաբերյալ Գ. Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ հարցումները հիմնավորող ապացույցներ չի պահանջել, իսկ, եթե այդ տվյալները կասկած են հարուցում, տուժող կողմը կարող է սեփական նախաձեռնությամբ դիմել «Արաբկիր» ԲԿ՝ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար: Բացի այդ, Գ. Հովհաննիսյանը նշեց նաև, որ «Արաբկիր» ԲԿ-ի մանկաբուժական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ա. Սարգսյանի կողմից տրվել է մասնագիտական կարծիք, ոչ թե՝ կազմվել եզրակացություն:
Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, գտավ, որ այն հիմնավոր է և պետք է բավարարվի՝ գործին կցելով Գ. Հովհաննիսյանի կողմից ներկայացված փաստաթղթերը:
Տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը նշեց, որ դատարանը օբյեկտիվ չի, կողմնակալ վերաբերմունք է դրսևորում, պատճառաբանելով, որ, երբ տուժող կողմը դատարան ներկայացրել էր Գ. Միսակյանի կողմից կատարված տեսագրությունը, դատարանը մերժել էր այն կցել գործին:
Նախագահող դատավոր Լ. Ավետիսյանն ի պատասխան նշեց, որ տվյալ տեսագրությունը գործով ապացույց չի կարող դիտվել, միջնորդության ներկայացման ժամանակ տուժող կողմը խնդրել է այն կցել գործին որպես ապացույց, մինչդեռ Գ. Հովհաննիսյանը դատարան ներկայացված միջնորդությամբ խնդրել է իր կողմից ներկայացված գրությունները որպես փաստաթուղթ կցել գործին:
Ա. Սաքունցը միջնորդություն ներկայացրեց, որով խնդրեց տվյալ տեսագրությունը կցել գործին՝ որպես փաստաթուղթ: Սույն գործով մեղադրող Դ. Կարապետյանը վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի այն դրույթն, ըստ որի փաստաթուղթ է թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառում, որով կարող են հաստատվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալները և խնդրեց բավարարել ներկայացված միջնորդությունը:
Պաշտպանական կողմը չառարկեց ներկայացված միջնորդության դեմ:
Դատարանը, քննարկելով Ա. Սաքունցի կողմից ներկայացված միջնորդությունը, որոշեց բավարարել այն, սակայն տեսագրությունն այդ պահին չէր կարող ներկայացվել դատարանին, այդ պատճառով հարցի քննարկումը հետաձգեց՝ մինչև տեսագրության ներկայացումը:
Այնուհետև, դատարանը սույն գործով դատաքննությունը հայտարարեց ավարտված և անցավ դատական վիճաբանությունների փուլին:
Գործով մեղադրող Դ. Կարապետյանը խնդրեց ողջամիտ ժամկետ տրամադրել ճառին պատրաստվելու համար, իսկ դատավարության մյուս կողմերը միացան միջնորդությանը:
Այդպիսով, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2015 թ. փետրվարի 24-ին, ժամը 10:30-ին: