Հայտարարություն արդար ընտրությունների նախապայմանների մասին
15:10, April 27, 2018 | Համատեղ, ՀայտարարություններԻնչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, որպես ստեղծված աննախադեպ քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծում, առաջարկել է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Այդ կապակցությամբ, Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ բազմիցս դիտորդական առաքելություն իրականացրած (այդ թվում՝ «Քաղաքացի դիտորդ» և «Անկախ դիտորդ» դաշինքների անդամ հանդիսացող) ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները, հաշվի առնելով իրենց՝ ընտրախախտումների դեմ նախկինում ունեցած պայքարի փորձը, հավատացած են, որ Հայաստանի ներկայիս գործադիր իշխանությունը, առավելևս՝ գործող իրավակարգավորումներով, չի կարող իրականացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրություններ։
Մասնավորապես համարում ենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ու դատական համակարգը նախկինում բազմիցս կոծկել են ընտրախախտումների դեպքերը (կամ ուղղակիորեն իրականացրել ընտրախախտումներ), և որևէ հիմք չունենք ենթադրելու, որ տասնամյակներ տևած այս գործելաոճը այժմ կփոխվի։
Ավելին՝ գործող գործադիր իշխանությունը նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ լայնածավալ կերպով չարաշահել է վարչական ռեսուրսը և հայաստանցիների աչքերում արժեզրկել ընտրությունների ինստիտուտը: Եվ մենք չենք տեսնում որևէ արժանահավատ փաստ, որը հիմք կտա ենթադրելու, որ գործող գործադիրը չի կրկնի նույն գործելաոճը:
Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են ժողովրդավարական լծակներն ու հավասար մրցակցությունը ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող գործադիր իշխանություն, գործընթացը օրենքի տառին համապատասխան կազմակերպող ԿԸՀ-ի կազմ, մրցակցային հեռարձակումն ապահովող ՀՌԱՀ-ի կազմ, ընտրախախտումների դեմ արդյունավետ պայքարող քրեական հետախուզման ու քննչական մարմինների ղեկավարներ, ինչպես նաև ընտրական վեճերը արդար կերպով լուծող անկախ դատարաններ:
Նշված նախապայմանները չապահովելու դեպքում դժվար է ակնկալել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից որակապես տարբերվող ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվի հանրային վստահությունը արտահայտող Ազգային ժողով:
Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի հելսինկյան կոմիտե