Ռիգայի վեհաժողովը ոչինչ չտվեց Հայաստանին, քանի որ ՀՀ-ն պատրաստ չէր ոչինչ վերցնելու. Արթուր Սաքունց
15:10, May 27, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՌիգայի վեհաժողովը ոչինչ չտվեց Հայաստանին, քանի որ Հայաստանը պատրաստ չէր ոչինչ վերցնելու: Ռիգայի գագաթնաժողովի արդյունքների մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է քաղաքացիական հասարակության ֆորումին ու ներկայացրել իր մոտեցումները՝ հատկապես այն մտահոգությունները, որոնք կապված են հասարակական-քաղաքացիական ինստիտուտների և քաղհասարակության հարցերի հետ:
«Մենք արձանագրեցինք մի իրավիճակ, ըստ որի՝ կարմիր թելով գնում էր այն կարծիքը, որ մեր գլխավոր մարտահրավերը Ռուսաստանի Դաշնությունն է՝ իր քաղաքականությամբ: Այսինքն` մինչև Եվրամիությունը Արևելյան գործընկերության տեսակետից չձևակերպի իր անելիքները Ռուսաստանի հետ կապված, մենք հաջողություն չենք արձանագրի»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով` այս անգամ բարձրացվեց նաև Հայաստանում քաղբանտարկյալների ազատման պահանջը:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության մոտեցմանը Հայաստան-ԵՄ հարաբերություններին, իրավապաշտպանը նշեց, որ ունկնդրելու պատարստակամություն միշտ էլ կա, բայց արդյոք իշխանությունները քաղաքացիական հասարակության մոտեցումները կարող են հիմք ընդունել:
«Առհասարակ կա սահմանափակում Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների զարգացման մեջ: Այդ սահմանափակումը Եվրասիական տնտեսական միությունն է, որի շուրջ է մեր իշխանությունը օրենսդրական բազա ստեղծում: Այդ հանգամանքը չի կարող համատեղվել ԵՄ-ի օրինակ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության տենդեցների հետ»,- ընդգծեց նա` նկատելով, որ Եվրամիությունը միշտ էլ բաց է եղել, այն փակ համակարգ չէ:
«Սխալ է այն կարծիքը, թե Հայաստանի իշխանությունների հրաշագործ աշխատանքների շնորհիվ է, որ Եվրամիությունը Հայաստանի առաջ բաց թողեց դռները: Հայաստանն է, որ իր դռները փակել է Եվրամիության առաջ: Բոլոր փորձերը՝ ներկայացնելու, թե Հայաստանի հրաշալի դիվանգիտության արդյունքն էր, իրականության հետ կապ չունեն»,- նշեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ www.news-book.am