ՀՀԿ-ն 17 տարի շարունակ կուլակաթափ է արել, հոշոտել է Հայաստանի բնակչությանը
10:08, May 27, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ապրիլյան չորսօրյա պատերազմը բացահայտեց, տեսանելի դարձրեց կոռուպցիայի ուղղակի ազդեցությունը երկրի անվտանգության վրա, որի մասին հանրային ընկալում չկար»,- այս մասին«Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ա. Սաքունցի կարծիքով՝ երկու կարևոր հարցերին լուծում տալուց հետո կարելի է վստահել, որ պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ. առաջինը՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի լուծարումն է, քանի որ, ըստ նրա, այն անպիտան է ստեղծված պայմաններում, և կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմնի ձևավորումը: Երկրորդը՝ Հանրային հեռուստաընկերությունը վերադարձնել հանրությանը. կոռուպցիայի դեմ պայքարի մասին պետք է խոսել ոչ թե սահմանափակ լսարան ունեցող ԶԼՄ-ներում, այլ ամենամեծ լսարան ունեցող Հանրային հեռուստատեսությամբ:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հնչում էին կոչեր, որ դղյակները վաճառվեն և գումարներն ուղղվեն բանակին, Հ. Աբրահամյանն այդ կոչերը որակեց որպես դավաճանություն: Սաքունցի դիտարկմամբ՝ այսպիսի արտահայտությունները վկայում են կոռուպցիայի դեմ իրական պայքարը խեղաթյուրելու և կեղծ օրակարգ առաջարկելու մասին: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը բացարձակ ցանկություն չունեն կոռուպցիայի դեմ պայքարելու:
«Մենք ոսում ենք արդարադատության իրականացման և պատասխանատվության ենթարկելու մասին: Ոչ մեկը չի խոսում կուլակաթափության մասին:
Կուլակաթափություն կատարել է ՀՀԿ-ն, 17 տարի գտնվելով իշխանության գլուխ, կուլակաթափ է արել ամբողջ Հայաստանի բնակչությանը: Այսինքն՝ խժռել է. մենք՝ ՀՀ քաղաքացիներս ունեինք հանրային ռեսուրսներ, որպես սեփականություն, որպես հնարավորություն, դա է կուլակաթափ արել ապօրինի ճանապարհով:
Մենք խոսում ենք պատասխանատվության մասին, առանց որի վստահություն չի կարող լինել պետական ինստիտուտների գործողությունների նկատմամբ»,- նշեց Ա. Սաքունցը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքը վստահության ձևավորումն է:
Արթուր Սաքունցի կարծիքով՝ միայն իշխանության հեռանալու դեպքում կարող ենք ապահովել մեր երկրի և անվտանգությունը, և վստահությունը պետության նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: