ՀՀԿ-ն իր ռեսուրսներով պետություն է պետության մեջ
11:53, July 27, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններNewsline.am-ի հետ զրույցում մեկնաբանելով սահմանադրական փոփոխություններում առաջարկվող Անվտանգության ապահովման և զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը վարչապետի և կառավարության վերահսկողությանը հասնձնելու մասին կետը` իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց.
«Պառլամենտական կառավարման երկրներում, իհարկե, գործադիր իշխանությունն է իրականացնում պաշտպանության ապահովումն ու զինված ուժերի հրամանատարությունը` վարչապետի կողմից` որպես գործադիր իշխանության ղեկավար. սա միանշանակ է: Պարզապես մեզ մոտ, զուտ իրավական կարգավորումների տեսանկյունից նայելով` այն, որ վարչապետը որպես ԶՈՒ գլխավոր հրամանատար հանդես է գալիս, բայց միաժամանակ ասվում է, որ արտակարգ և ռազմական իրավիճակներում վարչապետի անվստահության հարց չի կարող դրվել, սա մի փոքր մտահոգում է այն իմաստով, որ եթե պառլամենտական կառավարում է ու պառլամենտական վերահսկողություն է ենթադրվում, ապա նման պայմաններում, երբ ռազմական կամ արտակարգ իրավիճակում վարչապետի ինչ-ինչ գործողությունների հետ կապված կան հարցեր, ու չենք կարող անվստահոթւյուն հայտնել, ապա պառլամենտական վերահսկողությունն ինչպե՞ս պետք է կարգավորվի:
Մեր երկրի պարագայում ես կցանկանայի, որ խնդրին մեթոդապես ճիշտ մոտենայինք, որովհետև Սահմանադրությունը ոչ թե պարզապես իրավական փաստաթուղթ է, այլև` մի փաստաթուղթ, որն առավել քան անմիջականորեն կապված է մեր իրականության հետ: Այս տեսակետից խնդիրն այն է, որ մի կուսակցական համակարգի պարագայում Հանրապետական կուսակցությունը հանդես է գալիս դե ֆակտո կոմունիստական կուսակցության նման, և ֆինանսական, վարչական, մարդկային բավական լուրջ ռեսուրսներ ունեցող մի կառույց է, որը պետություն է պետության մեջ: Փաստ է, և այս պարագայում, պառլամենտականին անցման դեպքում ուղղակի մի կուսակցության կառավարում է լինում, որովհետև մնացած կուսակցությունները, ցավոք, այդքան ռեսուրսներ չունեն: Եվ ստացվում է, որ մենք բոլոր հարցերը պետք է բխեցնենք հենց այդ հանգամանքից:
Խորքային իմաստով մենք ունենում ենք ՀՀԿ-ի կողմից, դե ֆակտո կառավարման պարագայում, նաև` դե յուրե կառավարում: Դրա համար էլ քաղաքական դաշտի մի շարք խաղացողներ փորձում են հարմարվել այդ իրավիճակին` ՀՀԿ-ի շվաքի տակ»:
Ա. Սաքունցի խոսքերով` ռեսուրսների ու ֆինանսական ապահովվածության տեսակետից ՀՀԿ-ն ամենահարուստ կուսակցությունն է, որն ունի իր ներկայացուցչությունն ամբողջ ՀՀ տարածքով մեկ. «Այս կուսակցությունը պետք է վաղուց չլիներ քաղաքական ասպարեզում, քանի որ վերջին տարիներին, լինելով իշխանության մեջ, ձախողել է բոլոր բնագավառները: Եվ այս պարագայում, պառլամենտական համակարգին անցնելու պարագայում, արդեն անվտանգության խնդիրն է. հարցն այն չէ` վարչապետը կստանա լիազորություններ, թե` ոչ: Անունը փոխվում է, բայց բովանդակությունը նույնն է, և պետական լիազորությունները էլի նույն կուսակցության միջոցով են իրականացվելու»:
Աղբյուրը՝ Newsline.am